Blog

,

Բժշկական կենտրոն, Տավուշ – Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Համայակ Ադամյան

 

«Երբ կարողանում եմ բուժել հիվանդ երեխայի, դառնում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը»

Համայակ Ադամյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող սրճարանի, ինտերնետ ակումբի և բժշկական կենտրոնի սեփականատեր է: Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի մասին Համայակն առաջին անգամ լսել է իր որդուց՝ 6-7 տարի առաջ, և այդ ժամանակից սկսել ակտիվորեն համագործակցել ծրագրի հետ: Բժիշկ Ադամյանը ծրագրին սկզբում դիմել է սրճարանն ընդլայնելու և ինտերնետ ակումբ հիմնելու նպատակով աջակցության համար և հաջողության հասել: Սրճարանն ու ինտերնետ ակումբը լիարժեք գործում են և բազմաթիվ հաճախորդներ ունեն:

Համայակը խոստովանում է, որ սկզբում Թրփանճեան ծրագրի դասընթացները սկզբնական շրջանում նրան ձանձրալի թվացին, որովհետև նա արդեն որոշակի փորձ ուներ բիզնեսի ոլորտում: Սակայն դասընթացների ավարտին նա հասկացավ, որ Թրփանճեան ծրագրի դասընթացում ստացված գիտելիքները կարող են ծառայել որպես բիզնես ուղեցույց, որն անհրաժեշտ է ցանկացած գործարարի: Համայակի համոզմամբ դասընթացների և՛ մատուցման ձևը և՛ բովանդակությունը շատ օգտակար են թե՛ կայացած և թե՛ սկսնակ ձեռնարկատերերի համար:

«Կարծում էի, երբ բիզնեսս բացեմ, մարդիկ ինքնըստինքյան կիմանան այդ մասին: Սակայն այդպես չէ: Ես սովորեցի, որ մարքեթինգային ռազմավարությունը շատ կարևոր է բիզնեսի զարգացման համար: Պետք է ուսումնասիրել շուկան և հստակ ռազմավարությունը կազմել շուկային համապատասխան՝ արտադրանքը կամ ծառայությունները խթանելու համար»,-նշում է Համայակը: Այժմ նա բիզնես ծրագիր է կազմում առնվազն հինգ տարով:

Այնուամենայնիվ, լինելով մասնագիտությամբ բժիշկ, Համայակը զգում էր, որ բացի արդեն գործող ձեռնարկություններից՝ նա նաև պարտավոր է բժշկակակ կենտրոն հիմնել Բերդում, քանի որ դրա պահանջարկը համայնքում շատ մեծ էր:

2012թ.-ին երկրորդ անգամ դիմելով Թրփանճեան ծրագրին՝ Համայակը հասել է իր նպատակին և հարազատ համայնքում հիմնել բժշկական կենտրոն: Նախկինում, Բերդի և շրջակա համայնքների բնակիչները ստիպված էին հասնել Երևան՝ բժշկական օգնության դիմելու համար: Թրփանճեան ծրագրի աջակցությամբ բժիշկ Ադամյանը վերանորոգել է իր ընտանիքին պատկանող շինությունը, գնել լաբորատորիայի և ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումները և բացել  բժշկական կենտրոն, որն առաջնային խնամքի և հիմնական լաբորատոր ծառայություններ է մատուցում: Հայաստանի առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված բժշկական կենտրոնը Բերդի շրջանում գործող միակ բուժհաստատությունն է որն առաջարկում է բազմաթիվ ծառայություններ, ներառյալ՝ սրտաբանական խորհրդատվություն և թեստավորում, գաստրոսկոպիկ, էխոգրաֆիկ, սոնոգրաֆիկ և կլինիկական կենսաքիմիական ախտորոշում:

«Հաշվի առնելով շրջանում տվյալ ծառայությունների բացակայությունն ու առկա  պահանջարկը՝ մենք հիմնեցինք բժշկական կենտրոն, որը, բացի ընդհանուր բժշկական օգնությունից, տրամադրում է նաև սրտաբանական, էխոգրաֆիկ, գաստրոսկոպիկ և սոնոգրաֆիկ թեստավորման ծառայություններ»,- բացատրում է Համայակը:

Ըստ Համայակի՝ համայնքում լաբորատորիա ունեցող ախտորոշիչ կենտրոն ունենալն անհրաժեշտություն էր: Ամենադժվար խոչընդոտները, որոնց Համայակը հանդիպել է կենտրոնը բացելիս, եղել են ֆինանսական միջոցների և մասնագետների պակասը: Երկու խնդիրներն էլ հաղթահարվել են Թրփանճեան ծրագրի օգնությամբ: Համայակը վարկ է ստացել և մասնագետներին գործուղել Երևան՝ վերապատրաստման:

«Բժշկական կենտրոնի բացումը շատ ռիսկային էր, քանի որ նախկինում այդ ծառայությունները շրջանում չեն մատուցվել: Այնուամենայնիվ, Թրփանճեան ծրագրի հետ միասին որոշեցինք ռիսկի դիմել, գնեցինք անհրաժեշտ սարքավորումները և սկսեցինք աշխատել»,- նշում է Համայակը:

Ինչպես տարիները ցույց տվեցին, Համայակի բժշկական կենտրոնի մատուցած ծառայությունները շատ պահանջված են շրջանում: Համայակը նշում է, որ կենտրոնի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ, որպես բժիշկ, նա լավ է տիրապետում ոլորտի առանձնահատկություններին, ունի պրոֆեսիոնալ աշխատակազմ, որն արդյունավետորեն գործում է որպես միասնական թիմ և մատուցում բարձրորակ ծառայություններ:

«Հիվանդները պետք է բուժում ստանան ջերմ և սիրալիր միջավայրում»,- հավաստիացնում է Համայակը:

Համայակը մշտապես նորարարություններ և նոր միջոցներ է կիրառում  հիվանդներին օգնելու համար: Նա պայմանագիր է կնքել Երևանի ախտորոշիչ կենտրոններից մեկի հետ և երբ հաճախորդը դիմում է բժշկական կենտրոն ախտորոշիչ այնպիսի ծառայությունների համար, որոնք տեղում չեն մատուցվում, հիվանդից վերցված նմուշները բժշկական հատուկ թերմոսներով ուղարկում են Երևան՝ գործընկեր կենտրոնում ուսումնասիրության համար: Նույն օրն ինտերնետի միջոցով ստացված պատասխանները հաղորդվում են հաճախորդին:

Այս նորարարությունը զգալիորեն թեթևացրել է շրջանի բնակիչների կյանքը, քանի որ այլևս կարիք չկա հասնելու Երևան՝ բժշկական զննություն անցնելու համար, ինչը և՛ ժամանակի և՛ գումարի զգալի խնայողություն է հիվանդների համար:

«Բժշկությունը մշտապես նորարարություն պահանջող ոլորտ է: Ես արդեն մտածում եմ նոր, ավելի ժամանակակից սարքավորումներ գնելու մասին»,- ասում է Համայակը:

Համայակը պարբերաբար սրտաբանության, գաստրոսկոպիայի և էնդոկրինոլոգիայի մասնագետներ է հրավիրում Երևանի տարբեր հիվանդանոցներից և կենտրոնի հաճախորդները հնարավորություն են ստանում նաև զննվելու այդ մասնագետների մոտ: Այս նորարարությունը ևս նպաստում է գումար և ժամանակ խնայելուն, քանի որ նախկինում հիվանդները նման ստուգումներ անցնելու համար ստիպված էին լինում մեկնել Երևան կամ Դիլիջան:

Կենտրոնն ութ աշխատակից ունի՝ հինգ բուժքույր, երկու բժիշկ և մեկ լաբորանտ: Բժշկական կենտրոնի աշխատակիցները սպասարկում են Բերդի շրջանի բոլոր համայնքները: 2014թ.-ի ընթացքում բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայություններից օգտվել է 1400, իսկ սոնոգրաֆիկ ծառայություններից՝ 1800 չափահաս: Կենտրոնում բժշկական հետազոտություն է անցել նաև 2100 երեխա: Բացի այդ, Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող ու աշխատող հայաստանցիներն, ովքեր ամռան ամիսներին գալիս են Հայաստան, նույնպես օգտվում են բժշկական կենտրոնի ծառայություններից, քանի որ գներն այստեղ շատ ավելի մատչելի են քան այդ երկրներում:

Ներկայում, Համայակը համագործակցում է Թրփանճեան ծրագրի մեկ այլ շահառուի՝ Անուշ Ծատուրյանի հետ, ով Նոյեմբերյանում հաջողությամբ գործող կարի արտադրամասի սեփականատեր է: Համայակն Անուշից բժշկական կենտրոնի տարբերանշանով անկողնային սպիտակեղեն և համազգեստ է պատվիրում՝ իր և կենտրոնի աշխատակիցների համար:

Բժշկական կենտրոնի առկայությունը հսկայական ազդեցություն է ունեցել Բերդում և տարածաշրջանում կենսապայմանների բարելավման առումով: Բազմաթիվ են նաև գործարարի բարեգործական նախաձեռնությունները: Նրա շնորհիվ Բերդի շրջանի սահմանամերձ գյուղերի երեխաներին բժշկական կենտրոնի ծառայությունները մատուցվում են անվճար կամ 50 տոկոս զեղչով: Կարիքավոր ընտանիքները ևս ծառայությունները ստանում են անվճար:

Բոլորովին վերջերս Համայակն իր թիմի հետ միասին, անվճար հիմունքներով, ճիճվակրության ախտորոշիչ ստուգումներ է իրականացրել սահմանամերձ Այգեպար և Չինարի գյուղերի մանկապարտեզներում: Երեխաներն, ում մոտ հայտնաբերվել է խնդիրը, բուժումը կստանան անվճար:

Համայակը երախտապարտ է Թրփանճեան ծրագրին իր բոլոր ձեռքբերումների համար. «Թրփանճեան ծրագրի կողմից առաջարկվող հնարավորություններն անհնարին է գտնել մեկ այլ տեղ»: Համայակի համար ամենակարևոր աջակցությունն այն է, որ վարկի տրամադրումից հետո ծրագիրը շարունակում է սատարել շահառուին, վերահսկում է բիզնեսի զարգացումը, օգնում է խորհրդատվությամբ և ռեսուրսներն առավել գնարդյունավետ կերպով բաշխման հարցում ցուցաբերվող աջակցությամբ:

Համայակը խոստովանում է, որ երջանիկ է, երբ կարողանում է բուժել երեխաներին և տեսնել, թե ինչպես են նրանք նորից խաղում և ուրախանում. «Ես երեխաներ շատ եմ սիրում: Երբ կարողանում եմ նրանց մոտ դրական մոտեցում ձևավորել, ստիպել նրանց հավատալ սեփական ուժերին և բուժել նրանց, դառնում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը»:

Համայակն ասում է, իր գործում ամենագնահատելին երեխայի ժպիտն է: «Նույնիսկ երբ  ասում եմ, որ, ցավոք, խնդիր ունեն, նրանք ժպտում են, որովհետև վստահում են ինձ, գիտեն, որ ես կբուժեմ իրենց»:

Համայակը նախատեսում է ընդարձակել կենտրոնի զբաղեցրած տարածքը, ինչը թույլ կտա նրան ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը: Ներկայում կենտրոնում երեք ծառայություն է մատուցվում, սակայն գործարարը համոզված է, որ տասը տարուց կկարողանա մատուցել ութից տասը ծառայություն: