Blog

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել Վայոց ձորի սահմանամերձ Գոմք գյուղում նոր հյուրատան հիմանդրման մասին

, ,

ԹԳՀԶԾ աջակցում է նոր բիզնեսի ստեղծմանը Վայոց ձորի սահմանամերձ գյուղում

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել Վայոց ձորի սահմանամերձ Գոմք գյուղում նոր հյուրատան հիմանդրման մասին, ինչը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) աջակցությամբ: Համագործակցելով ՀԱՀ շարունակական կրթության բաժնի հետ՝ ԹԳՀԶԾ-ն առանցքային դեր է խաղում Հայաստանի մարզերում ձեռնարկատերերին աջակցելու, նոր ձեռնարկությունների հիմնադրման և աշխատատեղերի ստեղծման գործում:

Հայկ Սարգսյանի հյուրատան բացումը նշանակալից իրադարձություն է սահմանամերձ Գոմք համայնքի համար, հատկապես՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Հեռավոր այս գյուղը հարուստ է միջնադարյան նշանակալից մշակութային կոթողներով, հիաշքանչ բնությամբ և քայլարշավների համար նախատեսված հետաքրքիր երթուղիներով, ինչը կարող է գրավիչ ուղղություն դառնալ թե՛ ներքին զբոսաշրջության համար և թե՛ արտասահմանից ժամանած հյուրերի համար։ Սարգսյանի հյուրատունը սոսկ բիզնես նախաձեռնություն չէ, այլ՝ հեղափոխական ծրագիր է, որը լրացնում է համայնքում հյուրընկալության ոլորտի մի շարք բացեր։ Մեծ խնամքով ընտրված ներքին հարդարանքը և առաջարկվող բարձրակարգ ծառայությունները դրական ազդեցություն կունենան համայնքի կյանքում, հատկապես՝ տնտեսության դիվերսիֆիկացիայի գործում։ Բացի հյուրատնից, Սարգսյանն իր հյուրերին առաջարկելու է նաև այլ ծառայություններ՝ մեղվաբուծարան, վրանային հանգիստ, ձիարշավարան և գաստրոբար։ 

Բացման իր խոսքում Սարգսյանը խորին երախտագիտություն հայտնեց ԹԳՀԶԾ-ին` իր երիտասարդ ընտանիքի բիզնես նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար։ Ընդգծելով իր բիզնեսի կարևորությունը սահմանամերձ գյուղի տնտեսության զարգացման գործում՝ Սարգսյանը ներկաներին նույնպես խրախուսեց ԹԳՀԶԾ-ը դիտարկել որպես արժեքավոր ռեսուրս իրենց բիզնես գաղափարների առաջխաղացման համար։

Միջոցառման ժամանակ ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Վայոց ձորի ծրագրի ղեկավար Նարինե Բաբայանը նույնպես ընդգծեցին, որ այսպիսի ձեռնարկատերերին աջակցելով՝ ԹԳՀԶԾ-ն  նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղի փոքր տնտեսությունների համար, որոնց առջև բացվում են համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ, ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ խթանելով համայնքների զարգացումը Հայաստանի մարզերում։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։