Blog

,

Հացաբուլկեղենի արտադրություն, Ջավախք – Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Հովհաննես Ջաղացպանյան

 

«Իմ բիզնեսի հաջողության գաղտնիքներն են՝ արտադրանքի բարձր որակը, հաճախորդների կարիքների բավարարումը, և աշխատողների համար ապահով, մաքուր ու ջերմ աշխատանքային միջավայրը»

Հովհաննես Ջաղացպանյանը Ջավախքի (Վրաստան) Նինոծմինդա քաղաքում գործող հացի փռերից մեկի սեփականատերն է: Նախքան Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին դիմելը, Հովհաննեսն արդեն իր փոքրիկ հացի փուռն ուներ, սակայն գնորդները քիչ էին: Ծրագրի շահառուն դառնալուց հետո, սակայն, Հովհաննեսը կարողացել է ընդլայնել իր փուռը և էականորեն ավելացնել գնորդների թիվը: Այսօր Հովհաննես Ջաղացպանյանի փռում արտադրված հացաբուլկեղենը հայտնի է ամբողջ տարածաշրջանում:

Հովհաննեսն ասում է, որ Թրփանճեան ծրագրի դասընթացները մեծապես նպաստել են իր՝ բիզնեսի կազմակերպման և ֆինանսական կառավարման հմտությունների զարգացմանը: Նա բարձր է գնահատում մասնակիցների նկատմամբ Թրփանճեան ծրագրի դասընթացավարների ցուցաբերած անհատական մոտեցումը:

Ծրագրի ֆինանսական աջակցությամբ Հովհաննեսը կարողացել է ձեռք բերել նոր, ժամանակակից սարքավորումներ՝ հացաբուլկեղենի արտադրության համար: Նոր սարքավորումները հնարավորություն են տալիս Հովհաննեսին օգտագործելու նորարարական մեթոդներ և արդյունավետ կերպով արտադրելու բարձրորակ հաց՝ օգտագործելով գնարդյունավետ միջոցներ: Համայնքի յոթ բնակիչ արդեն աշխատանք է գտել հացի փռում: Շուտով կբացվի ևս երկու աշխատատեղ:

Հովհաննեսը գոհունակությամբ նշում է, որ չնայած համայնքում մեկ տասնյակ հացի փուռ կա, իր արտադրությունը մյուսներից տարբերվում է բարձր որակով և սանիտարական բարվոք պայմաններով: Նա նշում է, որ սկզբնական շրջանում դժվար է եղել, քանի որ մրցակցությունը մեծ է, սակայն Թրփանճեան ծրագրի աշխատակիցների խորհուրդները կիրառելով հնարավոր է դարձել պատշաճ կերպով կարգավորել գները, բարձրացնել արտադրվող հացի որակը և մրցունակ մնալ:

Հովհաննեսը սերտ հարաբերություններ է պահպանում Թրփանճեան ծրագրի այլ շահառուների հետ, մասնավորապես համագործակցում է պանրի արտադրությամբ զբաղվողների հետ: «Ես նրանցից պանիր եմ գնում, իսկ նրանք ինձնից՝ հաց», – բացատրում է Հովհաննեսը:

Վերջինս առանձնացնում է իր բիզնեսին հաջողություն բերող հիմնական գործոնները՝ արտադրանքի բարձր որակը, հաճախորդների կարիքների բավարարումը և աշխատողների համար ապահով, մաքուր ու ջերմ միջավայրը: Ոգևորված իր բիզնեսի հաջողությամբ՝ Հովհաննեսը պլանավորում է դիվերսիֆիկացնել արտադրանքը և զբաղվել նաև ձկնաբուծությամբ: