Blog

, ,

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը վերսկսում է դասընթացն Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, Արցախ — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել, որ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը 2021 թվականի ապրիլի 15-ին վերսկսել է իր բիզնես դասընթացն Արցախում:

Դասընթացի այս փուլին մասնակցում էին շուրջ ութ գյուղական համայնքից (Սոս, Պատարա, Հերհեր, Իվանյան, Ծմակահող, Կարմիր շուկա, Մարտունի և Այգեստան) 12 մասնակից: Ծրագիրը բաղկացած է գործարար կառավարման 10 դասընթացից և նախատեսված է հատկապես նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռնարկատիրական գործունեությամբ: Հետպատերազմյան Արցախում այսպիսի ծրագրերն ունեն հատուկ ռազմավարական նշանակություն, քանի որ դրանք նպատակաուղղված են խրախուսելու տեղի բնակիչներին և նպաստելու փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Ծրագրի նպատակն է վերականգնել մարդկանց ապրուստի միջոցները ու հասնել կայուն տնտեսական զարգացման:

«Կազմակերպում ենք բիզնեսի կառավարման դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր նպատակ ունեն զբաղվել գործարարությամբ կամ ընդլայնել գործող բիզնեսը: Դասընթացները կազմակերպվում են 3 հիմնական փուլերով՝ ուսուցում, ծրագրի հաստատում և վարկավորում,  շարունակական  մոնիթորինգների և սեմինարների անցկացում: Անկախ փորձագետները քննում են հավանության արժանացած ծրագրերը, որից հետո տրամադրվում է մինչև 3,5 միլիոն դրամ վարկ` 3 տարով՝ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով: Հետևողական ենք նաև բիզնես ծրագրի կայացման, նրա հետագա գործունեության, ինչպես նաև տրամադրվող ռեսուրսների նպատակային օգտագործման հարցերում»,- նշում է Արցախի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի համակարգող Լիլիթ Ղազարյանը:

Դասընթացի մասնակիցները ոգևորությամբ ընդունեցին ընձեռված հնարավորությունը։ Նրանք մտադիր են Արցախը կրկին ծաղկեցնել: ՀԱՀ-ի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը հավատում է կրթության վերափոխող ուժին և հետևողականորեն ձգտում է տնտեսական հնարավորությունները մատչելի և հասանելի դարձնել գյուղական համայնքներին։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի (համայնքների ցանկ), Լոռվա (համայնքների ցանկ), Արարատի (համայնքների ցանկ) Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը:

Մեդիա անդրադարձ․

[Ազատ Արցախ] Մեկնարկել են Թրփանջյան Գյուղական Համայնքների Զարգացման Ծրագրի դասընթացները