Blog

, , , ,

Արենի գինու փառատոնին ԹԳՀԶԾ տոնում է հաջող գործունեության 18-րդ տարին

Վայոց ձոր, Հայաստան- Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի 15 շահառուներ մասնակցեցին Արենի գինու փառատոնին։ 16-րդ անգամ կազմակերպված միջոցառմանը ներկայացված բիզնեսները մարզի յուրահատուկ հյուրընկալության ավանդույթների և ոլորտում ԹԳՀԶԾ կարևոր ներդրման վկայությունն էին: Փառատոնի այցելուները հնարավորություն ստացան վայելել ազգային խոհանոցի և տեղական արտադրության համեղ սնունդ, ինչպես նաև գիշերակացը անցկացնել ԹԳՀԶԾ համահիմնադրած հյուրատներում։

Փառատոնին ակտիվ մասնակցություն ունեցան սննդի արտադրության և ռեստորանային բիզնեսում ներգրաված շահառուներ՝ մասնակիցներին առաջարկելով հայկական խոհանոցի համեղ ուտեստներ և մարզում արտադրված սնունդ՝ մեղր, մսամթերքը և պանիրներ։ Հյուրանոցային ոլորտում ընդգրկված շահառուները նույնպես ակտիվ ներգրավում ունեցան միջոցառմանը՝ մասնակիցներին տրամադրելով հարմարավետ գիշերակաց։ Հատկապես Արենի համայնքում, Անահիտ Ղազարյանը և Սիրանուշ Մանուկյանը, ԹԳՀԶԾ թիմին տեղեկացրին իրենց հյուրատանը սենյակների լիարժեք ամրագրված լինելու մասին։ Իսկ մասնակիցներից Արթուր Սիմոնյանը, ով փայտամշակման արտադրամաս է հիմնել Աղնջաձոր համայնքում, ընդգծեց այն կարևոր աջակցությունը, որը ստացել է ԹԳՀԶԾ անձնակազմից՝ բիզնեսի կայացման տարբեր փուլերում։

Արենի գինու փառատոնում ԹԳՀԶԾ շահառուների հաջողությունն ընդգծում է համայնքում և Վայոց ձորի մարզում ձեռներեցության ոլորտը զարկ տալու գործում ծրագրի ունեցած արժեքավոր ներդրումը։ Հիմնադրման օրվանից՝ 2015 թվականից, ԹԳՀԶԾ Վայոց ձորի մասնաճյուղը խթանում է մարզի տնտեսական զարգացմանը՝ հիմնելով ձեռնարկություններ և ստեղծելով նոր աշխատատեղեր։ Իսկ նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը նպաստում է նոր բիզնես կապերի ստեղծմանը՝ ընդլայնելով ծրագրի շահառուների շրջանակը։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը, լինելով ՀԱՀ Շարունակական կրթության ծրագիր,  տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։