Blog

, ,

Չորս նոր բիզնես է բացվել Արցախում ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել Արցախում մեկնարկած չորս նոր բիզնեսների մասին,  որոնք բացվել են Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կայուն աջակցությամբ: Ավելի քան երկու տասնամյակ ՀԱՀ ԹԳՀԶԾ-ի նպատակն է նպաստել  գյուղական համայնքների  տնտեսական զարգացմանը մշտական դասընթացների, ուսուցման և մենթորության միջոցով պոտենցիալ ձեռներեցներին՝ նոր բիզնես սկսելու կամ գործող բիզնեսները վերահիմնադրելու և ընդլայնելու համար:

2021 թվականին շարունակելով իր գործունեությունը Արցախի մի քանի գյուղերում՝ ԹԳՀԶԾ-ն աջակցել է Սոսում հացի արտադրամասի, Այգեստանում ավտոլվացման կետի, Մարտունիում      ավտոլվացման պարագաների մանրածախ խանութի և Այգեստանում արագ սննդի սպասարկման սրահի հիմնադրմանը։

Հացի արտադրամաս Սոսում

2021 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախի Մարտունու շրջանի սահմանամերձ համայնքներից մեկում՝ Սոս գյուղում, հանդիսավորությամբ վերաբացվեց նախկինում գործող հացի արտադրամասը:          Սեփականատեր Արթուր Ալեքսանյանը, 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո դադարած հացի արտադրամասի գործնեությունը վերագործարկելու նպատակով դիմել էր ՀԱՀ ԹԳՀԶԾ-ին    տեխնիկական գիտելիքների և աջակցության համար։ Մարտունու տարածաշրջանում էլեկտրամատակարարման և այլ նյութատեխնիկական հարցերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ էին առաջացել՝ խափանելով հացի արտադրամասի և բազմաթիվ այլ ձեռնարկությունների աշխատանքը։

Ծրագրի աջակցությամբ Ալեքսանյանը ձեռք բերեց իր բիզնեսը հաջողությամբ վերսկսելու համար  անհրաժեշտ գիտելիքներ  ու հմտություններ։ Վերապատրաստումից և ուսուցումից զատ, ԹԳՀԶԾ-ն      տրամադրել է      անհրաժեշտ  ֆինանսական աջակցություն շենքի վերանորոգման, մասնագիտացված վառարան ձեռք բերելու և ենթակառուցվածքների՝ սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանելու  համար:  Վերագործարկման շրջանակում Ալեքսանյանը նաև ստեղծել  է իր բիզնեսի «Ալեքս» ապրանքանիշը։

Հացի արտադրամասը միակն է, որը սպասարկում է Սոս և հարակից Հերհեր, Ծովատեղ, Մաճկալաշեն, Խերխան համայնքները։ Հացի արտադրամասի վերագործարկումը, որը  ռազմավարական նշանակություն ունի համայնքի վերածննդի համար, ստեղծել է  երեք նոր աշխատատեղ:

Ավտոլվացման սրահ Այգեստանում

2021 թվականի նոյեմբերին Արսեն Պետրոսյանը ՀԱՀ ԹԳՀԶԾ-ի աջակցությամբ ավտոլվացման սրահ է հիմնել Այգեստան համայնքում։ Հաճախորդների պահանջարկը բավարարելու և իր բիզնեսը ընդլայնելու համար Պետրոսյանը դիմել էր ծրագրին՝ ցանկանալով  գործող ավտոլվացման սրահին կից հիմնել ավելի ժամանակակիցը։ Հաջողությամբ ավարտելով դասընթացը և ներկայացնելով իր բիզնես ծրագիրը՝ Պետրոսյանը ֆինանսական աջակցություն ստացավ ԹԳՀԶԾ-ից՝ իր ընդլայնման ծրագիրը կյանքի կոչելու համար։

«Իրականում ՀԱՀ ԹԳՀԶԾ-ի աջակցությամբ երկրորդ ավտոլվացման կետի գործարկումն   ավելի մեծ   խթան է  իմ բիզնեսի հաջող գործունեությունը ապահովելու համար: Այժմ հաճախորդները մեքենաները լվանալու համար ստիպված չեն հերթում սպասել։ Նաև նոր ավտոլվացման կետն իր ժամանակակից սարքավորումներով առավելություններ է տալիս»,- ասում է ձեռնարկատերը։

Ստացած օժանդակությամբ նա կարողացել է կառուցել նոր ավտոլվացման սրահ, համալրել այն անհրաժեշտ սարքավորումներով և սկսել լիարժեք գործունեությունը։ Ներկայումս նրա բիզնեսը մատուցում է մի շարք ծառայություններ, այդ թվում՝ հիմնական ավտոլվացում, փայլեցում, փոշեկուլով մաքրում և այլն: Մեքենաների լվացման նոր կետը հնարավորություն է տվել ստեղծել մեկ նոր աշխատատեղ:

Ավտոլվացման  պարագաների  մանրածախ խանութ Մարտունիում

Սեփականատեր Հովիկ Մանասյանի նոր բիզնեսը պաշտոնապես իր դռները բացեց 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում։ Մանասյանը ԹԳՀԶԾ -ին դիմել էր 2021 թվականին՝ երկրորդ վարկային հայտով՝ 2017 թվականին ԹԳՀԶԾ-ի աջակցությամբ ստեղծած ավտոլվացման սրահին կից   ավտոլվացման պարագաների մանրածախ խանութ բացելու  համար։ Երկրորդ բիզնես սկսելու գաղափարը պայմանավորված   էր Արցախյան պատերազմից հետո նրա կատարած շուկայի ուսումնասիրության արդյունքների վրա:

ԹԳՀԶԾ-ի կողմից ֆինանսական աջակցության հաստատումը ստանալուց հետո Մանասյանը նախաձեռնել է շենքի կառուցումը, ձեռք է բերել կահավորումը և հարակից մանրածախ խանութի պարագաները: ԹԳՀԶԾ-ի մարզային գործունեությունը համակարգող գրասենյակի կայուն մենթորությունը օգնեց բարելավելու նրա հմտությունները, մասնավորապես՝ իր բիզնեսը սոցիալական ցանցերում և այլ հարթակներում հանրայնացնելու  հարցում:

Բացման միջոցառմանը Մանասյանը կարևորեց   ԹԳՀԶԾ-ի դերը՝ իր երախտագիտությունը հայտնելով ԹԳՀԶԾ թիմին՝ շարունակական աջակցության և առաջնորդության համար։

           Բիզնեսը   ստեղծել է երկու նոր աշխատատեղ։

Արագ սննդի սպասարկման սրահ Այգեստանում

Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից երիտասարդ ձեռներեց Նարեկ Մախմուրյանը, տեղեկանալով ՀԱՀ ԹԳՀԶԾ Ստեփանակերտի գրասենյակի կողմից առաջարկվող ծրագրի մասին, մասնակցել էր դասընթացին՝ արագ սննդի սպասարկման սրահ  բացելու մտադրությամբ։ Նրա բիզնեսը տեղի գյուղացիներին և Մարտակերտ-Ստեփանակերտ մայրուղով ճանապարհորդներին կառաջարկի համեղ ուտեստներ  և տաք ըմպելիքներ:

2021 թվականին Մախմուրյանը հաջողությամբ ավարտեց ձեռներեցության դասընթացը և ներկայացրեց իր բիզնես ծրագիրը, որը հաստատվեց ՀԱՀ ԹԳՀԶԾ-ի կողմից և, ֆինանսական աջակցություն ստանալով, դարձավ իրականություն։

ԹԳՀԶԾ -ի աջակցությամբ, նա կարողացավ կառուցել շինությունը, կահավորել այն և ձեռք բերել արագ սննդի սպասարկման սրահի գործարկման համար  անհրաժեշտ սարքավորումներ  ու պարագաներ: Մենյուն բազմազան է՝  կարկանդակներ, քյաբաբ, հավի գրիլ, գարեջուր, սուրճ, թեյ և այլ ըմպելիքներ:

Մախմուրյանը հավատարիմ է իր սրահում  բարձրորակ ծառայություններ մատուցելու գաղափարին և համայնքում երեք նոր աշխատատեղ է ստեղծել։

 

ՀԱՀի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում Շիրակի, Տավուշի, Վայոց  ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) առկա և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղ: Ծրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։