Blog

,

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրն օգնում է ընդլայնել առողջապահական ծառայությունները ՀՀ մարզերում

Թրփանճեան «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ Կոտայքի մարզի Ջրվեժ և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում բացվեցին նոր սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոններ, որոնք որակյալ բժշկական ծառայություններ կմատուցեն հանրությանը:

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում «Յունկտուռա» ընտանեկան բժշկության կենտրոնի հիմնադիր դոկտոր Սոնա Գրիգորյանը և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի «Արևհատ և Անի» ընտանեկան բժշկության կենտրոնի հիմնադիր դոկտոր Արևհատ Յարալյանը «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի շահառուներ են: Այս ծրագիրը մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում և ուղղված է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքներում և փոքր քաղաքներում բարելավելու որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունը:

Դոկտոր Գրիգորյանը և դոկտոր Յարալյանը վարում էին ընտանեկան բժշկության անկախ պրակտիկա Ջրվեժում և Նոյեմբերյանում: Համայանքներում լրացուցիչ բժշկական ծառայությունների անհրաժեշտության աճով պայմանավորված՝ դոկտոր Գրիգորյանը և Յարալյանը դիմեցին ծրագրին և հաջողությամբ ավարտեցին «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագրի ձեռնարկատիրության և առողջապահության ծառայությունների որակի ապահովման դասընթացները: Նրանք մշակեցին իրենց բիզնես և որակի ապահովման ծրագրերը՝ արժանանալով ծրագրի գործադիր խորհրդի հավանությունը:

Արդյունքում դոկտոր Գրիգորյանը և դոկտոր Յարալյանը ընդլայնեցին իրենց բժշկական կենտրոններում մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ավելացնելով լաբորատոր և գործիքային ախտորոշիչ ծառայություններ, այդ թվում՝ կենսաքիմիական և իմունաբանական լաբորատորիա, ինչպես նաև ուլտրաձայնային ծառայություններ:

Բժշկական կենտրոնների բացման արարողությանը ներկա էին «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» և Թրփանճեան ծրագրի ներկայացուցիչներ, ծրագրի այլ շահառուներ, ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ:

«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրը կշարունակի աջակցել դոկտոր Գրիգորյանին և դոկտոր Յարալյանին՝ նրանց տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն առողջապահության կառավարման, որակի ապահովման, ֆինանսական կառավարման և այլ համապատասխան ոլորտներում:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: