Picture 600

«Եթե անգամ վատ տրամադրությամբ են գալիս աշխատանքի մեր աշխատողները, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի արտադրամասը լքեն ժպիտը դեմքերին»

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ) Հայասեր Գասպարյանին աջակցել է հացի և հրուշակեղենի արտադրամասն ընդլայնելու գործում: Տարատեսակ և բարձրորակ արտադրանքի շնորհիվ ձեռնարկությունը հայտնի է դարձել ամբողջ Արցախում: Բիզնեսը զգալի հաջողությամբ զարգացել է, ինչի արդյունքում Մարտունի համայնքում ստեղծվել է ավելի քան 20 աշխատատեղ:

Հայասերը ձեռնարկությունն անվանել է «Տնջրի», Մարտունու շրջանում աճող 2035 տարեկան հայտնի հսկա ծառի անունով, որը պատմության ընթացքում բազում ճանաչված մարդկանց ուխտավայրն է եղել: Ծառի՝ ավելի քան 100 մարդ տեղավորող փչակի ընդհանուր մակերեսը 44 քառակուսի մետր է: Գասպարյանի ձեռնարկության արտադրանքը վաճառվում է Արցախի և Երևանի մանրածախ խանութներում: Հայասերը հպարտ է, որ արտադրամասի շնորհիվ խթանում է տեղական արտադրությունը: Տեղական հումքի օգտագործումը նպաստում է արտադրանքի որակի և համային հատկությունների բարելավմանը:

Հայասերը գործը հիմնել է 1988թ.-ին, սակայն հետագայում՝ Ղարաբաղյան պատերազմի տարիներին, իր հայրենակիցների հետ միասին մեկնել է ճակատամարտ՝ հայրենիքը պաշտպանելու: Պատերազմի ավարտից հետո, Հայասերը, հստակ նպատակ ունենալով ապրել և արարել իր հայրենիքում, վերաբացել է ձեռնարկությունը և իր վճռականության շնորհիվ հասել է հաջողության:

IMG_2837Սակայն գործն ընդլայնելու, արտադրանքի ծավալն ավելացնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար գործարարն անհրաժեշտ միջոցներ չուներ: Հենց այդ ժամանակ նա իր ընկերներից իմացել է Թրփանճեան ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին և որոշել է դիմել:

Թեև Հայասերն արդեն ուներ ձեռնարկատիրության մի քանի տարիների փորձ, Թրփանճեան ծրագրի դասընթացներում նա ստացավ բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիք և հմտություններ: Դասընթացները նրան մասնավորապես տվեցին գնումների գործընթացների ստեղծման, դրամական հոսքերի վերահսկման, մարքեթինգային ռազմավարության ձևավորման և հաշվապահական հաշվառման հմտությունները: Գասպարյանը գործարկել է հաճախորդների կարծիքի ուսումնասիրման և դրան համապատասխան՝ արտադրանքի և ծառայությունների որակի բարելավման համակարգ: Հայասերն այլ հմտությունների թվում առանձնացնում է բիզնեսում ճկուն լինելու ունակությունը, որը ձեռք է բերել ԹԳՀԶԾ շնորհիվ:

«Նախկինում միայն մեկ մատակարարի հետ էի աշխատում: Ես սովորեցի աշխատել երկու և ավելի մատակարարների հետ, որպեսզի մատակարարների հետ կապված խնդիրները չխոչընդոտեն գործին»,- նշում է Հայասերը: Նա բարձր է գնահատում Թրփանճեան ծրագրի աշխատակիցների անկեղծ պատրաստակամությունն օգնելու և աջակցելու շահառուներին:IMG_2840

Հայասերն իր ձեռնարկությունը շատ հաջողակ է համարում, քանի որ տարիների ընթացքում այն ընդլայնվել է՝ մեծացել են արտադրանքի թե՛ ծավալը և թե՛ տեսականին: Նա միշտ փորձում է նորարարություններ ներդնել և բավարարել հաճախորդների պահանջները: Վերջերս արված նորարարություններից է արտադրանքի գեղեցիկ դիզայնը և փաթեթավորումը:

«Արտադրանքի դիզայնը և փաթեթավորումը, լրացնում են բարձր որակը, ինչը շատ կարևոր է: Հաճախորդը սկզբում տեսնում է արտադրանքը, և միայն դրանից հետո՝ համտեսում: Արտադրանքը պետք է աչքի ընկնի խանութում»,- ավելացնում է Հայասերը:

Հայասերի ձեռնարկությունը դրական մեծ ազդեցություն ունի համայնքի կյանքի վրա: Համայնքի 20 բնակիչ դրա շնորհիվ աշխատանք ունի: Հայասերը ոգևորում է իր աշխատակիցներին՝ աշխատավայրում ձևավորելով ջերմ և ընկերական միջավայր և կարիքի դեպքում միշտ պատրաստ է օգնել աշխատողներին թե՛ ֆինանսապես և թե՛ խորհրդով:

«Եթե անգամ վատ տրամադրությամբ են գալիս աշխատանքի մեր աշխատողները, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի արտադրամասը լքեն ժպիտը դեմքերին»,- նշում է Հայասերը:

Hayaser Gasparyan Հայասերն իր եկամտի մի մասը նվիրաբերել է համայնքում եկեղեցու կառուցմանը: Նա աջակցում է համայնքում տարբեր միջոցառումների կազմակերպմանը և օգնում կարիքավոր ընտանիքներին:

Վերջերս Հայասերը գինու արտադրություն է սկսել և մտադիր է ընդլայնել արտադրությունը՝ վարձել ևս տասը աշխատակից և դուրս գալ միջազգային շուկա: Գործարարը հույս ունի, որ ապագայում «Տնջրի» ապրանքանիշը մրցունակ կլինի թե՛ Հայաստանի և թե՛ այլ երկրների շուկաներում. հրուշակեղենը՝ Հայաստանի շուկայում, իսկ գինին՝ Եվրոպայի:

Հայասերն իր երախտագիտությունն է հայտնում Թրփանճեան ծրագրի աշխատակազմին՝ շարունակական աջակցության և օգտակար խորհուրդների համար, որոնք մեծապես նպաստում են իր բիզնեսի զարգացմանը: