Blog

,

Կահույքի արտադրություն, Շիրակ – Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Խաչիկ Կաղզվանցյան

«Եթե ես հաջողակ չլինեի, Թրփանճեան ծրագրի մասին չիմանայի և ծրագրի աջակցությունը չստանայի, չէի ունենա այն ամենն, ինչ ունեմ այսօր»

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը աջակցել է Խաչիկ Կաղզվանցյանին Շիրակի մարզի Արևիկ գյուղում կահույքի արտադրություն հիմնելու հարցում: Արտադրամասի շնորհիվ այսօր գյուղում տասնհինգ աշխատատեղ է ստեղծվել՝ նպաստելով համայնքի տնտեսական զարգացմանը:

Խաչիկը կահույքագործության արհեստը սովորել է պապերից, և հպարտ է, որ իր ընտանիքի գործը շարունակում է հայրենի երկրում: Խաչիկի մեծագույն երազանքներից մեկը՝ բարձրորակ կահույքի արտադրամաս ունենալը, այսօր իրականություն է դարձել: Կահույքի արտադրամասը մանրածախ ծավալներով կահույք է մատակարարում Հայաստանի տարածքում (Գյումրիում, Վանաձորում, Երևանում և այլուր), անհատական պատվերներ է կատարում նաև ռուսաստանցի հաճախորդների համար:

Արտադրամասի թողարկած տեսականին մեծ է ՝ ճաշասենյակի և խոհանոցի սեղաններ, աթոռներ, համակարգչային սեղաններ, հուշանվերներ և այլն: Արտադրամասը նաև կահույք է մշակում և արտադրում անհատական պատվերով:

Խաչիկն ասում է՝ Թրփանճեան ծրագրի շնորհիվ է ձեռք բերել այն բոլոր ձեռնարկատիրական գիտելիքները և հմտությունները, որոնք անհրաժեշտ են հաջողակ գործարարության համար: Նա նաև խոստովանում է, որ Թրփանճեան թիմի աջակցության շնորհիվ գերազանցել է իր իսկ ակնկալիքները:

Նախքան Թրփանճեան ծրագրին դիմելը, Խաչիկ Կաղզվանցյանը կահույքի մի փոքրիկ արտադրամաս է ունեցել Գյումրիում: Ցանկանալով ընդլայնել գործը՝ հողատարածք էր գնել Գյումրիին մոտ գտնվող Արևիկ գյուղում՝ այնտեղ արտադրամաս կառուցելու համար: Սակայն անհրաժեշտ գումար չէր ունեցել՝ շինարարությունը սկսելու և սարքավորումներ ձեռք բերելու համար:

Ընկերներից իմանալով Թրփանճեան ծրագրի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին՝ Խաչիկը որոշում է դիմել: Ծրագրի դասընթացները հաջողությամբ ավարտելուց հետո Խաչիկը ստանում է վարկը, ավարտում շինարարությունը, գնում անհրաժեշտ սարքավորումները և Արևիկում հիմնում կահույքի արտադրամաս: Հաջողությամբ ոգևորված՝ Խաչիկը ևս մեկ անգամ դիմում է Թրփանճեան ծրագրին և ստանալով ֆինանսական աջակցությունը՝ ընդլայնում մատուցվող ծառայությունների ցանկը. սկսում արտադրել նաև լաքապատ կահույք:

Խաչիկը նշում է, որ չնայած ծրագրին դիմելու հիմնական նպատակը ֆինանսական աջակցություն ստանալն է եղել, դասընթացները նրան շատ բան են սովորեցրել: Դասընթացների շնորհիվ Խաչիկն այսօր տիրապետում է բիզնես կառավարման և մարքեթինգային հմտությունների: Նա հատկապես կարևորում է դասընթացավարների անհատական մոտեցումը մասնակիցների հանդեպ:

Խաչիկն ասում է՝ բիզնեսում ամենադժվարը ֆինանսավորում և ներդրումներ գտնելն է: Այդուհանդերձ, նա ժամանակ առ ժամանակ փորձում է ինքը ներդրումներ կատարել իր բիզնեսում, ներմուծել նորարարական տեխնոլոգիաներ և ավելացնել արտադրանքի տեսականին՝ հաճախորդների պահանջները բավարարելու և մրցունակությունն ապահովելու համար:

 Խաչիկի այցեքարտը բարձրորակ սպասարկումն է: Նա հատուկ մարքեթինգային ռազմավարություն է կիրառում և հաճախորդներին պահելու և նորերին գրավելու համար մշտական պատվիրատուների համար հատուկ փոքրիկ նվերներ պատրաստում: «Գոհ և բավարարված հաճախորդը քո բիզնեսի մասին պատմում է իր ընկերներին, բարեկամներին և ծանոթներին: Այս կերպ մենք ընդլայնում ենք մեր շուկան»,- ավելացնում է Խաչիկը:

Խաչիկն ընդգծում է, որ իր բիզնեսի հիմքը բարձրորակ արտադրանքն է: Պատմում է, որ մի անգամ Ռուսաստանում իր արտադրած աթոռների մի մեծ խմբաքանակ տեսնելով իտալական կահույքի մի հեղինակավոր գործարանի ներկայացուցիչներ շփոթել են այն իրենց սեփական արտադրանքի հետ:

Գործի հաջողության ամենակարևոր գրավականն, ըստ Խաչիկի, ոլորտի մասնագետ լինելն է: Խաչիկը հպարտությամբ է խոսում իր աշխատողների մասին՝ նրանց անվանելով «իրենց գործի վարպետներ», բայցևայնպես ավելացնելով, որ ձեռնարկատերը պետք է կարողանա ստուգել իր աշխատողների գործը:

«Մինչև հաճախորդին հանձնելն արտադրանքը մանրակրկիտ ստուգում եմ: Մի փոքր անգամ անճշտություն կամ անփութություն տեսնելիս խնդրում եմ իմ աշխատողին վերացնել թերությունը»,- ասում է Խաչիկը:

Խաչիկն աշխատողներին խրախուսելու և ավելի լավ աշխատելու ոգևորելու իր մեթոդներն ունի: Արտաժամյա աշխատանքն այստեղ վճարվում է, տոնական օրերին և ուրախ առիթներով կազմակերպվում են միջոցառումներ, որոնց ընթացքում աշխատակիցներին անպայման նվերներ են սպասում:

Խաչիկ Կաղզվանցյանի ձեռնարկությունը մեծ դրական ազդեցություն է ունեցել Արևիկ համայնքի կյանքի վրա: Համայնքի տասնհինգ բնակիչ արդեն աշխատանք ունի: Արևիկի մանկապարտեզի համար Խաչիկը գեղեցիկ գունավորմամբ երկհարկանի մահճակալներ է պատրաստել: Արևիկ տեղափոխվելուց հետո, կահույքագործությունից բացի, Խաչիկը սկսել է զբաղվել նաև գյուղատնտեսությամբ և այդ նպատակով ձեռք բերված հողակտորի վրա աշխատելու համար արդեն ներգրավել համայնքի ևս վեց բնակչի:

Խաչիկը մտածում է նաև բիզնեսը ընդլայնելու մասին. պլանավորում է ավելացնել արտադրության ծավալը՝ ապրանքը Ռուսաստան արտահանելու և  շուկայում մրցունակ տեղ զբաղեցնելու համար: Արտահանելու է հիմնականում աթոռներ և սեղաններ: Հաշվի առնելով, որ ռուսաստանյան շուկայում աթոռների և սեղանների գինը շատ ավելի բարձր է, Արևիկ գյուղի կահույքի արտադրամասի  արտադրանքը մրցունակ կլինի, հավաստիացնում է  Խաչիկը:

«Ես մի հետաքրքիր մարքեթինգային միտում եմ նկատել կահույքի շուկայում: Ինչքան շատ է քո արտադրանքը խանութում, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդիկ կմտածեն, թե դա նորաձև է և կգնեն այն»,- ավելացնում է գործարարը:

Խաչիկը խոստովանում է, որ չնայած իր աշխատանքը մեծ համբերություն է պահանջում, և երբեմն շատ հոգնեցուցիչ է, նա շատ երջանիկ է, որ կարողանում է զբաղվել իր սիրած գործով: Ամենից շատ իր աշխատանքում Խաչիկը գնահատում է ստեղծագործականությունը: Կահույքի արտադրության գործընթացում ամենաշատը գաղափարի մշակումն է սիրում: Թե՛ արտադրամասի աշխատողները և թե՛ Խաչիկը մշտապես ձգտում են նորարարություն մտցնել արտադրանքում:

«Մենք մշտապես նոր մոդելներ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք նոր տեսականի առաջարկել մեր հաճախորդներին. ստեղծում ենք  սեփական հավաքածուները», -ասում է Խաչիկը:

Իր հաջողության բանալին Խաչիկը համարում է ներդրումները, հաղորդակցվելու հմտությունները և հաջողակ լինելը:

«Եթե ես հաջողակ չլինեի, Թրփանճեան ծրագրի մասին չիմանայի և ծրագրի աջակցությունը չստանայի, չէի ունենա այն ամենն, ինչ ունեմ այսօր»,- եզրափակում է Խաչիկը: