Blog

,

Թրփանճեան ծրագրի աջակցությամբ երկու նոր բիզնես հիմնվեց Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

ԵՐԵՎԱՆ, Հայաստան2019թ.-ի Սեպտեմբերի 13-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառուներ Հրահատ Պողոսյանը Տավուշի մարզից և Գենյա Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզից իրականացրեցին իրենց բիզնեսների պաշտոնական բացումը: Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ այդ թվում լրագրողներ, հասարակական գործիչներ, այլ շահառուներ և համայնքի բնակիչներ:

Հրահատի «Սարի տուն» կոչվող հյուրատունը գտնվում է Սարիգյուղ համայնքում, Երևան-Թբիլիսի ավտոմայրուղու վրա և միաժամանակ կարող է հյուրընկալել 10-ից ավելի հյուր: Հյուրատունը կից ունի նաև առանձին սրահ՝ կորպորատիվ և հասարակական միջոցառումների կազմակերպման համար: Բիզնեսը չորս նոր աշխատատեղ է ստեղծել համայնքում:

Երկրորդ արարողությունը նվիրված էր Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում Գենյայի հյուրատան վերբացմանը: Հյուրատունը նաև առաջարկում է մեղրի համտեսման և մեղրաբուժության ծառայություններ, ինչպես նաև Գեղարքունիքի հիասքանչ բնության գրկում էկո-զբոսաշրջություն: Հյուրատունը երեք նոր աշխատատեղ է ստեղծել համայնքում:

Հրահատը և Գենյան, իմանալով Թրփանճեան ծրագրի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին, դիմել էին ծրագրին, ավարտել ծրագրի կողմից առաջարկվող ձեռնարկատիրական դասընթացները և իրենց բիզնես ծրագրերը իրականացնելու համար ստացել ֆինանսական աջակցություն : Ծրագրի թիմի շարունակական աջակցության շնորհիվ նրանք հաջողությամբ ավարտել են նախատեսված աշխատանքները և բացել են իրենց բիզնեսները, որոնք լիովին համապատասխանում են ծրագրի պահանջներին՝ ներառյալ բարձր մակարդակի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի (Ճամբարակի շրջան), Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: