Blog

, ,

Պանրի արտադրություն, Ջավախք – Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Սամվել Դարբինյան

«Հաջողության հիմնական գրավականը մարդկանց վստահությունն է»

Սամվել Դարբինյանի գործարանում արտադրած պանիրն իր բացառիկ համով և որակով ճանաչված է թե Ուչմանա համայնքում (Նինոծմինդա, Ջավախք, Վրաստան) և թե Թբիլիսիում: Սամվելի ձեռնարկությունը տարբերվում է տարածաշրջանի մյուս նմանատիպ արտադրամասերից բացառիկ որակի պանրով, որն արտադրվում է մաքուր, սանիտարահիգիենիկ օրինակելի պայմաններում, ժամանակակից սարքավորումների կիրառմամբ:

Սամվել Դարբինյանը Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի մասին իմացել է մի ծանոթից: Սամվելը խոստովանում է, որ չնայած այդ պահին նա արդեն ուներ գործարարության ինը տարվա փորձ, որոշել է դիմել ծրագրին՝ առաջարկվող դասընթացների համար, քանի որ նպատակ է ունեցել ստանալու այն գիտելիքն ու հմտությունները, որ այդ դասընթացներն առաջարկում են մասնակիցներին:

Սամվելը շատ բարձր է գնահատում մտավոր զարգացման նշանակությունը: Թրփանճեան ծրագրի դասընթացները շատ լավ հնարավորություն էին Սամվելի համար գործարարական միտքը վարժելու և բիզնեսի կառավարման ոլորտում նոր գիտելիք ձեռք բերելու համար:

Սամվելը կարևորում է հատկապես հաշվապահական, ֆինանսական կառավարման և մարքեթինգի ոլորտում ձեռք բերած գիտելիքը: Այժմ Սամվելն իր գիտելիքը կիսում է համայնքի մյուս ձեռնարակատերերի հետ և օգնում նրանց խորհրդով: Նա նաև կապ է պահպանում Թրփանճեան ծրագրի այլ շահառուների հետ, հաճախում է նրանց ձեռնարկությունների բացման միջոցառումներին և անհրաժեշտության դեպքում՝ խորհուրդ տալիս:

Սամվելի ուղին դեպի հաջողություն հեշտ չի եղել: Նա իր երախտիքն է հայտնում Թրփանճեան ծրագրին թե՛ ֆինանսական և թե՛ կրթական աջակցության համար:

«Մինչ օրս էլ Թրփանճեան ծրագրի դասընթացներում ստացած խորհուրդներն օգնում են ինձ: Անչափ շնորհակալ եմ ծրագրին դրա համար»,– ասում է Սամվելը:

Մինչև գործ հիմնելը Սամվելը տարիներ շարունակ արտասահման էր մեկնում աշխատելու: Սակայն մի քանի տարի անց, նա գալիս է այն եզրակացությանը, որ պետք է մշտական բնակություն հաստատի իր հայրենի գյուղում՝ Ուչմանայում և շուտով իր ընտանիքի անդամների հետ միասին հիմնում է պանրի արտադրություն:

«Նույնիսկ իմ հինգ-վեց տարեկան երեխաներն ունեին իրենց պարտականությունները և օգնում էին ինձ»,-պատմում է Սամվելը:

Սկզբնական շրջանում արտադրությունը կազմակերպվում էր տանը, սակայն աստիճանաբար բիզնեսը զարգացել է և ծաղկել: Սամվել Դարբինյանն այսօր իր բիզնեսը շատ հաջողակ է համարում՝ նշելով, որ հաջողությունը պատահական չի լինում, այն պետք է վաստակել:

«Իմ ձեռքբերումներն աշխատասիրության, ամեն ինչ ճիշտ և պրոֆեսիոնալ կազմակերպելու արդյունք են: Իմ հաջողության գլխավոր գրավականը մարդկանց վստահությունն է», -ընդգծում է Սամվելը:

Սամվելը մշտապես հետևում է իր գործունեության ոլորտում առկա միտումներին և փորձում է նորարարական տեխնոլոգիաներ օգտագործել պանրի որակը բարձրացնելու համար: Նա անընդհատ նոր շուկաներ և հնարավորություններ է փնտրում: Այս ամենի արդյունքն այն է, որ Սամվել Դարբինյանի պանրի արտադրությունը համարվում է համայնքի ամենահաջողակ ձեռնարկատիրական նախաձեռնություններից մեկը:

Բոլորովին վերջերս Վրաստանի գյուղատնտեսության նախարարը այցելել է Ջավախք՝ հաջողակ ձեռնարկատերերին հանդիպելու համար: Նրանց թվում է եղել նաև Սամվել Դարբինյանը: Հանդիպման ժամանակ Սամվելը ներկայացրել է ձեռնարկատերերի ձեռքբերումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց նրանք բախվում են:

Որպես տարածաշրջանի զարգացման մեջ հետաքրքրված հաջողակ գործարար Սամվելը գրավել է հանդիպմանը ներկա գործարարների ուշադրությունը: Իսկ հանդիպումից կարճ ժամանակ անց Սամվելը համագործակցության առաջարկ է ստացել Թբիլիսիում գործող սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկից: Ներկայում, Սամվելը պատրաստվում է իր արտադրանքն իրացնել այդ ցանցի երեսուն սուպերմարկետներում:

Լինելով հաջողակ գործարար՝ Սամվել Դարբինյանը շատ լավ է հասկանում համայնքի նկատմամբ իր քաղաքացիական պատասխանատվությունը: Նրա ձեռնարկությունում աշխատում է համայնքի տասներեք բնակիչ, իսկ արտադրության համար անհրաժեշտ կաթը գնվում է բացառապես համայնքի գյուղացիներից: Սամվելի բիզնեսի զարգացմանը զուգահեռ ավելանում է նաև գյուղի անասնապահների թիվը, քանի որ պանրի արտադրության շնորհիվ հնարավորություն է ստեղծվել վաճառել ստացվող կաթը և վաստակել իրենց ապրուստը:

Սամվելը ժպտալով նկատում է. «Երբ իմ բիզնեսը զարգանում է, մեր համայնքի գյուղացիները նույնիսկ ավելի են ուրախանում, քան ես»:

Սամվելը չի ցանկանում խոսել համայնքում իր կատարած բարեգործության մասին. «Ես գլուխ գովել չեմ սիրում»,- ասում է գործարարը:

Սակայն պարզվեց, որ Սամվելն անձնական միջոցներով վերանորոգել է Ուչմանայի գյուղական փողոցները և փողոցային լուսավորություն տեղադրել:

«Կուզեի ավելին անել», – ավելացնում է նա:

Սամվելը համարում է, որ իր բիզնեսում ամենակարևորը մաքուր, գեղեցիկ արտադրամաս ունենալն է, ինչը թույլ է տալիս մարդկանց ապահովել բարձրորակ ապրանքով:

Սամվելը Թրփանճեան ծրագրի ապագա դիմորդներին խորհուրդ է տալիս. «Եթե ցանկանում եք հաջողակ բիզնես ունենալ, պետք է շատ աշխատեք, ինքներդ վստահեք ձեր գործին և վաստակեք ձեր հաճախորդների վստահությունը»:

Հաջողությամբ ոգևորված՝ Սամվելը մտածում է բիզնեսն ընդլայնելու մասին՝ սկսել արտահանել արտադրանքը: Իսկ ապագայում իր գործարանում արտադրված պանիրը տեսնում է միջազգային շուկայում: