Blog

, , , ,

ԹԳՀԶԾ Վայոց ձորում հիմնել է կաշվեգործական նոր արհեստանոց

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում նոր բիզնեսի բացման մասին։ Վարդան Հարությունյանի այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի տեխնիկական և ֆինանսական աջակցության շնորհիվ։ Համագործակցելով ՀԱՀ շարունակական կրթության բաժնի հետ՝ ԹԳՀԶԾ շարունակում է մարզերում աջակցել ձեռներեցներին և հաջողությամբ հիմնել նոր ձեռնարկություններ և ստեղծել աշխատատեղեր։ 

Վարդան Հարությունյանի՝ կաշվի իրերի արհեստանոցը, միակն է Աղավնաձոր համայնքում և, այդպիսով, համայնքի զարգացման գործում կարևոր ներդրում է թե՛ շուկայում նոր որակի արտադրանք առաջարկելու և թե՛ նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից։Հարությունյանը «Մոկս» ապրանքանիշի ներքո սպառողին է առաջարկում ձեռագործ կաշվե իրերի լայն տեսականի՝ պայուսակներ, դրամապանակներ, գոտիներ և այլ կաշվե իրեր՝ նախատեսված կանանց և տղամարդկանց համար։ «Մոկս» անվանումը նույպես պատահական չէ և խորհրդանշում է շակառուի կապը պատմական Հայաստանի Վան նահանգի հետ։ 

Ձեռնարկության բացման արարողությունը ուրախալի իրադարձություն էր, որը միավորել էր Հարությունյանների ընտանիքը, ընկերներին և ԹԳՀԶԾ համայնքը։ Բացման իր խոսքում Հարությունյանը խորը երախտագիտություն հայտնեց ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին՝ իր բիզնեսի տեսլականը կյանքի կոչելու համար։ Շահառուն հատկապես ընդգծեց ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի կողմից իրականացրած ձեռներեցության դասընթացի տված հմտություններն ու արժեքավոր գիտելիքները և ԹԳՀԶԾ թիմի կողմից տրամադրված խորհրդատվական և ֆինանսական  աջակցությունը։ Այս աջակցությունը ոչ միայն օգնեց նրան ստեղծել բրենդինգի և վաճառքների ուժեղ ռազմավարություն, այլև հնարավորություն տվեց ձեռք բերել բարձրորակ արտադրական սարքավորումներ՝ բարելավելով իր արտադրանքի որակական հատկանիշները:

Հարկ է նշել, որ Հարությունյանը հաջողությամբ է մեկնարկել իր բիզնես նախաձեռնությունը։ Լավատեղյակ լինելով շուկայի թրենդներին՝ շահառուն իր ապրանքատեսակները ներկայացնում է նաև առցանց՝ կազմակերպելով օնլայն վաճառքներ։ Բացման արարողության ժամանակ Հարությունյանը արդեն իսկ ներկայացրել էր պատրաստի աշխատանքներ, ինչի շնորհիվ ԹԳՀԶԾ որոշ շահառուներ տեղում ձեռքբերեցին ցուցադրված ապրանքներից՝ ևս մեկ անգամ ընդգծելով ծրագրի արդյունավետությունը` համայնքում ձեռներեցությունը զարկ տալու և համագործակցության ոգին բարձրացնելու գործում։ 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։