Blog

, , ,

ԹԳՀԶԾ աջակցում է նոր բիզնեսի ստեղծմանը Վայոց ձորի Ելփին համայնքում

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել Վայոց ձորի Ելփին գյուղում հացի փռի հիմանդրման մասին, ինչը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) աջակցությամբ: Համագործակցելով ՀԱՀ շարունակական կրթության բաժնի հետ՝ ԹԳՀԶԾ-ն առանցքային դեր է խաղում Հայաստանի մարզերում ձեռնարկատերերին աջակցելու, նոր ձեռնարկությունների հիմնադրման և աշխատատեղերի ստեղծման գործում:

Ժանետտա Աղախանյանի հացի փռի բացումը նշանակալից իրադարձություն էր Ելփին համայնքի համար, և միավորել էր տեղի բնակիչների, ինչպես նաև ԹԳՀԶԾ համայնքի ներկայացուցիչների։ Խորհրդանշական կարևորություն ունեցող այս իրադարձությունը ուղեկցվեց հայկական ազգային երաժշտությամբ և պարերով, ինչի համար հրավիրվել էր մանակական պարային անսամբլը։ Փռում ցուցադրված էին հայակական լավաշը, թարմ թխված հացը, գաթաների և հացաբուլկեղենի այլ տեսակներ՝ բոլորը պատրաստված բարձրորակ սարքավորումներով։ Այս հյուրընկալ մթնոլորտն ու հայկական ավանդական հացի յուրահատուկ մատուցումը արդեն իսկ գրավել են առաջին հաճախորդներին։

Աղախանյանների հացի փուռը տարածքում միակ նման արտադրամասը լինելուց բացի նաև մշակութային և համայնքային նշանակության ձեռնարկություն է, ինչի շնորհիվ պահպանվելու են հացի թխման ավանդույթները։ Փռի գործարկումից ստեղծվել են նաև երեք նոր աշխատատեղեր՝ նշանակալի ձեռքբերում փոքր համայնքի տնտեսական զարգացման համար։ Հատկանշական է, որ աշխատակցուհիներից երկուսը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են։

Բացման իր խոսքում Ժանետտա Աղախանյանը խորին երախտագիտություն հայտնեց ԹԳՀԶԾ-ին` իր ընտանիքի բիզնես նախաձեռնությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։ Աղախանյանը հատկապես ընդգծեց բիզնես կառավարման դասընթացից ստացված գիտելիքների կարևորությունն ու ԹԳՀԶԾ թիմի կողմից ստացած արժեքավոր մենթորինգը՝ ներկաներին նույնպես խրախուսելով ծրագիրը դիտարկել որպես արժեքավոր ռեսուրս՝ իրագործելու իրենց բիզնես գաղափարները։

Միջոցառման ժամանակ ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Վայոց ձորի ծրագրի ղեկավար Նարինե Բաբայանը ընդգծեցին, որ այս ձեռնարկությունը երկրորդն է Ելփին համայքնում, ինչը վկայում է, որ  ԹԳՀԶԾ-ն  նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղի փոքր տնտեսությունների համար, որոնց առջև բացվում են համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ, ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ խթանելով համայնքների զարգացումը Հայաստանի մարզերում։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։