Blog

,

Թրփանճեան ծրագրի աջակցությամբ երկու նոր բիզնես բացվեց Վայոց ձորի մարզում

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ ևս երկու նոր բիզնես հիմնվեց Վայոց ձորի գյուղական համայնքերում:

Խնձորուտ գյուղ, Բիստրո, արագ սննդի մատուցում

Խնձորուտ սահմանամերձ համայնքից կին ձեռնարկատեր Մոնիկա Ստեփանյանը, լսելով Թրփանճեան ծրագրի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին, որոշել է դիմել ծրագրին և իրականացնել իր սեփական բիստրոն հիմնելու երազանքը, որտեղ գյուղի բնակիչները կարող են համտեսել իր կողմից պատրաստված համեղ կերակրատեսակները:

Ծրագրի աջակցությամբ` Մոնիկան ձեռք է բերել բիզնես կառավարման անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաև բարելավել իր ձեռնարկատիրական հմտությունները: Ծրագրի կոցմից տրված ֆինանսական աջակցության շնորհիվ նա  կառուցել է շինությունը և գնել անհրաժեշտ սարքավորումները կերակրատեսակներ և հացաբուլկեղեն պատրաստելու համար:

Մոնիկայի բիստրոն, որը բացվել է 2019թ.-ի օգոստոսին,  գրանցել է աննախադեպ աճ:. Այն օրեկան ունի 50-60 այցելու և ստեղծել է երկու նոր աշխատատեղ համայնքի բնակիչների համար:

«Աննա Հոմ» հյուրատուն, գյուղ Արենի

Թրփանճեան ծրագրի աջակցությամբ իր դռներն է բացել նաև մեկ այլ բիզնես՝ «Աննա Հոմ» հյուրատունը: Արենի գյուղի բնակիչ, ձեռնարկատեր Աննա Ղազարյանը, ցանկանալով Արփա գետի ափին գտնվող իր սեփական երեք հարկանի շինությունը դարձնել հյուրանոցային բիզնես, դիմել է Թրփանճեան ծրագրին:

Ծրագրի կողմից ստացած ֆինանսական աջակցության միջոցով Աննան վերանորոգել է շինությունը, ձեռք բերել կահույք և հյուրատանը անհրաժեշտ այլ պարագաներ: Ծրագրի կողմից տրամադրվող մենթորական ծրագրի շրջանակներում Աննան ձեռք է բերել անհրաժեշտ հմտություններ իր բիզնեսը սոցիալական և այլ հարթակներում գովազդելու համար:

«Աննա Հոմ» հյուրատունը այժմ ունի չորս ամբողջապես կահավորված սենյակներ՝ յուրաքանչյուրը սեփական լոգարանով, խոհանոց, և ճաշասրահ: Հյուրատան պատշգամբում տեղադրված է հարմարավետ բազմոց, որտեղ հյուրերը կարող են հանգստանալ և վայելել շրջակա լեռների գեղեցկությունը: Հյուրատունը միաժամանակ կարող է հյուրընկալել ութ այցելուի: «Աննա Հոմ» են այցելում զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր վայրերից: Բիզնեսը երեք նոր աշխատատեղ է ստեղծել համայնքում:

 Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի (համայնքների ցանկ), Լոռվա (համայնքների ցանկ),Արարատի (համայնքների ցանկ) Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: