Blog

,

Թրփանճեան ծրագիրը աջակցեց երիտասարդ կին գործարարին իրականացնելու իր երազանքը

Արենի գյուղի կենտրոնում, մայրուղու կողքին, տարածքի խոշորագույն գինու գործարանի դիմաց կանգնած է հարմարավետ մի հյուրատուն և մեծ ամառային մի տաղավար, որտեղ Արենի այցելող հյուրերը համտեսում են համեղ հայկական ուտեստներ եւ բարձրորակ գինի: Բիզնեսը կառավարում է խանդավառ ու շատ աշխատասեր Արևիկ անունով երիտասարդ մի կին:

24-ամյա Արևիկ Հայրապետյանը և իր ընտանիքը, ի լրումն իրենց հյուրատուն բիզնեսի, ցանկանում էին օգտագործել իրենց սեփականություն հանդիսացող հողը գործարարական նպատակով:

Լսելով Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի հնարավորությունների մասին՝ Արևիկն որոշեց ստեղծել ևս մեկ բիզնես, որը կնպաստի իր ընտանեկան բիզնեսի զարգացմանը և բարելավմանը: Այսպիսով, Արևիկը  որոշեց հյուրատանը կից հողամասում կառուցել ամառային տաղավար, որտեղ միջոցառումներ և խնջույքներ կկազմակերպի մեծ թվով այցելուների համար:

Արևիկը իր բիզնես գաղափարով դիմեց Թրփանճեան ծրագրի Եղեգնաձորի գրասենյակ, հաջողությամբ ավարտեց գործարարության դասընթացը, ներկայացրեց իր բիզնես ծրագիրը և Թրփանճեան ծրագրի կողմից ստացավ տարեկան 6% տոկոսադրույքով բիզնես վարկ իր գաղափարը իրականացնելու համար:

Ծրագրի թիմի մենթորինգի և մոնիթորինգի, ինչպես նաև իր գործին նվիրվածության շնորհիվ՝ Արևիկը իր բիզնես գաղափարը իրականություն դարձրեց:

Սկսած այդ օրվանից, Արենիի կենտրոնում գտնվող տաղավարը դարձել է հանգստի գոտի, որը բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում: Արևիկը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում իր տաղավարում, որոնց ընթացքում այցելուներին ցուցադրում է իրենց գյուղի «գանձերը». պարային ելույթները և «Լավագույն մեղր և գինի» մրցույթները միայն մի քանիսն են այն բոլոր տարատեսակ միջոցառումներից, որոնք կին գործարարը կազմակերպում է իր բիզնեսում: Արևիկի բիզնեսը 6 նոր աշխատատեղ է ստեղծել իր համայնքում:

Հոկտեմբերի 7-ին Արենիում անցկացվող Բերքի փառատոնի ժամանակ Արևիկի տաղավար այցելած հյուրերի թիվը հասել է մոտ 270-ի: