Blog

,

Սանիտարական թղթի արտադրություն, Շիրակ -Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Իշխան Հարությունյան

«Եթե հավատաս ուժերիդ, անպայման կհասնես հաջողության»

Թրփանճեան գյուղական համայնքերի զարգացման ծրագրի օգնությամբ Իշխան Հարությունյանն ընդլայնել է վերամշակված թղթից սանիտարական (զուգարանի) թղթի իր հիմնած արտադրությունը, որը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում: Ընդլայնման արդյունքում նա եռապատկել է արտադրանքի ծավալը և այժմ սանիտարական թուղթ է մատակարարում Շիրակի մարզի տարածքում գործող հիսուն սուպերմարկետների և խանութների: Հաճախորդներ կան նաև Երևանից:

Իշխանը, Ռուսաստանում որոշ ժամանակ աշխատելուց հետո, հասկացել է, որ չի կարող ապրել հայրենիքից հեռու և վերադարձել է: Որոշելով ապրել և աշխատել Հայաստանում՝ Իշխանը 1998թ.-ին սանիտարական թղթի արտադրություն է հիմնել: Սկզբում արտադրանքը սպառվում էր միայն համայնքում: Հետագայում, չկարողանալով բավարարել առկա պահանջարկը, Իշխանը որոշում է ընդլայնել իր բիզնեսը: Սակայն, դրա համար անհրաժեշտ միջոցները չկային: Հենց այդ ժամանակ էլ Իշխանը լսում է Թրփանճեան ծրագրի մասին և որոշում դիմել՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար:

2010 թ.-ին Թրփանճեան ծրագրի դասընթացն ավարտելուց հետո, նա ստանում է վարկ և գնում անհրաժեշտ սարքավորումները՝ սանիտարական թղթի արտադրությունն ընդլայնելու համար: Նախկինում ձեռնարկությունն ամսական արտադրել է 8000-ից 10000 գլան թուղթ: Վարկը ստանալուց հետո արտադրությունը կտրուկ աճել է՝ հասնելով ամսական 35000-ից 40000 գլանի: Առաջին վարկը մարելուց հետո Իշխանը կրկին դիմում է ծրագիր և, ստանալով անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը, ձեռք բերում արտադրանքի բաշխումը կազմակերպելու համար նախատեսված մեքենա:

Իշխանը նշում է, որ Թրփանճեան ծրագրի դասընթացներում ամենաօգտակարն իր համար եղել են հաշվապահական, մարքեթինգային և հաշվառման գիտելիքները: Մարքեթինգի ոլորտում ձեռք բերված գիտելիքներն օգնել են Իշխանին ընդլայնել շուկան և նոր հաճախորդներ գրավել:

«Ինձ թվում էր՝ եթե ես բիզնեսի կառավարման փորձ ունեմ, ուրեմն ես ամեն ինչ գիտեմ մարքեթինգի մասին: Բայց այդպես չէ: Երբ սկսում ես սովորել, հասկանում ես, որ ոլորտը շատ ծավալուն է. դրանում թե՛ փիլիսոփայություն կա և թե՛ բոլորովին նոր գործնական գիտելիք»,- նշում է Իշխանը:

Իշխանն ավելացնում է, որ չնայած մասնագիտությամբ մանկավարժ է, գործարարությունը վաղուց արդեն դարձել է իր երկրորդ մասնագիտությունը: Ձեռնարկությունն Իշխանին հնարավորություն է տալիս թե՛ ապահովելու իր ընտանիքի ապրուստը և թե՛ խթանելու տեղական արտադրանքը:

Իշխանը մշտապես հետևում է սանիտարական թղթի արտադրության ոլորտի զարգացումներին և իր բիզնեսում փորձում է կիրառել նորարարական տեխնոլոգիաներ՝ արտադրանքի որակը բարձրացնելու, հաճախորդների կարիքները հոգալու և շուկայում մրցունակ լինելու համար:

Իշխանի արտադրամասը երկու աշխատատեղ է ապահովում Հառիճի բնակիչների համար: Սանիտարական թղթի արտադրությունը համայնքում գործող քիչ թվով ձեռնարկություններից է: Շահույթի մի մասն Իշխանը հատկացնում է համայնքի ոռոգման խողովակների վերանորոգման և կառուցման համար:

Իշխան Հարությունյանը ամենից շատ իր աշխատանքում սիրում է կառավարելու և կազմակերպելու գործը: Բավարարված և անչափ երջանիկ է զգում գիտակցումից, որ նրա ձեռնարկությունն աշխատելու հնարավորություն է ստեղծում տեղացիների համար:

«Ինձ համար մեր արտադրանքը կամաց-կամաց մեծացող երեխայի նման է: Երբ տաժանակիր աշխատանքի և մեծ ջանքեր ներդնելու արդյունքում մենք բարձրորակ ապրանք ենք ստանում, որը պահանջարկ ունի, ես ինձ բավարարված եմ զգում»,-ավելացնում է Իշխանը:

Ըստ Իշխանի` նրա հաջողության գաղտնիքը աշխատասիրությունն է, ոլորտի նրբություններն իմանալը և ձեռնարկատիրական հատկանիշները:

Իշխանը շնորհակալություն է հայտնում Թրփանճեան ծրագրին տարիներ շարունակ տրամադրվող աջակցության համար: «Թրփանճեան ծրագիրն աննախադեպ, յուրահատուկ նախաձեռնություն է Հայաստանում, որն իրական փոփոխություն է բերում»,-հավելում է Իշխանը:

Իշխանը, ոգևորված իր հաջողությամբ, պլանավորում է արդեն երրորդ անգամ դիմել ծրագրին՝ իր բիզնեսը ընդլայնելու և արտադրանքի որակը բարձրացնելու համար: