Blog

, , ,

ՀԱՀ ԹԳՀԶԾ աջակցությամբ Տավուշում բացվել է երեք նոր բիզնես

ՏԱՎՈՒՇ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել Տավուշի մարզում երեք նոր բիզնեսի հաջող մեկնարկի մասին, ինչը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) աջակցությամբ: Համագործակցելով ՀԱՀ շարունակական կրթության բաժնի հետ՝ ԹԳՀԶԾ-ն առանցքային դեր է խաղում Հայաստանի մարզերում ձեռնարկատերերին աջակցելու, նոր ձեռնարկությունների հիմնադրման և աշխատատեղերի ստեղծման գործում:

ԹԳՀԶԾ Տավուշի թիմը՝ դաշտային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանի գլխավորությամբ, ներկա էր բոլոր երեք բացման արարողություններին՝ տոնելով նոր բիզնեսի սեփականատերերի ձեռքբերումներն ու նրանց ներդրումը մարզի տնտեսության մեջ:

Անդրանիկ Մալխասյանը Աղավնավանք գյուղում հաջողությամբ գործարկեց մթերային խանութն ու հացի փուռը՝ ստեղծելով երեք նոր աշխատատեղ։ Փուռը հագեցած է բարձրակարգ տեխնիկայով, ինչի շնորհիվ թխվում է որակյալ արտադրանք՝ ապահովելով համայնքը թարմ հացաբուլկեղենով։ Իր խորին շնորհակալությունը հայտնելով ԹԳՀԶԾ-ին աջակցության համար՝ Մալխասյանը հատկապես կարևորեց շուկայի միտումները վելուծելու և սպառողների նախասիրությունները հասկանալու գործում ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: Նա լավատես է իր բիզնեսի ապագա հաջողություններում և նախատեսում է բիզնեսը ընդլայնելու նպատակով հետագայում ևս դիմել ծրագրին։ 

ԹԳՀԶԾ Տավուշի մեկ այլ շահառու՝ Կարեն Մխիթարյանը, Ծաղկավան գյուղում բացել է ավտոտեխսպասարկման կենտրոն։ ՀԱՀ շարունակական կրթության հետ համատեղ մշակված դասընթացներին մասնակցելուց հետո նա ձեռք բերեց անհրաժեշտ հմտություններ՝ իր բիզնեսը գաղափարը կյանքի կոչելու և զարգացնելու համար: Լինելով համայնքում ավտոտեխսպասարկման ծայաություններ մատուցող միակ ձեռնարկությունը՝ Մխիթարյանն արդեն իսկ հասցրել է գրավել հաճախորդներ ոչ միայն Ծաղկավանից, այլ նաև կից համայնքներից՝ լրացնելով տեղական շուկայում կարևոր բացը:

Գետահովիտ գյուղում Էմմա Ղազարյանը ԹԳՀԶԾ աջակցությամբ հիմնել է խմորեղենի արտադրության բիզնես։Հետևողականորեն մասնակցելով բիզնես կառավարման դասընթացներին և ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ, Ղազարյանը համայնքում նոր մշակույթ է բերել։ Նրա բիզնեսը, որը պահպանում է սանիտարհիգինեիկ գերազանց պայմանները, արագորեն գրավել է հաճախորդների ինչպես Գետահովիտից, այնպես էլ մոտակա համայնքներից՝ վայելելով մեծ վստահություն: Ղազարյանի ոգևորությունն ու նվիրվածությունն ակնհայտ խթանիչ են նրա նոր ձեռնարկության հաջողության գործում։

Բացման արարողությունների ժամանակ ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Տավուշի ծրագրի ղեկավար Սոս Վարդումյանը ընդգծեցին, որ այսպիսի ձեռնարկատերերին աջակցելով՝ ԹԳՀԶԾ-ն նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղի փոքր տնտեսությունների համար, որոնց առջև բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։ Իր լավատեսությունը հայտնելով Տավուշի համայնքների զարգացման հեռանկարների վերաբերյալ, Զորայր Կիրակոսյանը նաև վերահաստատեց ԹԳՀԶԾ և ՀԱՀ շարունակական կրթության բաժնի հանձնառությունը՝ աջակցելու նորարարական լուծումների ձգտող ձեռներեցներին։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, աջակցելով ՀԱՀ շարունակական կրթության բաժնի հետ, տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։