
ԹԳՀԶԾ Վայքում հիմնադրել է ոսկերչական նոր արհեստանոց
ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան-Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել Վայոց ձորի Վայք քաղաքում ոսկերչական արհեստանոցի հիմանդրման մասին, ինչը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) աջակցությամբ: Համագործակցելով ՀԱՀ շարունակական կրթության բաժնի հետ՝ ԹԳՀԶԾ-ն առանցքային դեր է խաղում Հայաստանի մարզերում ձեռնարկատերերին աջակցելու, նոր ձեռնարկությունների հիմնադրման և աշխատատեղերի ստեղծման գործում:
Արտյոմ Համբարձումյանի ոսկերչական արհեստանոցի բացումը կարևոր իրադարձություն էր Վայք համայնքի և իր ընտանիքի համար։ Նախկինում արհեստավարժ ոսկերիչը չուներ ոսկյա զարդերի պատրաստման և վերանորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ և ստիպված էր նման դեպքերում ճանապարհորդել Երևան։ ԹԳՀԶԾ աջակցությամբ ձեռքբերված սարքավորման միջոցով Համբարձումյանը այլևս կարող է զարդերի վերանորոգումն իրականացնել իր արհեստանոցում և ընդլայնել արդյունաբերական ծավալները։ Հաճախորդներն այժմ կարող են պատվիրել իրենց նախընտրած նմուշի և տեղական արտադրության եզակի զարդերը՝ նոր շունչ բերելով համայնքում ոլորտի զարգացմանը :
Բացման արարողության իր խոսքում Արտյոմ Համաբարձումյանը շնորհակալություն հայտնեց ԹԳՀԶԾ կողմից իր ընտանեկան բիզնեսին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։ Իրենց հերթին ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Վայոց ձորի ծրագրի ղեկավար Նարինե Բաբայանը ընդգծեցին, որ նմանատիպ ձեռնարկություններին աջակցելով՝ ծրագիրը նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղի փոքր տնտեսությունների համար, որոնց առջև բացվում են համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ, ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ խթանելով համայնքների զարգացումը Հայաստանի մարզերում։
Կիրակոսյանը հավելեց, որ Համբարձումյանի արհեստանոցի բացումը, ինչպես նաև Վայոց ձորի մարզում տասնյակ այլ ձեռնարկությունների հիմնադրումը վկայում է վերջին շրջանում համայնքում ձեռներեցության ոգու բարձրացման մասին, ինչի շնորհիվ ստեղծվում է նաև ձեռնարկատերերի կուռ համայնք։
ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։




