Blog

, , , ,

ԹԳՀԶԾ հիմնել է պանրի նոր արտադրամաս Սիզավետում

ՇԻՐԱԿ, Հայաստան- Հայաստանի ամերիկյան համալսարանի  Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը հպարտությամբ հայտնում է Շիրակում Ռուդիկ Բեռնեցյանի կողմից պանրի արտադրամասի հիմնադրման մասին։ Աշոցքի Սիզավետ գյուղում այս բիզնեսը ազդարարում է համայնքում նոր հնարավորությունների մասին` հզորացնելով տեղի բնակիչներին և նոր շունչ հաղորդելով տնտեսությանը։ ՀԱՀ Շարունակական կրթության Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը շարունակում է առանցքային դեր խաղալ ձեռներեցներին աջակցելու գործում՝ խթանելով մարզային համայքներում նոր ձեռնարկությունների և աշխատանքի հնարավորությունների ստեղծումը։ 

Բեռնեցյանի պանրի արտադրամասը հատկապես նպաստում է շուրջ 300 բնակիչ ունեցող Սիզավետի և շրջակա համայնքի զարգացմանը։ Բիզնեսի գործարկումից արդեն ստեղծվել է երեք աշխատատեղ, ավելին՝ Սիզավետի, Բավրայի և Թավշուտի 42 ընտանիք ամեն օր թարմ կաթ է տրամադրում բիզնեսին՝ ունենալով կայուն եկամտի աղբյուր։ Շնորհիվ ԹԳՀԶԾ ֆինանսավորման՝ Բեռնեցյանի արտադրամասը կահավորվել է նաև կաթի պաստերիզացման սարքով՝ սպառողներին առաջարկելով անվտանգ և բարձր չափանիշների համապատասխանող սնունդ։ Այս պահին արտադրվում են լոռի և չանախ տեսակի պանիրներ, կարագ, ռեժան, թթվասեր և այլ կաթնամթերքի տեսականի, ինչը բավարարում է տեղական պահանջարկը։ Սակայն արտադրամասը ոչ միայն նպատակ ունի բավարարել տեղի համայնքի կարիքները, այլև ընդլայնվել ողջ Շիրակի մարզում՝ տնտեսության վրա թողնելով դրական ազդեցություն։ 

Բիզնեսի բացման ժամանակ Բեռնեցյանը իր խորին երախտագիտությունը հայտնեց ՀԱՀ-ին՝ ընդգծելով այն կարևոր դերը, որը ԹԳՀԶԾ ունեցել է իր ձեռնարկատիրական տեսլականը կյանքի կոչելու գործում: Նա հատկապես կարևորեց այն հմտությունները, որոնք ձեռք է բերել բիզնեսի կառավարման ոլորտում՝ ՀԱՀ Շարունակական կրթության ձեռնարկատիրական դասընթացին մասնակցելով, ինչպես նաև՝ ԹԳՀԶԾ-ի անձնակազմի կողմից տրամադրվող շարունակական խորհրդատվությունն ու աջակցությունը, որի շնորհիվ մշակել է յուրահատուկ բիզնես ծրագիր և համապատասխանեցրել իր արտադրամասը բարձր սանիտարա-հիգիենիկ ստանդարտների։

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին: Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։