
ԹԳՀԶԾ Վայոց ձորում հիմնել է երկու նոր բիզնես
ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնել Վայոց ձորում երկու նոր բիզնեսի բացման մասին։ Ձեռներեցներ Աշոտ Խաչատրյանը և Անահիտ Ղազարյանը այս ձեռքբերման համար իրենց երախտիքն են հայտնել ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին՝ ցուցաբերած տեխնիկական և ֆինանսական աջակցության համար։ Որպես ՀԱՀ շարունակական կրթության բաժնի մաս՝ ԹԳՀԶԾ շարունակում է մարզերում աջակցել ձեռներեցներին և հաջողությամբ հիմնել նոր ձեռնարկություններ և ստեղծել աշխատատեղեր։
Շատին համայնքում Աշոտ Խաչատրյանի հիմնած ավտոլվացման կետը իր մատուցած ծառայությունների որակով և բազմազանությամբ առաջինն է համայնքում։ Տեղակայված լինելով բանուկ միջպետական ճանապարհին կից՝ բիզնեսն աշխատում է 24/7 ռեժիմով՝ հաճախորդներին առաջարկելով ավտոլվացման, շարժիչի լվացման, անվադողերի վերանորոգման ծառայություններ։ Բիզնեսի մեկնարկից համայնքում արդեն իսկ ստեղծվել է մեկ նոր աշխատատեղ՝ բարենպաստ ազդեցություն ունենալով համայքի զարգացման գործում։
Բիզնեսի բացման իր խոսքում Խաչատրյանը խորը երախտագիտություն հայտնեց ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրին՝ իր բիզնեսի տեսլականը կյանքի կոչելու համար։ Շահառուն հատկապես ընդգծեց ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի կողմից իրականացրած ձեռներեցության դասընթացի տված հմտություններն ու արժեքավոր գիտելիքները և ԹԳՀԶԾ թիմի կողմից տրամադրված խորհրդատվական և ֆինանսական աջակցությունը։ Այս աջակցության շնորհիվ Խաչատրյանը հնարավորթւյուն է ստացել ձեռք բերել բարձրորակ սարքավորումներ՝ ստանալով մրցակցային առավելություն։
Հաջորդ հաջողության պատմությունը մարզի Չիվա համայնքից է, որտեղ ԹԳՀԶԾ շահառու Ահահիտ Ղազարյանը տոնեց իր հանգստի գոտու և հյուրատան բացումը։ Այս ձեռնարկությունը նոր շունչ է հաղորդում համայնքի կյանքում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և նպաստելով հյուրասիրության և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Ղազարյանը բացման իր ելույթում հավաստիացրեց, որ հյուրերը կստանան բարձրակարգ սպասարկում և հնարավորություն կունենան հանգստանալ գեղեցիկ դեղձի այգիներով շրջապատված հարմարավետ փայտյա տնակներում։
Բիզնեսի բացման արարաողությունը կարևոր իրադարձություն էր Ղազարյանի ընտանիքի, հարազատների և ԹԳՀԶԾ համայնքի համար։ Միջոցառման ընթացքում ԹԳՀԶԾ շահառուն խորին երախտագիտություն հայտնեց ծրագրի անձնակազմին՝ ցուցաբերած կայուն աջակցության և խորհրդատվության համար։ Ղազարյանը նաև ընդգծեց ՀԱՀ դասընթացին մասնակցելու շնորհիվ ձեռքբերած գիտելիքների կարևորությունը իր նոր բիզնեսի կառավարման գործում։
ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։










