Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Նոր բիզնես ծրագրեր կիրագործվեն և աշխատատեղեր կստեղծվեն Արցախում

100_6488Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Ստեփանակերտի գրասենյակում տեղի ունեցավ թվով արդեն 24-րդ ձեռնարկատիրական դասընթացի 12 բիզնես ծրագրերի ներկայացումը: Ծրագրի շահառուները դասընթացի ընթացքում մասնագետների օգնությամբ պատրաստել են իրենց բիզնես ծրագրերը և մեծ ոգևորությամբ ներկայացնում էին դրանք ծրագրի ժյուրիին, որը ներառում է բիզնես և վարկային մասնագետներ ծրագրի գործընկեր տարբեր բանկերից: Շահառուների կողմից ներկայացվել են տարատեսակ բիզնես գաղափարներ, այդ թվում ՝ ջերմոց, չրի արտադրություն, կահույքի արտադրություն, մեղվաբուծություն, թռչնաբուծություն, ատամնաբուժություն և այլն: Բիզնես ծրագրերի հաստատման դեպքում շահառուները կստանան ֆինանսական աջակցություն բիզնես վարկի տեսքով, տարեկան ընդամենը 6% տոկոսադրույքով, կհիմնեն իրենց բիզնեսները իրենց իսկ համայնքներում, իսկ ծրագրի մասնագետները շարունակապես կաջակցեն շահառուներին իրենց խորհրդատվություններով:

Ծրագրի շահառուները Արցախի տարբեր շրջաններից և գյուղական համայնքներից են, որտեղ էլ հաջողության հասնելու դեպքում կկարողանան աշխատատեղեր ստեղծել իրենց իսկ համագյուղացիների համար:

100_6472«Դասընթացները ինձ վրա մեծ տպավորություն գործեցին: Դասընթացների շնորհիվ այժմ ես կարող եմ ավելի հմուտ վարել հաշվապահական հաշվակները, հասկացա, որ բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է ամեն ինչ ճիշտ հաշվարկել: Նաև շատ կարևոր եմ համարում սպասարկման որակի բարձրացումը», – նշեց շահառունեից մեկը, ով դիմել է ծրագրին Մարտունու շրջանի, Մարտունի քաղաքում գտնվող  իր ատամնաբուժական բիզնեսը ընդլայնելու և նոր ծառայություններ մատուցելու նպատակով:

«Ի շնորհիվ դասընթացների՝ մենք ծանոթացանք մարքեթինգի տեսությանը, հարկային դաշտին, սովորեցինք ինքնուրույն կազմել մեր բիզնես ծրագրերը: Այս գիտելիքները մեզ պետք կգան թե՛ սեփական բիզնեսը կառավարելիս, և թե՛ առօրյա կյանքում»,-նշեց մեկ այլ շահառու, ով, ունենալով սեփական մրգատու այգին, որոշել է իր այգուց հավաքած բերքը օգտագործել արդյունավետ նպատակով և հիմնել իր չրի արտադության բիզնեսը իր հայրենի Միջնավան քաղաքում, Քաշաթաղի շրջան:

Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը իր մարզային գրասենյակներում (Ստեփանակերտ, Գյումրի, Իջևան, Եղեգնաձոր, Նինոծմինդա):

TRDP Newsletter