ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ Շիրակի և Տավուշի մարզերում երկու նոր բիզնես է բացվել
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել Շիրակի և Տավուշի մարզերում մեկնարկած երկու նոր բիզնեսների մասին, որոնք բացվել են Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կայուն աջակցությամբ:
Մանրածախ առևտրի սրահ Մարալիկ քաղաքում
2021թ.-ի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀԱՀ ԹԳՀԶԾ շահառու Նելլի Գինոսյանի բիզնեսի պաշտոնական բացումը: Գինոսյանը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հիմնել է բազմազան ապրանքատեսականիով համալրված մանրածախ առևտրի սրահ: Խանութը կրում է «Նուռ» անվանումը և գտնվում է Մարալիկ քաղաքի կենտրոնական մասում, ավտոկայանին կից բանուկ հատվածում:
Գինոսյանը, մասնակցելով ԹԳՀԶԾ–ի բիզնես դասընթացին, ձեռք է բերել ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ, ստացել բիզնես վարկ և հաջողությամբ հիմնել իր բիզնեսը: Ստեղծվել է երկու նոր աշխատատեղ: Խանութն աշխատելու է առավոտյան 8:00-ից մինչ կեսգիշեր և լինելու է մրցունակ նաև իր աշխատաժամերի հաշվին: Խանութի հարևանությամբ Գինոսյանը հիմնել է վարսավիրանոց, որը նույնպես հաջողությամբ գործում է:
Գինոսյանը երախտապարտ է ԹԳՀԶԾ-ին ձեռք բերած գիտելիքների, ուսուցման հետևողական բարձր որակի և ԹԳՀԶԾ-ի անձնակազմի կոլեգիալ ու մասնագիտական մոտեցման համար։ Նա ակնկալում է շարունակական համագործակցություն ՀԱՀ ԹԳՀԶԾ-ի հետ և վստահ է, որ մեկ անգամ ևս կդիմի ծրագրին՝ իր նոր բիզնես գաղափարների համար աջակցություն ստանալու:
Պեմզաբլոկի արտադրություն Գետահովիտ գյուղում
Երիտասարդ ձեռներեց Գևորգ Ադամյանը Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում գտնվող երկու տեսակի պեմզաբլոկի արտադրության իր բիզնեսը հիմնել էր երկու տարի առաջ: Արտադրանքի պահանջարկի աճին զուգահեռ՝ Ադամյանը որոշեց ընդլայնել իր բիզնեսը և արդիականացնել այն նոր սարքավորումներով: Տեղեկանալով ՀԱՀ ԹԳՀԶԾ-ի Իջևանի գրասենյակի ընձեռած հնարավորությունների մասին՝ Ադամյանը որոշեց մասնակցել բիզնես դասընթացին։ Այն հաջողությամբ ավարտելուց հետո Ադամյանը ներկայացրեց իր բիզնես ծրագիրը և ստացավ ֆինանսական աջակցություն ՀԱՀ ԹԳՀԶԾ-ից երկու լրացուցիչ սարքավորումներ ձեռք բերելու, բիզնես ենթակառուցվածքը բարելավելու և չորս նոր տեսակի բլոկներ արտադրելու նպատակով:
«Շատ շնորհակալ եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին շարունակական աջակցության համար: Ծրագրի առաջնորդությամբ և աջակցությամբ ես ընդլայնել եմ իմ բիզնեսը և առաջ եմ շարժվել»,- նշում է Ադամյանը։
Այսօր բիզնեսն աշխատում է ամբողջ հզորությամբ` արտադրելով վեց տեսակի պեմզայի բլոկներ: Վաճառքն ավելացել է, և Ադամյանն ընդլայնել է իր հաճախորդների ցանցը՝ ներառելով մշտական պատվերներով շինարարական ընկերություններ: Որպես սոցիալապես պատասխանատու ձեռներեց՝ նա խստորեն հետևում է ծրագրի պահանջներին և ուղեցույցներին՝ օգտագործելով էկոլոգիապես մաքուր լվացող նյութեր՝ տիղմի գոյացումը նվազեցնելու նպատակով:
ՀԱՀ–ի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) առկա և սկսնակ բիզնեսներին:
Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղ: Ծրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։