Blog

, ,

Թրփանճեան ծրագիրը մասնակցեց Էկոտուրիզմի համաժողովին և ցուցահանդեսին

Երևան, Հայաստան – Ապրիլի 14-ին Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված էկոտուրիզմի կոնֆերանսին և ցուցահանդեսին: Ծրագրի թիմը այցելուներին ներկայացրեց ծրագրի կողմից առաջարկվող հնարավորությունները՝ ուղղված գյուղական համայնքներում բիզնեսի զարգացմանը, մասնավորապես՝ էկոտուրիզմի ոլորտում:

Ցուցահանդեսի ընթացքում Թրփանճեան ծրագրի գործունեությամբ և գրանցած հաջողությամբ հետաքրքրվեցին ինչպես Հայաստանի և Արցախի շրջաններից, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպություններից ներկա շատ այցելուներ:

Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից եկած այցելուները, իմանալով ծրագրի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին (բիզնես դասընթացներ, ֆինանսական աջակցություն և խորհրդատվության տրամադրում), որոշեցին դիմել ծրագրին իրենց բիզնես գաղափարներով: Բոլոր հետաքրքրվող անձանց տրվեցին բրոշուրներ և դիմումաձևեր:

Թրփանճեան ծրագրի աջակցությամբ, թիրախային համայնքներում արդեն իսկ ստեղծվել են բիզնեսներ էկոտուրիզմի ոլորտում, այդ թվում՝ հանգստի գոտիներ, հյուրատներ, ազգային խոհանոցի ծառայություն և սրճարաններ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: