Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Կարի արտադրամաս, Տավուշ – Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Անուշ Ծատուրյան 

«Երբեք հեշտ չէ, սակայն՝ երբեք էլ ուշ չէ. միայն թե, պետք է լինես աշխատասեր, համբերատար և լավատես»

1Անուշ Ծատուրյանն, ով այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործող կարի արտադրամասի հաջողակ սեփականատերն է, գործը սկսելիս խորհրդային արտադրության ընդամենը երկու հին կարի մեքենա ուներ: Չնայած սահմանամերձ քաղաքում ապրելու բոլոր դժվարություններին, ուր անգամ աշխատանք գտնելը կարելի է հաջողություն համարել, Անուշը չի հուսահատվել և որոշել է սեփական ձեռնարկությունը հիմնել: Տարիների աշխատանքի և նպատակասլացության շնորհիվ՝ Անուշն այսօր ունի այն, ինչով կարող է հպարտանալ. ծաղկող բիզնես, որը ոչ միայն շահութաբեր է, այլև Անուշին հնարավորություն է տալիս համայնքի զարգացման գործում սեփական ներդրումն ունենալու: Կարի արտադրամասը ոչ միայն թույլ է տալիս Անուշին զբաղվել սիրած գործով, այլև՝ բարեգործության միջոցով օգնել մյուսներին:

2012թ.-ին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Անուշ Ծատուրյանին շնորհել է Տավուշի մարզի կին բարեգործի կոչում: Այս մրցանակն անչափ կարևոր է Անուշի համար. Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շնորհիվ նա ներգրավվել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերում և դարձել մարզի առաջին բիզնես լեդին:

1Թրփանճեան ծրագրի մասին Անուշն իմացել է այն շրջանում, երբ համայնքում ասեղնագործ իրերի բարձր պահանջարկ կար:  Որոշել է դիմել ծրագրին՝ ասեղնագործական մեքենա ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար: Ծրագրի դասընթացները հաջողությամբ ավարտելուց հետո Անուշը ստացել է վարկ, որը թույլ է տվել նրան գնել ժամանակակից սարքավորումներ և կարի մեքենաներ: Արդյունքում՝ թե՛ կտրուկ ավելացել է արտադրանքի ծավալը և թե՛ բարձրացել է դրա որակը, ինչը թույլ է տվել ընդլայնել բիզնեսը, դիվերսիֆիկացնել արտադրանքը և ներկայացնել այն ավելի լայն շուկայում:

«Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Թրփանճեան ծրագիրը մեծ ներդրում ունի իմ բիզնեսի զարգացման գործում և ես անչափ շնորհակալ եմ ծրագրին դրա համար: Թրփանճեան ծրագրի աջակցության շնորհիվ այսօր, թշնամու կրակի տակ, մենք կարողացել ենք կարի արտադրամաս հիմնել և գործարկել այն: Ծրագրի գործունեությունը ազգային անվտանգության նշանակություն ունի Հայաստանի համար»,- նշում է Անուշը:

Անուշ Ծատուրյանի կարի արտադրամասը բազմազան տեսականի է ներկայացնում շուկայում՝ անկողնային սպիտակեղեն, զգեստներ, սփռոցներ, վարագույրներ, բեմական զգեստներ, պայուսակներ և այլն: Արտադրամասը զբաղեցնում է մի լուսավոր և մաքուր սենյակ ՝ բարձր պատուհաններով և ամենատարբեր գործվածքով, թել ու ասեղով լցված պահարաններով, իսկ պատերին կարելի է տեսնել արտադրանքի պատրաստի նմուշները: Գեղեցիկ համազգեստով երիտասարդ կանայք, նստած իրենց աշխատավայրում, ջանասիրաբար կար են անում:

2Վերջերս կարի արտադրամասի մասնաճյուղ է բացվել Տավուշի մարզի մեկ այլ քաղաքում՝ Այրումում:

Հաճախորդներին գոհացնելու ու նորերին գրավելու հարցին Անուշը ստեղծագործաբար է մոտենում:

«Երբ կին հաճախորդներից մեկն իր համար պատվիրված կիսաշրջազգեստը վերցնելու գալիս է երեխայի հետ, փոքրիկը մեզ մոտ միշտ նվերներ է ստանում»,- ասում է Անուշը:

Արտադրամասում կարվող գեղեցիկ վարագույրները, զգեստները, սփռոցները սպառվում են Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ինչպես նաև Ռուսաստանում, Վրաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երևանյան մի շարք խանութներ Անուշի մշտական գնորդներն են: Անուշի կարի արտադրամասում ստեղծված իրերը վաճառքի են ցուցադրված նաև «Վերնիսաժում», որտեղ Հայաստան եկած զբոսաշրջիկները հուշանվերներ են գնում: Երևանում կան նաև մի քանի մանկապարտեզներ, որոնք երկար տարիներ համագործակցում են Անուշի կարի արտադրամասի հետ:

Ներկայում Անուշն հետազոտում է շուկան և իրավական դաշտը՝ պարզելու, թե ինչպես կարող է օգտագործել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն  անդամակցությունը և արտահանել ձեռնարկության արտադրանքը Վրաստան և Ռուսաստան:

«Մեր հաջողությունը տեսնելիս մարդիկ կարծում են, թե այս ամենին հեշտությամբ ենք հասել: Բայց իրականում այդպես չէ: Ինքնս էլ որպես գործարար բոլորին խորհուրդ եմ տալիս երբեք չհուսահատվել: Երբեք հեշտ չէ, սակայն երբեք էլ ուշ չէ: Միայն թե՝ պետք է լինել աշխատասեր, համբերատար և լավատես»,- նշում է Անուշը:

3Անուշը շատ բարձր է գնահատում այն գիտելիքը և հմտությունները, որոնք ձեռք է բերել Թրփանճեան ծրագրի դասընթացները հաճախելով: Անուշի ասելով՝ դասընթացում սովորած ամենաօգտակար հմտությունը բիզնեսում ճկուն լինելն է: Դասընթացները շատ գործնական գիտելիք են տվել, որոնք նա այսօր էլ կիրառում է գործնականում:

«Ես նաև սովորել եմ բիզնեսը ճիշտ և պրոֆեսիոնալ կառավարել: Բիզնեսում պետք է կազմակերպված լինես: Պետք է լավ տիրապետես ընտրածդ ոլորտը, որպեսզի հաջողության հասնես: Ես միշտ հետևում եմ ժամանակակից միտումներին և նորարարություն եմ ներմուծում մեր արտադրական գործընթացներում»,- ասում է Անուշը:

Այժմ Անուշն իր ստացած գիտելիքները փոխանցում է երիտասարդ սերնդին: Թրփանճեան ծրագրի աջակցությամբ Անուշը համագործակցում է  Նոյեմբերյանի պետական քոլեջի, ինչպես նաև Զբաղվածության պետական ծառայության Նոյեմբերյանի մասնաճյուղի հետ և դասընթացներ է անցկացնում քոլեջի ուսանողների և Նոյեմբերյանի ու շրջակա գյուղերի գործազուրկ կանանց համար: Դասընթացների մասնակցիները ձեռք են բերում կարի արտադրամասում աշխատանքի հմտություններ, իսկ դասընթացի ավարտին Ծատուրյանը լավագույն ուսանողներին վերցնում է աշխատանքի: Վերջերս Անուշը հրավեր է ստացել նաև Ջավախքից՝ այնտեղ գործող նորաբաց կարի արտադրամասի աշխատողներին վերապատրաստելու համար:

Անուշը հպարտությամբ խոստովանում է, որ երբևէ չի դադարում սովորել և շարունակում է նոր բան քաղել ամեն օր թե՛ աշխատողներից, թե՛ ուսանողներից և թե՛ հաճախորդներից: Որոշումներն արտադրամասում ընդունվում են աշխատակիցների հետ խորհրդակցելով:

Ձեռնարկությունն ունի տասնութ աշխատող, որոնցից վեցն աշխատում են տանը: Թրփանճեան ծրագրի աջակցությամբ Անուշը կարի մեքենաներ է տրամադրել Տավուշի սահմանամերձ հինգ գյուղերի (Ոսկևանի, Բաղանիսի, Ջուջևանի, Այրումի և Լճկաձորի) վեց կանանց՝ տանից աշխատելու համար: Այսպես Անուշը և Թրփանճեան ծրագիրը հնարավորություն են տվել այս կանանց օգտագործելու իրենց կարողությունները և վաստակելու իրենց ապրուստը:

Anush Tsaturyan (3)Անուշը նաև ակտիվորեն համագործակցում է Թրփանճեան ծրագրի այլ շահառուների հետ: Հացի փռի սեփականատերը Անուշից համազգեստներ է գնում իր աշխատողների համար, իսկ Անուշը միջոցառումների համար անհրաժեշտ հացը գնում է հենց այդ հացի փռից:

«Վերջերս Թրփանճեան ծրագրի աջակցությամբ Այրումում երեխաների համար՝ «Մանչուկ» սրճարան է բացվել: Սեփականատերը ինձնից է պատվիրել ծաղրածուների համազգեստները: Դե, պարզ է՝ ես էլ իմ թոռնիկի ծնունդյան օրը կնշեմ այդ սրճարանում»,- խոստովանում է Անուշը:

Ծրագրի աջակցությամբ Անուշը մասնակցել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ նախաձեռնությունների, օրինակ՝ սահմանամերձ գյուղերի հղի կանանց համար նվերներ պատրաստելու միջոցառմանը:

Անուշը խոստովանում է, որ մարզի կին բարեգործի կոչումը ստանալուց հետո, նա ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ է հանձն առնում տարատեսակ բարեգործական գաղափարները: Այսպես՝ Նոյեմբերյանի մշակույթի տան պարի խմբի տասներկու և «Սպիտակ կարապ» պարի խմբի մի քանի այլ երեխաների բեմական զգեստներն անվճար է կարել:

Անուշը մեծ ոգևորությամբ պատմում է այն հազարավոր պատմություններից մեկը, երբ չի կարողացել անտարբեր մնալ ուրիշի խնդրի հանդեպ և փորձել է օգնել: Երբ սահմանամերձ Ոսկևան գյուղում մի կին միանգամից երեք որդի է ունեցել, Անուշը, որպես հայկական բանակում ծառայող զինվորի մայր և Հայաստանի պատասխանատու քաղաքացի, նորածին փոքրիկների և իրենց խիզախ մայրիկի համար որոշել է նվերներ պատրաստել ու իր աշխատակիցների հետ միասին երեխաներին անհրաժեշտ գեղեցիկ ասեղնագործած հագուստ ու վերմակներ է պատրաստել և մեկնել Ոսկևան:

«Ընտանիքի հուզմունքը տեսնելով՝ ինձ բացարձակ երջանիկ զգացի»,-ասում է Անուշը:

tavush-anush-1Ամենից շատ աշխատանքում Անուշը սիրում է իր հաճախորդի ժպիտը: «Հաճախորդի գոհունակությունն ամենամեծ երախտագիտությունն է աշխատանքիս համար»:

Անուշը Թրփանճեան ծրագրի ապագա դիմորդներին խորհուրդ է տալիս լինել պատասխանատու, կազմակերպված, համբերատար և ճշտապահ: «Եթե այս բոլոր հատկանիշներն ունենաք, անպայման հաջողության կհասնեք»,- նշում է Անուշը:

Անուշը նախատեսում է տասը տարի հետո իր ձեռնարկության արտադրանքը տեսնել միջազգային շուկայում: Իսկ մինչ այդ, նա իր կարի մեքենայի առջև է՝ ինչպես միշտ աշխատանքով կլանված:

«Կարի մեքենաներն ինձ համար կարծես մարդ լինեն: Շատ կկարոտեմ, եթե մի օր դադարեմ աշխատել»,- եզրափակում է Անուշը:

Անուշը խոստովանում է, որ արտագաղթող մարդկանց տեսնելիս շատ է տխրում և միշտ բոլորին ասում է, որ փորձելու դեպքում հայրենիքում էլ կարելի է աշխատանք գտնել: Կարիք չկա լքել երկիրը:

Անուշի հաջողությունը դրա լավագույն ապացույցն է:

TRDP Newsletter