Blog

, , ,

Ազգային խոհանոց և hյուրատուն Արենիում, Վայոց Ձորի մարզ

Երիտասարդ ձեռնարկատեր, 25-ամյա Անուշավան Գրիգորյանը Արենի համայնքից, իմանալով ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից սկսնակ ձեռնարկատերերին առաջարկվող հնարավորությունների մասին, որոշում է դիմել Ծրագրին: Անուշավանը ցանկանում էր նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել բիզնեսի զարգացման ոլորտում, ինչպես նաև ծրագրի ֆինանսական աջակցության միջոցով ընդլայնել իր զբոսաշրջային բիզնեսը և բարելավել ծառայությունների մատուցման որակը:

Ծրագրի դասընթացների փուլը հաջողությամբ ավարտելով՝ Անուշավանը ստացավ ծրագրի գործընկեր բանկի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը և սկսեց զարգացնել իր բիզնեսը՝ ըստ իր բիզնես ծրագրի:

Անուշավանը կառուցել է շատ հարմարավետ ձմեռային և ամառային տաղավարները, որտեղ Արենի այցելող զբոսաշրջիկները կարող են հանգստանալ և վայելել հայկական խոհանոցի համեղ կերակրատեսակներ:

Դեռ ավելին, Անուշավանը ժամանցային այլ միջոցառումներ է կազմակերպում զբոսաշրջիկների համար՝  ներկայացնելով հայկական մշակույթը և սովորույթները: Այցելուները տեղեկանում են, թե ինչպես են թխում հայկական լավաշը և պատրաստում հայկական գինին:

Անուշավանի քրտնաջան աշխատանքի արդյունքը ամբողջ տարին աշխատող մի բիզնես է, որն ունի բոլոր հարմարությունները մեծ թվով զբոսաշրջիկների գրավելու համար: Անուշավանը զբոսաշրջիկների է հյուրընկալում տարբեր երկրներից՝ Ֆիլիպիններից, Ճապոնիայից, Ռուսաստանից, և շատ այլ եվրոպական երկրներից:

Վերջերս, հետևելով Թրփանճեան ծրագրի մարզային ղեկավարի խորհրդին՝ Անուշավանը երկու գովազդային վահանակներ է տեղադրել մայրուղու վրա, ինչի արդյունքում իր տաղավար այցելուների քանակը կրկնապատկվել է:

Անուշավանի հաջողակ բիզնեսը Արենի համայնքը ավելի գրավիչ է դարձրել զբոսաշրջիկների համար: