Blog

, , ,

ԹԳՀԶԾ աջակցում է նոր բիզնեսի ստեղծմանը Գոշ համայնքում

ՏԱՎՈՒՇ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնել Տավուշի Գոշ համայնքում սուպերմարկետի հիմանդրման մասին, ինչը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) աջակցությամբ: Համագործակցելով ՀԱՀ շարունակական կրթության բաժնի հետ՝ ԹԳՀԶԾ-ն առանցքային դեր է խաղում Հայաստանի մարզերում ձեռնարկատերերին աջակցելու, նոր ձեռնարկությունների հիմնադրման և աշխատատեղերի ստեղծման գործում:

Անահիտ Հովհաննիսյանի՝ «Աշան» սուպերմարկետի բացումը Գոշում նշանակալից իրադարձություն էր համայնքի կյանքում։ Գտնվելով Գոշի վանական համալիր տանող բանուկ ճանապարհին մոտ՝ սուպերմարկետը տարածքում միակն է և կարևոր դեր կունենա թե՛ համայնքի և թե՛ զբոսաշրջիկների համար։ Սանիտարա-հիգիենիկ բարձր չափորոշիչներին համապատասխանող և գերազանց կահավորված սուպերմարկետում հաճախորդները կարող են գտնել մթերքների մեծ տեսականի և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ 

Հովհաննիսյանների ընտանիքը նպատակ ունի նաև այս ձեռնարկության միջոցով նպաստել Գոշ համայնքի և Տավուշի մարզի տնտեսական զարգացմանը։ Մասնավորապես՝ «Աշան» սուպերմարկետում ցուցադրվելու են տեղական արտադրողների ապրանքներ, ինչը կբարձրացնի վերջիններիս ճանաչելիությունը շուկայում: ԹԳՀԶԾ արդյունավետ ցանցի շնորհիվ հնարավորություններ կստեղծվեն նաև զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում գործունություն ծավալող շահառաների համար, որոնց հյուրատների թռուցիկները կբաժանվեն սուպերմարկետում։ 

Ձեռնարկության հանդիսավոր բացումը նույնպես այս պարտավորության վկայությունն էր: Բացի ԹԳՀԶԾ գործադիր թիմից և այլ շահառուներից, ներկա էին Գոշի համայնքի ներկայացուցիչներ և համագյուղացիներ: Բացման խոսքում Անահիտ Հովհաննիսյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց ծրագրի թիմին՝ ստացած գիտելիքների և աջակցության համար: Իրենց ելույթներում ԹԳՀԶԾ մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և Տավուշի թիմի ղեկավար Սոս Վարդումյանը ընդգծեցին, որ Հովհաննիսյանի սուպերմարկետի բացումը, ինչպես նաև Տավուշի մարզում տասնյակ այլ ձեռնարկությունների հիմնադրումը վկայում է վերջին շրջանում համայնքում ձեռներեցության ոգու բարձրացման մասին, ինչի շնորհիվ ստեղծվում է նաև ձեռնարկատերերի կուռ համայնք։ 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։