Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին

Ձեռնարկատիրական 26-րդ դասընթացը Արցախում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) Ստեփանակերտի գրասենյակում տեղի ունեցած ձեռնարկատիրական 26-րդ դասընթացին այս անգամ մասնակցեցին 17 ապագա  ձեռներեց: Դիմորդները ստացան բիզնես գործունեության հիմունքների, մարքետինգի, ՀՀ հարկային համակարգի մասին անհրաժեշտ գիտելիքներ՝ իրենց բիզնես ծրագրերը կազմելու և հետագայում կյանքի կոչելու նպատակով:

Ծրագրի դիմորդների կողմից ներկայացվեցին այնպիսի բիզնես գաղափարներ, ինչպիսիք են  ջերմոց, մեղվաբուծություն, թռչնաբուծություն, դեղատուն, սրճարան, մանրածախ առևտրի կենտրոն և այլն:

Ծրագրի ժյուրիի և գործադիր խորհրդի կողմից բիզնես ծրագրերի հաստատման դեպքում շահառուները կստանան ֆինանսական աջակցություն բիզնես վարկի տեսքով, տարեկան ընդամենը 6% տոկոսադրույքով, կհիմնեն իրենց բիզնեսները, ինչպես նաև կստանան շարունակական խորհրդատվական աջակցություն ծրագրի մասնագետների կողմից:

 

Սմբատ Բաղդասարյան, ԹԳՀԶԾ  շահառու, ճագարաբուծություն, ք. Մարտակերտ, Արցախ

«Կարծում եմ, այս ծրագիրը անփոխարինելի է նրանց համար, ովքեր ունեն բիզնես գաղափարներ եւ ցանկանում են իրենց սեփական գործը սկսել, սակայն բավարար ֆինանսական միջոցներ չունեն:

ԹԳՀԶԾ ունի արտոնություններ. նախ` այստեղ անվճար կրթություն են տալիս, որից հետո տրամադրվում է ցածր տոկոսադրույքով վարկ և շարունակական աջակցություն ու խորհրդատվություն»:

«Դասընթացներին հաճախելով՝ ես բավական հարուստ գիտելիքներ ձեռք բերեցի: Մինչ դասընթացներին մասնակցելը, ես երբեք չէի մտածում, որ բիզնեսում պետք է ամեն ինչ հաշվարկել: Այժմ, դասընթացների շնորհիվ,  ես կարող եմ ճշգրիտ հաշվարկներ կատարել և ավելի արդյունավետ կառավարել իմ բիզնեսը: Իմ կարծիքով, այդ դասընթացներից ստացած գիտելիքները, մասնավորապես՝ ինքդ քո նկատմամբ հաշվետու լինելու գործոնը, ինձ շատ կօգնեն բիզնեսում հաջողության հասնելու, քանի որ եթե կարող ես ճիշտ կազմակերպել ժամանակդ ու պատասխանատու լինել, ուրեմն բիզնեսում չես ձախողի»:

 

Գեղամ Ստեփանյան, ԹԳՀԶԾ շահառու, թթի դոշաբի արտադրություն, ք. Շուշի, Արցախ

«Ես շատ եմ կարևորում ԹԳՀԶԾ դերը Արցախում բիզնեսի զարգազման գործում: Քանի որ այսօր Արցախում վարկերի տրամադրումը սահմանափակ է, միայն ԹԳՀԶԾ շրջանակներում է, որ տրամադրվում է արտոնյալ վարկ` ցածր տոկոսադրույքով եւ խելամիտ ժամկետներում գումարի ետմարման պայմանով: Ծրագրի հաջողության գրավականը դասընթացների կազմակերպումն է, քանի որ հենց դասընթացների և բազային գիտելիքների, մասնավորապես՝ ճշգրիտ ֆինանսական հաշվարկներ կատարելու հմտության շնորհիվ է, որ նվազում  է բիզնեսում ձախողվելու ռիսկայնությունը»:

 

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուրը, ով ցանկանում է բիզնես հիմնել ՀՀ Շիրակի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում, Արցախի Հանրապետությունում կամ Ջավախքում:

Ծրագիրը երաշխավորում է միկրովարկեր 6% դրույքով և երեք տարի ժամկետով: Վարկավորման ենթակա է ցանկացած բիզնես գաղափար, բացի գյուղատնտեսության՝ անասնապահության և հողագործության ոլորտներից: 

 

TRDP Newsletter