Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Մանրածախ առևտրի կենտրոն, Շիրակ – Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Արմեն Տարզյան

Armen-111

«Պետք է հաճախորդներիդ հետ ազնիվ լինես: Նրանք ամենից շատ դա են գնահատում»

 Արմեն Տարզյանը, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում սննդի և կենցաղային իրերի՝ կոկիկ և գեղեցիկ ձևավորված մանրածախ կենտրոնի սեփականատերը, հաջողությամբ ավարտելով Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի դասընթացը, ծրագրի աջակցությամբ խանութն ընդլայնելու նպատակով ստացել է իր առաջին վարկը: Այնուհետև դիմել է իր երկրորդ բիզնես նախագիծն իրականացնելու համար, և, ստանալով երկրորդ վարկը, ընդլայնել է գործն ու այժմ իր խանութում առաջարկում է նաև բազմատեսակ կենցաղային պարագաներ: Խանութը բավարարում է ամբողջ համայնքի՝ սննդի և կենցաղային իրերի պահանջարկը:

Արմենը, ով նախկինում մի փոքրիկ խանութ ուներ, չէր կարողանում ընդլայնել իր բիզնեսը ձեռնարկատիրական, մարքեթինգային հմտությունների, ինչպես նաև ֆինանսական միջոցների պակասի պատճառով: Առաջին անգամ Թրփանճեան ծրագրի մասին լսել է տեղական հեռուստատեսությամբ: Ծրագրին դիմելուց և դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո, ստացել է ծրագրի ֆինանսական աջակցությունը՝ փոքրիկ խանութը սննդի լիարժեք սուպերմարկետի վերածելու համար: Արմենն, իր եղբոր հետ միասին, հիմնովին վերակառուցել է խանութը, սննդի ընդլայնված տեսականու համար նոր սառնարաններ և տաղավարներ գնել:

Արմենն իր երախտագիտությունն է հայտնում Թրփանճեան ծրագրին, քանի որ վստահ է՝ առանց ծրագրի օժանդակության չէր կարողանալու հիմնել իր բիզնեսը:

Armen-1«Թրփանճեան ծրագրի կողմից տրվող վարկի տարեկան տոկոսադրույքը այնքան ցածր է, որ այն նույնիսկ «վարկ» անվանելն է սխալ: Այն ավելի շատ նման է ընկերոջից պարտքով գումար վերցնելուն,-պարզաբանում է Արմենը,-Թրփանճեան ծրագրի կողմից տրված թե՛ ֆինանսական աջակցությունը և թե՛ գիտելիքը մեծապես օգնել են ինձ բիզնեսի զարգացման գործում»:

Արմենը խոստովանում է, որ չնայած սկզբում ծրագրին դիմելու հիմնական նպատակը ֆինանսական աջակցություն ստանալն էր, դասընթացը հաճախելիս հասկացել է, որ իր ստացած գիտելիքները և հմտություններն ավելի օգտակար են բիզնեսում, քան գումարը: Արդյունքում, Արմենն այժմ առևտուրն ավելի գրագետ է կազմակերպում, ինչն էլ նպաստում է բիզնեսի զարգացմանը: Արմենը ամենից շատ կարևորում է հարկային օրենսդրության, բիզնեսի և ֆինանսական կառավարման և մարքեթինգային ոլորտներում ստացած գիտելիքները, որոնք նա այսօր էլ կիրառում է գործնականում:

Աշխատանքի ընթացքում Արմենը բախվել է բազմաթիվ խոչընդոտների. ճանապարհը դեպի հաջողություն լի է եղել դժվարություններով, որոնք Արմենը պատվով է հաղթահարել: Համայնքում կա տասը մանրածախ խանութ, որոնցից մեկն Արմենի խանութի հարևանությամբ է: Մրցակցությունը մեծ է: Չնայած դրան, Արմենի աշխատասիրության և նպատակասլացության շնորհիվ՝ իր մանրածախ առևտրի կենտրոնը  մրցունակ է:

«Երբեք չի կարելի հանձնվել: Մարդը միշտ պետք է պայքարի իր հացը վաստակելու համար»,-հպարտորեն հավաստիացնում է Արմենը:

Արմենի մանրածախ խանութը միակն է համայնքում, որն աշխատում է մինչև կեսգիշեր: Խանութը գտնվում է Պեմզաշեն և Լեռնակերտ գյուղերը միմյանց կապող ճանապարհին և երկու համայնքից էլ հավատարիմ հաճախորդներ ունի:

Armen TarzyanԱրմենը հատուկ ռազմավարական քայլեր է կիրառում մրցակիցներից տարբերվելու համար: Արմենի խանութում առաջարկվում են մի շարք ապրանքատեսակներ և ծառայություններ, որոնք ամբողջ համայնքում կարելի է գտնել միայն այստեղ: Տոնական օրերին խանութում զեղչեր են գործում, իսկ հավատարիմ հաճախորդներին սպասում են հատուկ նվերներ: Եթե հաճախորդը մեքենա չունի գնված ապրանքը տուն տանելու համար, Արմենն ինքը՝ սեփական մեքենայով գնորդին անվճար հասցնում է  տեղ:

Արմենը կարծում է, որ խանութը դրականորեն է ազդել համայնքի կյանքի վրա, հատկապես այն պատճառով, որ դրանում ներկայացված ապրանքը շուկայականից ցածր գներով է առաջարկվում:

Արմենը չի ցանկանում մանրամասնել համայնքին օգնելու իր եղանակների մասին, միայն նշում է, որ օգնում է տեղի կարիքավոր ընտանիքներին:

Իր աշխատանքում ամենից շատ Արմենը սիրում է մարդկանց հետ շփումը: Նա երջանիկ է, երբ հաճախորդը բավարարված է լքում խանութը:

Տարզյանը կիսվում է նաև հաջող բիզնես ունենալու գաղտնիքներով. բարձրորակ արտադրանք, մատչելի գներ, գերազանց սպասարկում և ամենակարևորը՝ ազնվություն:

«Պետք է հաճախորդներիդ հետ ազնիվ լինես: Նրանք ամենից շատ դա են գնահատում»,-ավելացնում է Արմենը:

 Հաջողությամբ ոգևորված ձեռնարկատերը պլանավորում է կառուցել խանութի երկրորդ հարկը և ընդլայնել բիզնեսը:

 

TRDP Newsletter