Նորաբաց կահույքի արտադրամաս Շիրակի մարզի Սարալանջ գյուղում
ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից աջակցություն ստացած ևս մեկ բիզնես է բացվել Շիրակի մարզի Սարալանջ գյուղում: Պրն. Ստեփան Մխիթարյանը, ծրագրի փուլերը ավարտելուց և ֆինանսական աջակցություն ստանալուց հետո, 2017թ.-ի մայիսին հիմնել է կահույքի պատրաստման արտադրամաս:
Պրն. Մխիթարյանը պատրաստում է կահույք թե՛ անհատական պատվերներով, և թե՛ սեփական դիզայնով և նախագծմամբ: Կահույքի արտադրամասն ամբողջովին զինված է բարձորակ տեխնիկայով, ինչը թույլ է տալիս ապահովել ապրանքի որակի երաշխիքը: Ներկայումս, անհատական պատվերներից բացի, պրն. Մխիթարյանը ունի պատվերներ Արթիկ և Գյումրի քաղաքների կահույքի խանութներից:
Ստեփան Մխիթարյան.
«Շատ շնորհակալ եմ Թրփանճեան ծրագրին ընձեռնված հնարավորության համար: Թե՛ դասընթացները, և թե՛ հետագա համագործակցությունը ինձ վստահություն տվեցին գործիս և սեփական ուժերիս նկատմամբ: Ստացա նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև շփվեցի լավ ու բանիմաց մարդկանց հետ, ինչի շնորհիվ կարողացա բիզնես գաղափարս կյանքի կոչել և զբաղվել սիրելի գործով»:
Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին կարող է դիմել յուրաքանչյուրը, ով ցանկանում է բիզնես հիմնել ՀՀ Շիրակի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում, Արցախի Հանրապետությունում կամ Ջավախքում:
Ծրագիրը երաշխավորում է միկրովարկեր 6% դրույքով և երեք տարի ժամկետով: Վարկավորման ենթակա է ցանկացած բիզնես գաղափար, բացի գյուղատնտեսության՝ անասնապահության և հողագործության ոլորտներից: