ԹԳՀԶԾ-ն աջակցում է Տավուշում նոր բիզնեսի բացմանը
ՏԱՎՈՒՇ, Հայաստան: Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել, որ Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կայուն աջակցությամբ Տավուշի մարզում նոր բիզնես է հիմնվել:
Անցյալ շաբաթը նշանավորվեց Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ԹԳՀԶԾ-ի շահառու Արարատ Մելիքբեկյանի խանութի պաշտոնական բացմամբ, որը կրում է Չալի շուկա (Chali Market) անունը։ Խանութի անվանումը հատուկ ընտրված է՝ ընդգծելու այն տարածքը, որտեղ գտնվում է բիզնեսը՝ Չալի թաղամասը: Մանրածախ խանութի բացման շնորհիվ համայնքում ստեղծվել է երկու լրացուցիչ աշխատատեղ:
2000 թվականին Մելիքբեկյանների ընտանիքը Աչաջուր գյուղում հիմնել էր փոքր բիզնես՝ կրպակ։ Ընտանիքի անդամներն ամբողջությամբ ներգրավված էին մրգի, բանջարեղենի և փոքր քանակությամբ այլ պարենային ապրանքների վաճառքին։
Վճռելով ընդլայնել բիզնեսը՝ Մելիքբեկյանը դիմեց ԹԳՀԶԾ-ին՝ ընդգրկվելով 2021 թվականի ձեռներեցության ծրագրում: Ծրագրի շնորհիվ նա ձեռք բերեց համապատասխան գիտելիքներ և հմտություններ մարքեթինգի, ֆինանսական կառավարման, գործառնական ռազմավարության և ընդհանուր բիզնեսի ոլորտներում: Դասընթացն ավարտելուց հետո Մելիքբեկյանըմշակել է ամբողջական բիզնես ծրագիր, որը վարկավորման հաստատում է ստացել՝ անհրաժեշտ սարքավորումներ և պարագաներ ձեռք բերելու և խանութ կառուցելու գաղափարը կյանքի կոչելու համար։ «Մեկ ամսում ավելի շատ բան սովորեցի, քան իմ բիզնեսի վարման 20 տարիների ընթացքում»,- նշում է Մելիքբեկյանը՝ իր խորին շնորհակալությունը հայտնելով ծրագրին։ Շնորհավորելովվերջինիս՝ ԹԳՀԶԾ Իջևանի ծրագրի ղեկավարը բարձր գնահատեց նրան՝ նշելով, որ մարզիչները Մելիքբեկյանին բնորոշել են որպես պատասխանատու, ճշտապահ և վճռական անձնավորության:
ՀԱՀի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն է տրամադրում Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) առկա և սկսնակ բիզնեսներին:
Համայնքների ցանկը և ընդունելության չափանիշները կարող եք գտնել այստեղ: Ծրագիրը շարունակում է ընդունել դասընթացի հաջորդ փուլի հայտեր։