Blog

, ,

Թրփանճեան ծրագրի կողմից աջակցություն ստացած կին գործարարի հաջողության պատմությունը

ԳԱՆՁԱ, Վրաստան – Ջավախքի շրջանի Գանձա համայնքի բնակիչ Ծոնարա Թանգամյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ հիմնել է կարի արտադրամաս  իր սեփական համայնքում:

Ծոնարան ծրագրի մասին առաջին անգամ լսել է 2015թ.-ին: Այդ ժամանակ նա արդեն սկսել էր կարի ծառայություններ մատուցել, սակայն աշխատում էր տանից: «Երբ իմացա ծրագրի մասին, ես չէի կարող չօգտվել այդ հնարավորությունից»,- ասում էր Ծոնարան: Նա դիմել էր Թրփանճեան ծրագրին իր բիզնես գաղափարով, հաջողությամբ ավարտել գործարարության դասընթացները, ներկայացրել իր բիզնես ծրագիրը և Թրփանճեան ծրագրի կողմից ստացած ֆինանսական աջակցության միջոցով հիմնել իր կարի արտադրամասը:

«Ես այնքան շնորհակալ եմ Թրփանճեան ծրագրից: Ես միշտ շատ եմ սիրել կարելը, սակայն առանց ծրագրի աջակցության չէի կարող իրականացնել երազանքս՝ հիմնել սեփական կարի արտադրամասը իմ համայնքում», – ասում էր Ծոնարան իր բիզնեսի մասին խոսելիս:

Ստացված օժանդակության  շնորհիվ Ծոնարան վերանորոգել է իր բիզնես տարածքը, գնել է անհրաժեշտ սարքավորումները և 2016թ.-ին արդեն սկսել աշխատանքը: Ծոնարայի կարի արտադրամասը տարատեսակ իրեր է կարում՝ վարագույրներ, սփռոցներ, ամենօրյա և պարային զգեստներ, տարազներ և այլն:

Քայլ առ քայլ Ծոնարան ընդլայնել է իր բիզնեսը և մշտական հաճախորդներ ձեռք բերել: Նինոծմինդայի և Ախլքալաքի տարածաշրջանի գլխավոր մատակարար լինելուց բացի, Ծոնարան պատվերներ է ստանում Վրաստանի այլ տարածաշրջաններից և  վերջերս սկսել է արտահանել նույնիսկ Հայաստան, Ռուսաստան և Ֆրանսիա: Ծոնարան պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանում և Ֆրանսիայում գործող մի շարք հայկական պարային խմբերի հետ, որոնց համար պարային զգեստներ է կարում:

Այս վճռական և նպատակասլաց կնոջ բիզնեսը 4 աշխատատեղ է ստեղծել համայնքում՝  նպաստելով գյուղում կանանց զբաղվածության զարգացմանը:

Լինելով պատասխանատու ձեռնարկատեր՝ Ծոնարան իր բիզնեսի հաջողությունը կիսում է համայնքի բնակիչների հետ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, նա  120 կտոր զգեստ է նվիրաբերել տեղի մանկապարտեզի երեխաներին:

Ծոնարան մտադիր  է մեկ անգամ ևս դիմել Թրփանճեան ծրագրի օժանդակությանը՝ այս անգամ  բիզնեսն ընդլայնելու նպատակով:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: