Blog

, , ,

Հանգստի գոտի, Արցախ, Թրփանճեան ծրագրի ձեռնարկատեր Վահիկ Գրիգորյան

 Արցախի Ասկերան շրջանի Աստղաշեն գյուղի բնակիչ, ձեռնարկատեր Վահիկ Գրիգորյանը, իմանալով Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին, որոշում է դիմել ծրագրին և իր բիզնեսը հիմնել  իր հայրենի Աստղաշեն համայնքում: Պրն. Գրիգորյանը ծրագրին դիմելիս արդեն իսկ 15 տարվա փորձ ուներ ձեռնարկատիրության ոլորտում, սակայն բիզնես կրթություն երբևէ չէր ստացել և որևէ դասընթացների չէր մասնակցել: Հաջողությամբ ավարտելով ծրագրի ձեռնարկատիրական դասընթացները և ներկայացնելով հանգստի գոտի հիմնելու իր բիզնես ծրագիրը` պրն. Գրիգորյանը ստանում է ծրագրի կողմից տրվող ֆինանսական աջակցությունը և հիմնում իր բիզնեսը: Պրն. Գրիգորյանը խոստովանում է, որ ձեռնարկատիրական դասընթացների արդյունքում նա շատ գիտելիք և հմտություններ ձեռք բերեց, ինչն օգնեց ավելի մասնագիտորեն մոտենալ իր բոլոր գաղափարներին: Դասընթացները օգնեցին պրն. Գրիգորյանին պլանավորել և հաջողությամբ ի կատար ածել իր բիզնես ծրագիրը և կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությունը. հասկանալ՝ ինչպես գրագետ վարել բիզնեսը, ինչ ներդրումներ անել, և երբ սպասել օգուտներին: Պրն. Գրիգորյանը երկու անգամ է դիմել Թրփանճեան ծրագրին և երկու բիզնես վարկ ստացել` առաջինը հանգստի գոտի հիմնելու, իսկ երկրորդը ձկնաբուծության բիզնես սկսելու համար:

Մինչ ծրագրին դիմելը պրն. Գրիգորյանը բիզնեսը վարելիս անհրաժեշտ ուշադրություն չէր դարձնում մարքեթինգին և ծառայությունների մատուցման որակին, սակայն դասընթացների արդյունքում նա հասկացավ, որ շուկայում մրցունակ լինելու համար պետք է մատուցել բարձորակ ծառայություններ և մշտապես մշակել և իրականացնել մարքեթինգային ռազմավարություն ծառայությունները ավելի գրավիչ դարձնելու համար:

Պրն. Գրիգորյանը նշում է. «Ես իմ բիզնեսում շատ հաջողությունների եմ հասել և անչափ երախտապարտ եմ Թրփանճեան ծրագրին ինձ աջակցելու համար»:

Ձեռնարկատերը նշեց նաև, որ իր բիզնեսը հիմնադրումից ի վեր միշտ զարգացել և ընդլայնվել է՝ տարեցտարի ավելացնելով ծառայությունները և հաճախորդների քանակը: Այս գործընթացում բացառություն է կազմել 2016թ.-ը, երբ այցելուների քանակը նվազել է: Այս փաստը պրն. Գրիգորյանը բացատրում է ապրիլ-մայիս ամիսներին Արցախում տիրող պատերազմական վիճակով: Իր հաջողության գրավականներից մեկն էլ, ըստ պրն. Գրիգորյանի, այն է, որ տարածաշրջան այցելուները նախընտրում են իր հանգստի գոտուց օգտվել, չնայած, որ շրջանում ևս մի քանի հանգստի գոտիներ կան: Աստղաշենի հանգստի գոտու այցելուները հիմնականում Հայաստանի տարբեր շրջաններից, Լեռնային Ղարաբաղից են, փոքր թվով այցելուներ լինում են նաև արտերկրից: Վահիկ Գրիգորյանի հանգստի գոտին մյուսներից տարբերվում է նրանով, որ իր և հյուրերի միջև փոխվստահության մթնոլորտ է ստեղծում. այն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին և ունի ճկուն գնային համակարգ:

Ձեռնարկատերը ցանկանում է ընդլայնել իր բիզնեսը և բիզնեսին կից հիմնել հարսանյաց սրահ և քոթեջներ, որպեսզի կարողանա աշխատել նաև աշնանը և ձմռանը:

Պրն. Գրիգորյանը, գիտակցելով հասարակության առջև իր պատասխանատվությունը ժամանակ առ ժամանակ մասնակցում է բարեգործական միջոցառումների: Իր բիզնեսի եկամուտներից պրն. Գրիգորյանը նվիրաբերել է գյուղում պատերազմի հերոսների հիշատակին կառուցվող հուշարձանի համար: Նա նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում պատերազմի  զոհերի ընտանիքներին:

Ըստ պրն. Գրիգորյանի՝ իր բիզնեսը հետագայում ավելի զգալի ազդեցություն է ունենալու շրջանի և համայնքի զարգացման գործում: