Blog

,

Մեր կամավորները

vԹրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը որպես եզակի ծրագիր Հայաստանում հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին և երիտասարդներին ներգրավվել ծրագրի ամենօրյա գործողություններում և դառնալ թիմի անդամ: Թրփանճեան ծրագիրը սերտորեն համագործակցում է Դեպի Հայք և այլ կազմակերպությունների հետ և հյուրընկալում է համապատասխան որակավորմամբ կամավորների, ովքեր ցանկանում են Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացման այս կարևոր գործում  իրենց ներդրումն ունենալ, նպասել գյուղական բնակչության շրջանում ձեռնարկատիրության և բիզնես միջավայրի զարգացմանը: Թրփանճեան ծրագիրը համապարփակ աշխատանքային ծրագիր է առաջարկում նրանց, ովքեր ցանկանում են նպաստել  Թրփանճեան ծրագրի նպատակների իրականացմանը, միևնույն ժամանակ բարելավել իրենց հմտությունները և ոլորտում ձեռք բերել նոր գիտելիքներ: Կամավորության ժամանակահատվածում կամավորը ընգրկվում է ծրագրի յուրաքանչյուր փուլին՝ ձեռնարկատիրական դասընթացներ, բիզնես ծրագրերի կազմում և վերլուծություն, հանդիպումներ շահառուների հետ, այցելություններ ծրագրի հաջողակ ձեռնարկատերերի բիզնես տարածքներ՝ նույնիսկ ամենահեռավոր համայնքներ: Կամավորները իրենց միջազգային փորձը բերում են Հայաստանի և Արցախի ամենահեռավոր գյուղեր, իսկ իրենց հետ տանում են հայկական գյուղի ոգին և ներդաշնակությունը:

 

garoՄեր կամավորներից՝ Հորդանանում ծնված Գարո Սերպեկյանը, ով ունի աուդիո ինժեներական, հաշվապահական կրթություն, և ով նվագում է դաշնամուր, ակարդիոն և պարում հայկական ժողովրդական պարեր, ցանկություն էր հայտնել որպես կամավոր աշխատել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Արցախի գրասենյակում: Գարոն այնքան է հավանել Արցախը և աշխատանքը ծրագրում, որ Արցախում հիմնվելու և Թրփանճեան ծրագրի հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն է հայտնել:

«Աշխատանքը Թրփանճեան ծրագրում շատ ճանաչողական և տեղեկատվական էր: Ես հնարավորություն ունեցա հանդիպել տեղի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից և ծանոթանալ նրանց կենսակերպին, ամենօրյա խնդիրներին, հատկապես կապված իրենց եկամտի աղբյուրների հետ:

Թրփանճեան ծրագրի գաղափարը և աշխատանքային համակարգը շատ տպավորիչ է: Այն մարդկանց սովորեցնում է ինչպես ձուկ որսալ իրենց ուժերով, նրանց պարզապես ձուկ նվիրելու փոխարեն: Աշխատանքը ծրագրում ինձ համար խթան հանդիսացավ այս գաղափարի մասին ավելին սովորելու և փորձելու դառնալ ծրագրի թիմի լիարժեք անդամ:

Բիզնես ծրագրերը կարդալով և վերլուծելով՝ ես շատ բան սովորեցի գյուղական համայնքների փոքր բիզնեսի տեսակների մասին, ինչպիսիք են մեղվաբուծությունը, թռչնաբուծությունը, ջերմոցները և այլն:

Ես հնարավորություն ունեցա ծանոթանալ դասընթացների բովանդակությանը և ներկա գտնվել նրանցից մի քանիսին: Դասըթացների շնորհիվ ես թարմացրի և ավելացրի իմ գիտելիքները:

Ես կարծում եմ այն աշխատանքը, որը Թրփանճեան ծրագիրն է իրականացնում աննկարագրելի է, և ես շատ կցանկանայի լինել այս ծրագրի մի մասը, թե՛ հիմա և թե՛ ապագայում»:

 

 

AlineԹրփանճեան ծրագրի Արցախի գրասենյակում աշխատած մեկ այլ կամավոր մասնագիտությամբ տնտեսագետ Ալինե Կազանջյանը իր անցկացրած ժամանակը ծրագրում համարում է շատ ճանաչողական և օգտակար: Ըստ Ալինեի՝ ամենահետաքրքիրը ծրագրում իր համար Արցախի հյուրասիրության և ձեռնարկատիրական յուրահատուկ մշակույթին ծանոթանալն էր:

«Ամենաճանաչողականը ինձ համար այցելելն էր Թրփանճեան ծրագրի մի ձեռնարկատերի, ով կարիք ուներ բարելավելու իր բիզնես ծրագիրը ֆինանսավորում ստանալու համար: Անմիջական շփումը այս յուրահատուկ, շատ հյուրասեր մարդու հետ ինձ օգնեց հասկանալ բիզնես վարելու մշակութային տարբերությունները: Այս հանդիպման արդյունքում ես մեծ փորձ ձեռք բերեցի, ես կարողացա քննարկել ձեռնարկատիրոջ հետ նրա բիզնես գաղափարը, նպատակները, և մենք միասին աշխատեցինք այն փոփոխությունների վրա, որոնք նա պետք է ներմուծի իր բիզնես ծրագիր այն իրատեսական դարձնելու և ֆինանսավորում ստանալու համար:

Կամավորության ամբողջ ընթացքում ես մեծ հաճույքով եմ աշխատել գյուղական համայնքների ձեռնարկատերերի հետ: Բիզնես ծրագրերը ուսումնասիրելը շատ հետաքրքիր էր: Ամենակարևորը այս ծրագրերում այն էր, որ ստեղծվող բիզնեսը համայնքում ստեղծում էր նոր աշխատատեղեր:

Թրփանճեան ծրագրի թիմը միշտ աջակցում էր ինձ, սովորեցնում էր Արցախին հատուկ բիզնես պլանավորման և գործարարության մշակույթը: Ես շատ արժեքավոր մասնագիտական փորձ ձեռք բերեցի Թրփանճեան ծրագրում աշխատելով:

Ցանկանում եմ նշել, որ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը համայնքների ձեռնարկատերերին տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքները և աջակցությունը գյուղական համայնքների կայուն զարգացման համար»: