Blog

, ,

Թրփանճեան ծրագրի շահառուն իր երկրորդ բիզնեսը հիմնեց Շիրակի մարզում

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառու պրն. Գագիկ Սիմոնյանի բիզնեսի պաշտոնական բացումը ժապավեն կտրելու հանդիսավոր արարողությամբ: ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ  պրն. Գագիկ Սիմոնյանը Շիրակի  մարզի Սարալանջ գյուղում բացել է սրճարան-բիստրո, որը, բացման արարողությանը ներկա համագյուղացիների  հավաստմամբ, հայտնություն է գյուղում նորարարական ու պրագմատիկ մոտեցման շնորհիվ:

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի բիզնես դասընթացների ստացված գիտելիքների ու հմտությունների շնորհիվ պրն. Սիմոնյանի նորաբաց սրճարանը առանձնանում է ճարտարապետական ճիշտ նախագծմամբ, հետաքրքիր ու ժամանակակից դիզայնով և բարձր սանիտարահիգիենիկ պայմաններով: Սրճարանի բացմամբ ստեղծվել է 3 աշխատատեղ:

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ պրն. Սիմոնյանը  ձեռք է բերել ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ, ստացել է բիզնես վարկ և հաջողությամբ հիմնել է իր բիզնեսը:

Սա պրն. Սիմոնյանի երկրորդ բիզնես նախագիծն է ՀԱՀ Թրփանճեան ծրագրի շրջանակներում: Դեռևս 2014 թ.-ին, առաջին անգամ դիմելով ծրագրին և ստանալով համապատասխան գիտելիքներ և վարկավորման հնարավորություն, Սարալանջ գյուղում,   Երևան-Արթիկ մայրուղու հարևանությամբ, նա բացել է մատչելի գներ և որակյալ արտադրանք համատեղող  մանրածախ առևտրի կենտրոն:

Պրն. Սիմոնյանը իր երախտագիտությունն է հայտնել ծրագրին ձեռք բերված գիտելիքների, հնարավորությունների և շարունակական աջակցության համար, որոնք օգտագործելու է համայնքը զարգացնելու և բարձրորակ ծառայություններ տրամադրելու նպատակով: