Blog

,

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ երկու նոր բիզնես բացվեց Տավուշում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ ևս երկու նոր բիզնես հիմնվեց Տավուշի գյուղական համայնքներում: Երկու բիզնեսների բացման արարողությունները տեղի ունեցան 2021 թվականի ապրիլի 1-ին և 2-ին։

Հաղարծին Հախվերդյանի մանրածախ առևտրի կենտրոն

Ձեռնարկատեր Սեյրան Հախվերդյանը՝ Տավուշի Հաղարծին համայնքից, տեղեկանալով Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի առաջարկած հնարավորությունների մասին, որոշեց մասնակցել ծրագրի՝ բիզնեսի ուսուցման դասընթացին։ Ֆինանսական աջակցություն ստանալով՝ Հախվերդյանը իրականացրեց մանրածախ առևտրի ձեռնարկություն բացելու իր գաղափարը։

Հախվերդյանի մանրածախ առևտրի կենտրոնը երկհարկանի է, և ըստ ձեռնարկատիրոջ  բիզնես ծրագրի՝ այն կգործի շուրջօրյա։ Մոտ ապագայում Հախվերդյանը տարածք է հատկացնելու խանութի առաջին հարկում հացաբուլկեղենի և մթերային բաժանմունքների համար, ինչպես նաև բացելու է բիստրո, որտեղ տեղի գյուղացիները, զբոսաշրջիկները և այլք կկարողանան համտեսել համեղ ուտեստներ։

Հախվերդյանի մանրածախ առևտրի խանութը Հաղարծին գյուղի կենտրոնում է՝ անմիջապես տեղի դպրոցի հարևանությամբ։ Գտնվում է Բագրատաշեն-Երևան մայրուղու վրա և ունի բավականին մեծ կայանատեղի։ Բիզնեսի արդյունքում ստեղծվել է երկու աշխատատեղ։ Այն տարածքում եզակի է՝ բարձրորակ ապրանքներ և ծառայություններ մատուցելու իր տեսակով։

Բաղանիս Սարգսյանի ավտոտեխսպասարկման կետ

Վարդան Սարգսյանի ավտոտեխսպասարկման կետը մեկ այլ բիզնես է Տավուշի Բաղանիս համայնքում։ Սարգսյանը 12 տարվա փորձ ունեցող մեխանիկ է և ձեռնարկատեր, ով դիմել է ծրագրին՝ իր բիզնեսը ավելի կազմակերպված և արդյունավետ դարձնելու նպատակով։ Սարգսյանը մասնակցել է Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից անցկացվող բիզնես դասընթացին, սովորել, թե ինչպես կիրառել նորարարարությունը բիզնեսում, ինչպես այն դարձնել ավելի մրցունակ և ինչպես տարբեր գործիքների միջոցով ապահովել դրա տեսանելիությունը։ Արդյունքում, նա ստացել է գիտելիք և հմտություններ տեխնոլոգիական նորարարության միջոցով իր բիզնեսը զարգացնելու համար։ Ավտոտեխսպասարկման կետը միակն է տարածքում, որտեղ մոտակա վեց գյուղերի վարորդները կարող են օգտվել բարձրորակ ծառայություններից։

Բիզնեսը նաև ռազմավարական նշանակություն ունի համայնքի համար․ Բաղանիսը Ադրբեջանին սահմանամերձ գյուղ է, իսկ Սարգսյանի ավտոտեխսպասարկաման կետը գտնվում է Բաղանիս-Ոսկան գյուղերի խաչմերուկում՝ Հայաստան-Վրաստան մայրուղու հարևանությամբ։ Բացի այդ բիզնեսը ստեղծել է երկու նոր աշխատատեղ։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի (համայնքների ցանկ), Լոռվա (համայնքների ցանկ),Արարատի (համայնքների ցանկ) Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: