Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Հանգստի գոտի, Արցախ, Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Վահիկ Գրիգորյան

IMG_3127 Արցախի Ասկերան շրջանի Աստղաշեն գյուղի բնակիչ, ձեռնարկատեր Վահիկ Գրիգորյանը, իմանալով Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին, որոշում է դիմել ծրագրին և իր բիզնեսը հիմնել  իր հայրենի Աստղաշեն համայնքում: Պրն. Գրիգորյանը ծրագրին դիմելիս արդեն իսկ 15 տարվա փորձ ուներ ձեռնարկատիրության ոլորտում, սակայն բիզնես կրթություն երբևէ չէր ստացել և որևէ դասընթացների չէր մասնակցել: Հաջողությամբ ավարտելով ծրագրի ձեռնարկատիրական դասընթացները և ներկայացնելով հանգստի գոտի հիմնելու իր բիզնես ծրագիրը` պրն. Գրիգորյանը ստանում է ծրագրի կողմից տրվող ֆինանսական աջակցությունը և հիմնում իր բիզնեսը: Պրն. Գրիգորյանը խոստովանում է, որ ձեռնարկատիրական դասընթացների արդյունքում նա շատ գիտելիք և հմտություններ ձեռք բերեց, ինչն օգնեց ավելի մասնագիտորեն մոտենալ իր բոլոր գաղափարներին: IMG_3128Դասընթացները օգնեցին պրն. Գրիգորյանին պլանավորել և հաջողությամբ ի կատար ածել իր բիզնես ծրագիրը և կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությունը. հասկանալ՝ ինչպես գրագետ վարել բիզնեսը, ինչ ներդրումներ անել, և երբ սպասել օգուտներին: Պրն. Գրիգորյանը երկու անգամ է դիմել Թրփանճեան ծրագրին և երկու բիզնես վարկ ստացել` առաջինը հանգստի գոտի հիմնելու, իսկ երկրորդը ձկնաբուծության բիզնես սկսելու համար:

IMG_0912Մինչ ծրագրին դիմելը պրն. Գրիգորյանը բիզնեսը վարելիս անհրաժեշտ ուշադրություն չէր դարձնում մարքեթինգին և ծառայությունների մատուցման որակին, սակայն դասընթացների արդյունքում նա հասկացավ, որ շուկայում մրցունակ լինելու համար պետք է մատուցել բարձորակ ծառայություններ և մշտապես մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն ծառայությունները ավելի գրավիչ դարձնելու համար:

Պրն. Գրիգորյանը նշում է. «Ես իմ բիզնեսում շատ հաջողությունների եմ հասել և անչափ երախտապարտ եմ Թրփանճեան ծրագրին ինձ աջակցելու համար»:

Ձեռնարկատերը նշեց նաև, որ իր բիզնեսը հիմնադրումից ի վեր միշտ զարգացել և ընդլայնվել է՝ տարեցտարի ավելացնելով ծառայությունները և հաճախորդների քանակը: Այս գործընթացում բացառություն է կազմել 2016թ.-ը, երբ այցելուների քանակը նվազել է: IMG_3129Այս փաստը պրն. Գրիգորյանը բացատրում է ապրիլ-մայիս ամիսներին Արցախում տիրող պատերազմական վիճակով: Իր հաջողության գրավականներից մեկն էլ, ըստ պրն. Գրիգորյանի, այն է, որ տարածաշրջան այցելուները նախընտրում են իր հանգստի գոտուց օգտվել, չնայած, որ շրջանում ևս մի քանի հանգստի գոտիներ կան: Աստղաշենի հանգստի գոտու այցելուները հիմնականում Հայաստանի տարբեր շրջաններից, Լեռնային Ղարաբաղից են, փոքր թվով այցելուներ լինում են նաև արտերկրից: Վահիկ Գրիգորյանի հանգստի գոտին մյուսներից տարբերվում է նրանով, որ իր և հյուրերի միջև փոխվստահության մթնոլորտ է ստեղծում. այն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին և ունի ճկուն գնային համակարգ:

IMG_3137Ձեռնարկատերը ցանկանում է ընդլայնել իր բիզնեսը և բիզնեսին կից հիմնել հարսանյաց սրահ և քոթեջներ, որպեսզի կարողանա աշխատել նաև աշնանը և ձմռանը:

Պրն. Գրիգորյանը, գիտակցելով հասարակության առջև իր պատասխանատվությունը ժամանակ առ ժամանակ մասնակցում է բարեգործական միջոցառումների: Իր բիզնեսի եկամուտներից պրն. Գրիգորյանը նվիրաբերել է գյուղում պատերազմի հերոսների հիշատակին կառուցվող հուշարձանի համար: Նա նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում պատերազմի  զոհերի ընտանիքներին:

Ըստ պրն. Գրիգորյանի՝ իր բիզնեսը հետագայում ավելի զգալի ազդեցություն է ունենալու շրջանի և համայնքի զարգացման գործում:

TRDP Newsletter