Ջավախքում բացվել է մանկական սրճարան, ստեղծվել են նոր աշխատատեղեր
ՀԵՇՏԻԱ, Ջավախք – 2018թ. մարտի 7-ին Ջավախքի գյուղական համայնքներից մեկում Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ մանկական սրճարանի բացումը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ:
Բիզնեսի սեփականատեր, ձեռնարկատեր տիկին Գայանե Հովսեփյանն առաջին անգամ դիմել էր Թրփանճեան ծրագրին իր իսկ համայնքում հանդիսությունների սրահ բացելու համար: Նա հաջողությամբ ավարտել էր ծրագրի կողմից առաջարկվող գործարարության դասընթացները, ներկայացրել իր բիզնես ծրագիրը և, ստանալով ֆինանսական աջակցություն, հիմնել էր իր բիզնեսը Հեշտիա համայնքում:
Այս հաջողությունից ոգևորված՝ Գայանեն որոշեց ընդլայնել իր բիզնեսը և բացել մանկական սրճարան բիզնեսին կից տարածքում: Նա կրկին դիմեց Թրփանճեան ծրագրին և խորհրդատվություն ու ֆինանսական աջակցություն ստանալուց հետո հիմնեց մանկական սրճարան, որը Հեշտիա համայնքում ստեղծեց վեց նոր աշխատատեղ:
Բացման արարողությունն աննախադեպ հաջողություն գրանցեց: Արարողությանը ներկա էին ավելի քան 250 մարդ, այդ թվում, Թրփանճեան ծրագրի այլ շահառուներ, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Հեշտիա և շրջակա գյուղերի բնակիչները և, իհարկե, համայնքի երեխաները, ում համար իսկական տոն էր իրենց համայնքում ունենալ ժամանցի վայր, որտեղ կարող են խաղալ, ուրախանալ և հանդիպել իրենց սիրելի մուլտհերոսներին:
Կարմիր ժապավենի կտրման պատիվը բաժին հասավ տիկին Հովսեփյանի թոռնիկներին:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: