Թրփանճեան ծրագիրը աջակցեց ֆոտո/վիդեո ստուդիայի բացմանը Տավուշի մարզի Բերդ քաղաքում
ԲԵՐԴ, Հայաստան – 2018թ. մայիսի 30-ին Տավուշի համայնքներից մեկում՝ Բերդում, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ լուսանկարչական ստուդիայի բացումը կարմիր ժապավենի կտրման հանդիսավոր արարողությամբ:
Առաջին անգամ բիզնեսի սեփականատեր, ձեռնարկատեր Արամ Թումանյանը դիմել էր Թրփանճեան ծրագրին 2011 թվականին իր իսկ համայնքում առաջին լուսանկարչական ստուդիան բացելու համար: Նա հաջողությամբ ավարտել էր Թրփանճեան ծրագրի կողմից առաջարկվող գործարարության դասընթացները, ներկայացրել իր բիզնես ծրագիրը և, ստանալով ֆինանսական աջակցություն, հիմնել էր իր բիզնեսը Բերդ համայնքում:
Այս հաջողությունից և բիզնեսի պահանջարկից ոգևորված՝ Թումանյանը որոշեց ընդլայնել իր բիզնեսը և նոր, ավելի բարելավված ծառայություններ մատուցել իր հաճախորդներին: Թրփանճեան ծրագրի աջակցության շնորհիվ՝ նա ամբողջապես վերանորոգել է ստուդիան, մեկ նոր սրահ կառուցել, կահավորել և համալրել այն անհրաժեշտ սարքավորումներով:
Թումանյանի լուսանկարչական ստուդիան առաջինն է ամբողջ Տավուշի մարզում, որն առաջարկում է լուսանկարչական ծառայություններ տարբեր թեմատիկ զգեստներով, այդ թվում հայկական տարազներով: Այսպիսով, Արամի ֆոտո/վիդեո ստուդիան միակն է Տավուշի մարզում, որն առաջարկում է որակյալ ծառայությունների նման բազմազանություն մատչելի գներով:
Բացման արարողությունն աննախադեպ հաջողություն գրանցեց: Արարողությանը ներկա էին բազմաթիվ այցելուներ, այդ թվում՝ Թրփանճեան ծրագրի աշխատակազմը, այլ շահառուներ, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Բերդի և շրջակա գյուղերի բնակիչները:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: