Blog

,

Քարի Վերամշակում, Արցախ – Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Պավլիկ Գասպարյան


«
Զգացումը, որ հայրենիքումդ կառուցվող տան հիմքերը նաև քո շնորհիվ են դրվում, աննկարագրելի է»

Պավլիկ Գասպարյանը Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղում գործող քարի վերամշակման արտադրամասի սեփականատերն է: Գասպարյանն, ով նախկինում Արցախի պետական համալսարանում ճարտարագիտություն էր դասավանդում, քարի վերամշակման հիմունքները սովորել է իր եղբորից:

Այժմ Պավլիկին պատկանող քարի վերամշակման գործարանը սպառողին է առաջարկում քարերի լայն տեսականի,, այդ թվում բլոկեր, սալիկներ, վարդագույն և կանաչ մարմար, ինչպես նաև` ճանապարհային եզրագծման համար նախատեսված քարեր: Արտադրանքը սպառվում է Լեռնային Ղարաբաղում, սակայն ծրագրեր կան այն արտահանել նաև Հայաստան:  Արտադրամասն ամսական արտադրում է շուրջ 500 քառակուսի մետր սալիկ: Արտադրամասում աշխատողների վարձատրությունը՝ միջինն ամսական 300 հազար դրամ է:

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությունը Պավլիկ Գասպարյանի արտադրամասի հիմնադրման գործում նշանակալի դեր է ունեցել: Պավլիկը խոստովանում է, որ չէր կարողանա հիմնել և զարգացնել գործն առանց Թրփանճեան ծրագրի ընձեռած հնարավորությունների: Ծրագրի ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Պավլիկը նոր սարքավորում է գնել հանքաքարը կտրելու և հղկելու համար:

Երբ սարքավորումը Չինաստանից տեղափոխելիս անգլախոս մատակարարի հետ հաղորդակցվելու դժվարություններ են առաջացել, Թրփանճեան ծրագրի աշխատակցիները սիրով աջակցել են Պավլիկին այդ հարցում և նրա անունից կապվել մատակարարի հետ:

Թրփանճեան ծրագրին դիմելու Պավլիկի հիմնական շարժառիթը սեփական գործը հիմնելու ցանկությունն է եղել. գործ, որը կապահովեր իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը՝ միևնույն ժամանակ խթանելով տեղական արտադրությունը: Պավլիկը, ունենալով բավականին գիտելիք քարի մշակման ոլորտում, որոշում է հիմնել քարի վերամշակման արտադրամաս:

Այդ իսկ պատճառով, ծրագրին դիմելու հիմնական նպատակը ֆինանսական աջակցություն ստանալն է եղել: Պավլիկը խոստովանում է, սակայն, որ դասընթացն ավարտելուց հետո նա հասկացել է. առանց ստացված գիտելիքի և հմտությունների անհնարին կլիներ արդյունավետ կերպով կառավարել բիզնեսը:

Ըստ նրա՝ Թրփանճեան ծրագրի կողմից ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական աջակցության տրամադրումը կատարյալ հնարավորություն է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ձեռնարկատիրությունը զարգացնելու համար:

Այնուամենայնիվ, դեպի հաջողություն տանող ճանապարհը այնքան էլ հեշտ և հարթ չի եղել: Պավլիկը բազմաթիվ խոչընդոտներ է հանդիպել, հատկապես արտադրամասի գործարկմանը հաջորդած առաջին տարիներին: Հիմնական մարտահրավերը հաճախորդներ ձեռք բերելն էր: Սակայն, շուկայում ներկայացվող բարձրորակ արտադրանքը շուտով գրավել է հաճախորդների ուշադրությունը և նրանց թիվն այսօր կայուն աճում է:

Այսօր Արցախում քարի մշակման մեծ գործարաններ են բացվել և մրցակցությունն այդ ոլորտում սաստկացել է. չնայած դրան, բարձրորակ արտադրանքի, լավ սպասարկման և մատչելի գների շնորհիվ՝ Պավլիկի ձեռնարկությունը մրցունակ է:

Պավլիկի քարի վերամշակման արտադրամասը գտնվում է քարհանքի հարևանությամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս նվազեցնելու տրանսպորտային ծախսերը և հաճախորդներին առաջարկելու ավելի մատչելի գներ :

Պավլիկը նշում է, որ իր հաջողությունը պայմանավորված է առաջին հերթին բարձրորակ արտադրանքով, իր պարտաճանաչությամբ թե՛ աշխատողների և թե՛ հաճախորդների նկատմամբ, ինչպես նաև հաղորդակցման հմտություններով: Այս ամենն օգնում է Պավլիկին կապեր հաստատել շինարարության ոլորտում աշխատող անհատների և կազմակերպությունների հետ և նոր հաճախորդներ ձեռք բերել: Բացի այդ, Պավլիկը շատ է կարևորում բիզնեսում նորարարական գաղափարների առկայությունը:

«Եթե ցանկանում ես մրցունակ լինել, մշտապես պետք է հետևես շուկայում առկա միտումներին և հանդես գաս նորարարական գաղափարներով»,- ավելացնում է գործարարը:

Ներկայում, Պավլիկի արտադրամասում համայնքի երկու բնակիչ է աշխատում, սակայն նա պատրաստվում է գնել նոր սարքավորումներ և աշխատանքի վերցնել ևս մի քանի աշխատողի:

Պավլիկի ձեռնարկության ստեղծումը նշանակալի է դեր ունի համայնքի կյանքում: Նա անվճար կամ մեծ զեղչերով քար է տրամադրում համայնքի բնակիչներին՝ իրենց տները կառուցելու համար: Համայնքում Պավլիկի աջակցությամբ ռազմական գերեզմանատուն է կառուցվել, ուր հանգչում են հայրենիքի պաշտպանների աճյունները: Նրա աջակցությամբ է կառուցվել նաև համայնքի մանկապարտեզը:

Պավլիկը խոստովանում է, որ երջանիկ է զգում, քանի որ ստեղծում է օգտակար և մնայուն արտադրանք:

«Զգացումը, որ քո հայրենիքում կառուցվող տան հիմքերը նաև քո շնորհիվ են դրվում,և որ այդ տանն ապրելու են հետագա սերունդները, աննկարագրելի է»,- ասում է Պավլիկը:

Պավլիկ Գասպարյանը ավելացնում է, որ առանց Թրփանճեան ծրագրի աջակցության նա չէր կարողանա հիմնել իր գործը և միշտ երախտապարտ է լինելու ծրագրի աշխատակցիներին, ովքեր իր հետ միասին պայքարել են հասնելու այն հաջողությանը, որը նա ունի այսօր:

10 տարի հետո Պավլիկն իր արտադրանքը տեսնում թե՛ հայաստանյան և թե՛ միջազգային շուկայում: