Blog

,

ՀԱՀ ԹԳՀԶԾ-ն աջակցում է Վայոց Ձորում նոր բիզնեսի բացմանը

ԱՐԵՆԻ, Հայաստան: Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել Վայոց Ձորի մարզում մեկնարկած  նոր բիզնեսի մասին, որը բացվել է Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կայուն աջակցությամբ:

Անցյալ շաբաթ տեղի ունեցավ ԹԳՀԶԾի շահառու Հայկ Հարությունյանի բիզնեսի պաշտոնական բացումը Արենի համայնքում։ Ձեռնարկատերը «Շեն Արենի» ապրանքանիշով շինանյութի մանրածախ առևտրի խանութ է հիմնել՝ համայնքում ստեղծելով ևս մեկ աշխատատեղ։ Արենին վեց գյուղերից բաղկացած խոշորացված համայնք է, և այս նոր խանութը՝ հիմնված համայնքի կենտրոնում, հասանելի է բոլորին:

Շինանյութերի մանրածախ խանութ հիմնելու գաղափարով Հարությունյանը դիմել է ԹԳՀԶԾին և ընդգրկվել ձեռներեցության ծրագրում, որտեղ ձեռք է բերել համապատասխան գիտելիքներ և հմտություններ մարքեթինգի, ֆինանսական կառավարման, գործառնական ռազմավարության  ոլորտներում։ Դասընթացի ավարտիննրա բիզնես ծրագիրը և գաղափարը ստացել են վարկավորման և իրականացման հաստատում:

Այսօր նրա շինանյութի խանութն աշխատում է ամբողջ ուժով։ Վաճառքները հետևողականորեն աճում են, և Հարությունյանն աստիճանաբար ընդլայնում է շինանյութերի տեսականին՝ շինարարական ընկերությունների և մատակարարների հետ համապատասխան ցանցային կապի ընդլայնման միջոցով։

Հարությունյանը երախտապարտ է ԹԳՀԶԾին և ակնկալում է շարունակական համագործակցություն՝ վստահ լինելով, որ ևս մեկ անգամ կդիմի ծրագրին իր նոր բիզնես գաղափարները իրականացնելու նպատակով։ Նրա մայրը՝ Աննա Ղազարյանը, նույնպես նախկինում եղել է ԹԳՀԶԾի շահառու: Վերջինս Արենիում հիմնել է հյուրատուն և հետևողականորեն զարգացրել  իր բիզնեսը:

Հարությունյանն ընդունում է այն անգնահատելի աջակցությունը, որ ստացել է ԹԳՀԶԾից` նշելով. «Ես այնքան շնորհակալ եմ ԹԳՀԶԾին: Առանց ծրագրի աջակցության ես չէի կարողանա իրականացնել իմ բիզնես գաղափարն իմ հայրենի գյուղում»:

ՀԱՀի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) առկա և սկսնակ բիզնեսներին:

Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղ: Ծրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։