Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Ավտոլվացման կետ, Շիրակ, Թրփանճեան ծրագրի շահառու Վահագն Թորոսյան

IMG_2169Վահագն Թորոսյանը իմացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի մասին շատ տարիներ առաջ, քանի որ ավտոլվացման կետը առաջին բիզնեսը չէ Վահագնի ընտանիքում, որը ֆինանսավորվել է ծրագրի կողմից: Վահագնի մայրը առաջին անգամ ծրագրին դիմել է ընտանեկան բիզնեսը՝ իրենց խանութը, ընդլայնելու համար, որի արդյունքում իրենց մթերային խանութը ընդլայնվել է և իր տեսականուն ավելացրել կենցաղային իրեր:

Վահագնը որոշել է ինքն էլ մասնակցել ծրագրին, քանի որ նա արդեն գիտեր, որ Թրփանճեան ծրագիրը ավելին է տալիս, քան միայն ֆինանսական աջակցությունը: Մինչ ծրագրին դիմելը նա արդեն գիտեր, որ ցանկանում է ավտոլվացման կետ հիմնել իր հայրենի Նոր Կյանք համայնքում, սակայն ծրագրի դասընթացները նրան մեծապես օգնեցին վերանայել և շատ բան փոխել իր սկզբնական բիզնես գաղափարում: Նա ավտոլվացման ոլորտում փորձ չուներ, սակայն վստահ էր, որ իր բիզնես գաղափարը հաջողելու է:

Թրփանճեան ծրագրի շրջանակներում Վահագնը նոր հմտություններ ձեռք բերեց մարքեթինգի, ֆինանսական կառավարման և ընդհանուր բիզնես ոլորտում: Նա սովորեց, թե ինչպես պետք է ինքնուրույն ներկայացնել բիզնես գաղափարները, նա հասկացավ, թե ինչպես են հարկվում տարբեր տեսակի բիզնեսները, և թե ինչ հարկային համակարգի է պատկանելու իր բիզնեսը: Դասընթացները օգնեցին Վահագնին հասկանալ մարքեթինգային ռազմավարության կարևորությունը և վերջապես ինչպես տարբերակել եկամուտը և շահույթը: Վահագնը դասընթացների արդյունքում կարողացավ գնահատել իր բիզնես գաղափարի թույլ և ուժեղ կողմերը:IMG_2212

Ամենից շատ դասընթացներում Վահագնին դուր է եկել ստեղծված միջավայրը և աշխատակազմի բարեհամբյուր և անհատական վերաբերմունքը յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ: Այժմ նա գիտի, որ ծրագրի դասընթացները օգնում են ավելի վստահ լինել բիզնես հիմնելու հարցում և չվախենալ դժվարություններից: Նա նշեց, որ եթե որևէ մեկը իր օգնության և խորհրդատվությունների կարիքն ունենա բիզնես կառավարման ոլորտում, նա պատրաստ է օգնել:

Վահագնը ձեռք է բերել իր ավտոլվացման կետի շինությունը 2014թ.-ին, իսկ 2015թ.-ին մասնակցել է Թրփանճեան ծրագրի դասընթացներին և արդեն իսկ սկսել շինության վերակառուցումը: 2016թ.-ին Վահագնը բացեց իր բիզնեսը: Բիզնեսը մյուս ավտոլվացման կետերից տարբերվում է նրանով, որ շատ մոտ է ճանապարհին, և որ վարորդները ինքնուրույն կարող են լվանալ իրենց մեքենան: Վահագնը նաև մարքեթինգային ռազմավարություն է մշակել հաճախորդներին ներգրավելու համար. Նոր Կյանք համայնքի ավտոլվացման կետում գները համեմատաբար ցածր են, իսկ ծառայությունների որակը շատ բարձր:

Վահագնը կարծում է, որ իր բիզնեսը հաջողակ է, քանի որ իր բոլոր սպասումները ի կատար են ածվել. «Ես ինձ հաջողակ եմ համարում, քանի որ ունեմ հաջողված բիզնես»,- նշում է ձեռնարկատերը:

IMG_0936Ներկայումս Վահագնը շատ հավատարիմ հաճախորդներ ունի, ովքեր մշտապես օգտվում են իր բիզնեսի ծառայություններից, այդ թվում Նոր Կյանք համայնքի գրեթե բոլոր բնակիչները, ինչպես նաև Արթիկ-Գյումրի մայրուղով ճանապարհորդող վարորդները:

Վահագնը խոստովանում է. «Յուրաքանչյուր քայլն ինձ համար մի մեծ մարտահրավեր էր՝ թե՛ էլեկտարականության ապահովումը, թե՛ ջրի մատակարարումը…Թրփանճեան ծրագրի անձնակազմի նվիրվածության և աջակցության շնորհիվ՝ ես բավականին ուժ գտա հաղթահարելու բոլոր մարտահրավերները»:

Ավտոլվացման բիզնեսը դրական ազդեցություն է ունեցել Նոր Կյանք համայնքի վրա: Քանի որ համայնքում ուրիշ ավտոլվացման կետ չկա, բնակիչները ստիպված էին հասնել քաղաք ծառայությունից օգտվելու համար, իսկ այժմ այդ ծառայությունը իրենց հասանելի է տեղում:

Վահագնը շատ է հպարտանում իր բիզնեսով և ձեռքբերումներով, քանի որ այցելուները մշտապես գոհ են լինում իր ծառայություններից: Նա առանձնացնում է իր բիզնեսի հաջողության երեք հիմնական գաղտնիքները՝ բարձր որակ ցածր գներով, ճիշտ ֆինանսական պլանավորում և նվիրվածություն աշխատանքին:IMG_0944

Վահագնը խորհուրդ է տալիս ծրագրի դիմորդներին չվախենալ իրենց բիզնես գաղափարը իրականացնելուց և անպայման դիմել ծրագրին, քանի որ, ինչպես նշում է ձեռնարկատերը. «Առանց Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցության և օգնության, ես շատ դժվարություններ կունենաի: Ծրագիրը ոչ միայն ինձ ցածր տոկոսագումարով բիզնես վարկ տրամադրեց, այլև աջակցեց բիզնեսի հիմնադրման բոլոր փուլերի ընթացքում»:

Հինգ տարի հետո ձեռնարկատերը իր բիզնեսը տեսնում է ընդլայնված և ավելի զարգացած վիճակում՝ երկու և ավելի ավտոլվացման սարքավորումներով համալրված:

 

TRDP Newsletter