Blog

,

Հրուշակեղենի, Լիմոնադի և Գինու արտադրություն, Արցախ -Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Հայասեր Գասպարյան

 

«Եթե անգամ վատ տրամադրությամբ են գալիս աշխատանքի մեր աշխատողները, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի արտադրամասը լքեն ժպիտը դեմքերին»

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ) Հայասեր Գասպարյանին աջակցել է հացի և հրուշակեղենի արտադրամասն ընդլայնելու գործում: Տարատեսակ և բարձրորակ արտադրանքի շնորհիվ ձեռնարկությունը հայտնի է դարձել ամբողջ Արցախում: Բիզնեսը զգալի հաջողությամբ զարգացել է, ինչի արդյունքում Մարտունի համայնքում ստեղծվել է ավելի քան 20 աշխատատեղ:

Հայասերը ձեռնարկությունն անվանել է «Տնջրի», Մարտունու շրջանում աճող 2035 տարեկան հայտնի հսկա ծառի անունով, որը պատմության ընթացքում բազում ճանաչված մարդկանց ուխտավայրն է եղել: Ծառի՝ ավելի քան 100 մարդ տեղավորող փչակի ընդհանուր մակերեսը 44 քառակուսի մետր է: Գասպարյանի ձեռնարկության արտադրանքը վաճառվում է Արցախի և Երևանի մանրածախ խանութներում: Հայասերը հպարտ է, որ արտադրամասի շնորհիվ խթանում է տեղական արտադրությունը: Տեղական հումքի օգտագործումը նպաստում է արտադրանքի որակի և համային հատկությունների բարելավմանը:

Հայասերը գործը հիմնել է 1988թ.-ին, սակայն հետագայում՝ Ղարաբաղյան պատերազմի տարիներին, իր հայրենակիցների հետ միասին մեկնել է ճակատամարտ՝ հայրենիքը պաշտպանելու: Պատերազմի ավարտից հետո, Հայասերը, հստակ նպատակ ունենալով ապրել և արարել իր հայրենիքում, վերաբացել է ձեռնարկությունը և իր վճռականության շնորհիվ հասել է հաջողության:

Սակայն գործն ընդլայնելու, արտադրանքի ծավալն ավելացնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար գործարարն անհրաժեշտ միջոցներ չուներ: Հենց այդ ժամանակ նա իր ընկերներից իմացել է Թրփանճեան ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին և որոշել է դիմել:

Թեև Հայասերն արդեն ուներ ձեռնարկատիրության մի քանի տարիների փորձ, Թրփանճեան ծրագրի դասընթացներում նա ստացավ բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիք և հմտություններ: Դասընթացները նրան մասնավորապես տվեցին գնումների գործընթացների ստեղծման, դրամական հոսքերի վերահսկման, մարքեթինգային ռազմավարության ձևավորման և հաշվապահական հաշվառման հմտությունները: Գասպարյանը գործարկել է հաճախորդների կարծիքի ուսումնասիրման և դրան համապատասխան՝ արտադրանքի և ծառայությունների որակի բարելավման համակարգ: Հայասերն այլ հմտությունների թվում առանձնացնում է բիզնեսում ճկուն լինելու ունակությունը, որը ձեռք է բերել ԹԳՀԶԾ շնորհիվ:

«Նախկինում միայն մեկ մատակարարի հետ էի աշխատում: Ես սովորեցի աշխատել երկու և ավելի մատակարարների հետ, որպեսզի մատակարարների հետ կապված խնդիրները չխոչընդոտեն գործին»,- նշում է Հայասերը: Նա բարձր է գնահատում Թրփանճեան ծրագրի աշխատակիցների անկեղծ պատրաստակամությունն օգնելու և աջակցելու շահառուներին:

Հայասերն իր ձեռնարկությունը շատ հաջողակ է համարում, քանի որ տարիների ընթացքում այն ընդլայնվել է՝ մեծացել են արտադրանքի թե՛ ծավալը և թե՛ տեսականին: Նա միշտ փորձում է նորարարություններ ներդնել և բավարարել հաճախորդների պահանջները: Վերջերս արված նորարարություններից է արտադրանքի գեղեցիկ դիզայնը և փաթեթավորումը:

«Արտադրանքի դիզայնը և փաթեթավորումը, լրացնում են բարձր որակը, ինչը շատ կարևոր է: Հաճախորդը սկզբում տեսնում է արտադրանքը, և միայն դրանից հետո՝ համտեսում: Արտադրանքը պետք է աչքի ընկնի խանութում»,- ավելացնում է Հայասերը:

Հայասերի ձեռնարկությունը դրական մեծ ազդեցություն ունի համայնքի կյանքի վրա: Համայնքի 20 բնակիչ դրա շնորհիվ աշխատանք ունի: Հայասերը ոգևորում է իր աշխատակիցներին՝ աշխատավայրում ձևավորելով ջերմ և ընկերական միջավայր և կարիքի դեպքում միշտ պատրաստ է օգնել աշխատողներին թե՛ ֆինանսապես և թե՛ խորհրդով:

«Եթե անգամ վատ տրամադրությամբ են գալիս աշխատանքի մեր աշխատողները, ես ամեն ինչ անում եմ, որպեսզի արտադրամասը լքեն ժպիտը դեմքերին»,- նշում է Հայասերը:

 Հայասերն իր եկամտի մի մասը նվիրաբերել է համայնքում եկեղեցու կառուցմանը: Նա աջակցում է համայնքում տարբեր միջոցառումների կազմակերպմանը և օգնում կարիքավոր ընտանիքներին:

Վերջերս Հայասերը գինու արտադրություն է սկսել և մտադիր է ընդլայնել արտադրությունը՝ վարձել ևս տասը աշխատակից և դուրս գալ միջազգային շուկա: Գործարարը հույս ունի, որ ապագայում «Տնջրի» ապրանքանիշը մրցունակ կլինի թե՛ Հայաստանի և թե՛ այլ երկրների շուկաներում. հրուշակեղենը՝ Հայաստանի շուկայում, իսկ գինին՝ Եվրոպայի:

Հայասերն իր երախտագիտությունն է հայտնում Թրփանճեան ծրագրի աշխատակազմին՝ շարունակական աջակցության և օգտակար խորհուրդների համար, որոնք մեծապես նպաստում են իր բիզնեսի զարգացմանը: