Blog

,

Տավուշի մարզի Սևքար սահմանամերձ համայնքում բացվեց համայնքի միակ դեղատունը

ՍԵՎՔԱՐ, Տավուշ – 2018թ.-ի նոյեմբերի 12-ին Տավուշի սահմանամերձ Սևքար համայնքում բացվեց համայնքի միակ դեղատունը: Դեղատան կառուցումը և գործարկումը հնարավոր եղավ ի շնորհիվ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում ծրագրի» մասնագիտական և ֆինանսական աջակցության:

Ծրագիրը մեկնարկել է «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի» շրջանակներում և նպատակ ունի բարելավել առողջապահական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում:

2300 բնակիչ ունեցող Սևքար համայնքում դեղատուն չկար, ինչն էլ դրդեց Քրիստինե Սիմոնյանին դիմել ծրագրին՝ այդ բացը լրացնելու համար: Չնայած Քրիստինեն առողջապահական կրթություն չուներ, նա կարողացավ հիմնել և այժմ հաջողությամբ վարում է դեղատան իր բիզնեսը:

Մինչ դեղատան հիմնումը Քրիստինեն հաջողությամբ ավարտեց ծրագրի՝ գործարարության և առողջապահության որակի ապահովման դասընթացները և ներկայացրեց բիզնես և որակի ապահովման իր ծրագրերը, որոնք հաստատվեցին մասնագետների և ծրագրի գործադիր խորհրդի կողմից:

Ծրագիրը շարունակում է աջակցել Քրիստինե Սիմոնյանին առողջապահական բիզնեսի կառավարման գործում՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն  առողջապահական կառավարման, որակի ապահովման, ֆինանսական կառավարման և համապատասխան այլ ոլորտներում:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներիտնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում էդիմումների ընդունումը: