Blog

,

Խմորեղենի, Հացաբուլկեղենի արտադրություն, Արցախ – Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Նարինե Գրիգորյան

«Այն փաստը, որ ես կարողանում եմ երեխաներին ուրախացնել, ինձ շատ է երջանկացնում: Ես ուզում եմ շատ երեխաներ ծնվեն Արցախում»

Նարինե Գրիգորյանը և իր ընտանիքի անդամները Արցախի Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում խմորեղենի արտադրություն են հիմնել: Այստեղ արտադրվում է տարատեսակ խմորեղեն, հրուշակեղեն և քաղցրավենիք, որն այնուհետև վաճառվում է հանրապետության ամբողջ տարածքում: Խմորեղենի արտադրամասին կից գործում է նաև հացի փուռ, որը համայնքի բնակիչներին թարմ, համեղ հաց և լավաշ է մատակարարում:

Նարինեն իր հաջողությունը վերագրում է Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին. «Առանց Թրփանճեան ծրագրի աջակցության, ես չէի ունենա այսքան ձեռքբերում»,- նշում է նա:

Նարինեն մեծ ոգևորությամբ է հիշում, թե ինչպես առաջին անգամ հանդիպեց Թրփանճեան ծրագրի աշխատակիցներին: Այնպես էր ստացվել, որ նրանցից մեկը պատահմամբ իր ծանոթի տանը համտեսել էր Նարինեի պատրաստած խմորեղենը և շատ հավանել էր թե՛ համը և թե՛ բացառիկ տեսքը: Իմանալով, որ խմորեղեն պատրաստողը տնային պայմաններում փոքրածավալ մասնավոր պատվերներ էր կատարում՝ սարքավորումներ գնելու և արտադրությունն ընդլայնելու համար անհրաժեշտ միջոցներ  չունենալու պատճառով, որոշել էր հանդիպել Նարինեի հետ:

Նարինեն հիշում է, որ հանդիպման ժամանակ Թրփանճեան ծրագրի աշխատակիցների առաջին հարցը հետևյալն էր. «Խնդրում ենք, նկարագրեք Ձեր երազանքի արտադրամասը»: Նարինեն վաղուց էր երազում քաղցրավենիքի արտադրամաս ունենալ և չէր հավատում, որ իր երազանքն իրականություն էր դառնալու:

Ծրագրի դասընթացները հաջողությամբ ավարտելուց հետո, Նարինեն վարկ է ստանում: Թրփանճեան ծրագրի աջակցությամբ վերանորոգում է իր տան հարևանությամբ գտնվող տարածքը և մեկնում Երևան՝ անհրաժեշտ սառնարաններ և վառարաններ ձեռք բերելու համար:

Նարինեն իր երախտագիտությունն է հայտնում Թրփանճեան ծրագրին այն բոլոր ձեռնարկատիրական հմտությունների համար, որոնք նա ստացել է դասընթացների ժամանակ: Նա այժմ գիտի է, թե ինչպես է աշխատում շուկայական տնտեսությունը, գիտելիքներ է ձեռք բերել հարկային օրենսդրության, շուկա մուտք գործելու և մրցունակ մնալու մասին:

«Ես այնքան բան եմ սովորել Թրփանճեան ծրագրի դասընթացներին, որ շատ դժվար է նկարագրել մի քանի խոսքով: Ծրագրի դասընթացները հասկանալի և օգտակար են թե՛ փորձառու և թե՛ անփորձ ձեռնարկատերերի համար», -նշում է Նարինեն:

Նարինեն այսօր կիսում է իր գիտելիքն ու հմտությունները Թրփանճեան ծրագրի այլ շահառուների, ընկերների և բարեկամների հետ, ովքեր ցանկանում են բիզնես հիմնել: Նա հատկապես օգնում է բիզնես ծրագիր կազմելիս, ինչը շատ կարևոր է գործի հաջողության համար:

Արտադրամասի բացման օրվանից Նարինեի պատվերներից հանգիստ չունի. պատվիրատուները թե Ստեփանակերտից են և թե Արցախի այլ շրջաններից: Սկզբնական շրջանում Նարինեն Հադրութի մանրածախ առևտրի կետերում բարձրորակ խմորեղենի միակ մատակարարն էր: Այսօր արտադրողներ շատ կան շրջանում, սակայն բարձր որակի և ճիշտ ընտրված մարքեթինգային ռազմավարության շնորհիվ Նարինեի ձեռնարկությունը շարունակում է մրցունակ մնալ:

Հաջողությամբ ոգևորված՝ Նարինեն որոշում է խմորեղենի արտադրամասին կից բացել նաև հացի փուռ: Կրկին դիմում է Թրփանճեան ծրագրին և ֆինանսական աջակցությունը ստանալուց հետո ամուսնու հետ միասին բացում նաև հացաբուլկեղենի արտադրություն:

Նարինեն համագործակցում է շրջանի մի քանի խանութների հետ և իր փռում թխված թարմ, համեղ հացն ու լավաշը բաշխում է Հադրութի շրջանի առևտրի կետերին: Բացառիկ համով և ձևավորմամբ խմորեղենի անհատական պատվերներ է ստանում անգամ Ռուսաստանից:

Ներկայում Նարինեի ձեռնարկությունում երեք աշխատող է ներգրավված: Ու քանի որ հացաբուլկեղենի արտադրությունը ծաղկում է, Նարինեն պլանավորում է նաև երրորդ անգամ դիմել Թրփանճեան ծրագրին, որպեսզի ընդլայնի իր փուռը և աշխատանքի վերցնի համայնքի ևս մի քանի բնակչի:

Նարինեի բիզնեսը դրական մեծ ազդեցություն է ունեցել թե՛ իր ընտանիքի և թե՛ համայնքի կյանքի վրա: Ստացված շահույթով Նարինեն կարողացել է հիմնովին վերանորոգել իր տունը: Համայնքի միջոցառումների ժամանակ նա անվճար խմորեղեն և քաղցրավենիք է մատակարարում: Ժամանակ առ ժամանակ էլ՝ հրուշակեղեն է ուղարկում համայնքի մանկապարտեզի երեխաներին:

Ամենից շատ իր աշխատանքում Նարինեն սիրում է տորթ թխելը, հատկապես՝ երեխաների համար:

«Ես շատ եմ սիրում տորթ զարդարել. գեղեցիկ տորթերը երեխաներին ուրախություն են պարգևում: Ծնողներն ասում են, որ իրենց երեխաներն իմ թխած տորթերը շատ են սիրում: Այն, որ կարողանում եմ երեխաներին ուրախացնել, ինձ շատ է երջանկացնում: Ես ուզում եմ շատ երեխաներ ծնվեն Արցախում»,- խոստովանում է Նարինեն:

 Նարինեն կիսում է բիզնեսի հաջողության իր գաղտնիքները: Ըստ Նարինեի՝ բիզնեսի զարգացման համար պետք է լինել աշխատասեր, զգոն, աչալուրջ և հաջողակ:

«Ես աշխատանքի եմ գալիս առավոտյան ուղիղ ժամը 6-ին, և վերջինն եմ տուն գնում: Պետք է բիզնեսին շատ ուշադիր հետևել»,- նշեց Նարինեն:

Թրփանճեան ծրագրի ապագա դիմորդներին Նարինեն խորհուրդ է տալիս չվախենալ ռիսկի դիմել, հավատալ սեփական ուժերին, դիմել ծրագրին, ձեռք բերել գիտելիք, հմտություններ ու նաև՝ սովորել մյուս մասնակիցներից:

«Անգամ եթե կարծում ես, թե շատ բան գիտես, էլ ավելի շատ բան կա, որ չգիտես: Խելացի, հմուտ մարդկանց հետ շփումը միշտ գիտելիք և փորձ է տալիս: Դար ապրի՛ր, դար սովորի՛ր»,- ամփոփում է Նարինեն:

Նարինեն հույս ունի, որ ապագայում իր գործը կշարունակի իր որդին: Նա էլ, ասում է, կողքից կնայի և կուրախանա, որ իր ներդրած ջանքերն իզուր չեն եղել, իր հիմնած ձեռնարկությունը շարունակում է ապահովել իր ընտանիքի ապրուստը և ուրախացնել Արցախի երեխաներին: