Ծրագրի Առաքելությունը
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության, ինչպես նաև Ջավախքի (Վրաստան) համայնքների բնակիչներին տրամադրում է կրթական և տնտեսական հնարավորություններ գյուղական համայնքների զարգացումը խրախուսելու, աշխատատեղեր ստեղծելու և համայնքներում կյանքը բարելավելու համար:
Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ համայնքների մի շարք բնակիչներ հիմնել են տարատեսակ բիզնես ձեռնարկություններ՝ ավտոտեխսպասարկման կենտրոններ, հացի, պանրի արտադրամասեր, մանրածախ առևտրի կենտրոններ և այլն: Ծրագիրը իր դրական ազդեցությունն է ունենում ոչ միայն համայնքների տնտեսական զարգացման վրա, այլև գյուղական համայնքների բնակիչների աշխարհայացքի փոփոխության գործում:
Ինչպես սկսվեց ամեն ինչ
2006թ.-ին երկար տարիների փորձ ունեցող բարեգործ և միջազգային բարերար Ջերալդ Թրփանճեանը 5 մլն. ԱՄՆ դոլար նվիրաբերեց Հայաստանի ամերիկյան համալսարանին (ՀԱՀ) գյուղական համայնքներում տնտեսական զարգացումը խրախուսելու համար: Արդյունքում ստեղծվեց Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը համայնքների առկա և ապագա գործարարներին կրթություն և աջակցություն տրամադրելու համար:
ՀԱՀ աշխատակազմից և դասախոսական կազմից ձևավորվեց Ծրագրի գործադիր խորհուրդը ՀԱՀ նախկին պատվավոր նախագահ դոկտոր Հարություն Արմենյանի գլխավորությամբ: Խորհուրդը աստիճանաբար մշակեց համայնքների ձեռնարկատերերին տրամադրվող դասընթացների, ֆինանսական և խորհրդատվական աջակցության ընթացիկ մոտեցումը: Ծրագրի գրասենյակներ բացվեցին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում: Ծրագրի առաջին գրասենյակը հիմնադրվեց Գյումրիում, Շիրակի մարզ 2006թ.-ին: 2007թ.-ին Ծրագիրը արդեն գրասենյակներ ուներ Ստեփանակերտում, ԼՂՀ, և Իջևանում, Տավուշի մարզ: 2010թ.-ի հունիսին Ծրագիրը իր գրասենյակն է բացել Ջավախքում, Վրաստանի Հանրապետություն: 2015թ.-ին Թրփանճեան ծրագրի գրասենյակն է բացվել նաև Եղեգնաձորում, Վայոց Ձորի մարզ: Ծրագիրը սկզբնական շրջանում նաև դրամաշնորհներ է տրամադրել ԼՂՀ-ում զբոսաշրջությունը խթանելու համար:
Ծրագիրը
Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ծրագիր Հայաստանում եզակի է: Ծրագիրը կրթություն, ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրում իր շահառուներին:
ՀԱՀ հատուկ դասընթացների բաժինը համալսարանի Բիզնես և կառավարում ֆակուլտետի աջակցությամբ ստեղծել է ընթացիկ դասընթացը, որը ֆինանսական կառավարման, մարքեթինգային, ինչպես նաև բիզնես ծրագիր կազմելու գիտելիքներ և հմտություններ է տալիս Ծրագրի շահառուներին: Դասընթացի ավարտին շահառուները կազմում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը: Այս դասընթացները մեկ հարկի տակ համախմբում են ընդհանուր հետաքրքրություններ և նպատակներ ունեցող շահառուների՝ նրանց համար ստեղծելով կապեր հաստատելու հնարավորություններ և նպաստելով համայնքային պատկանելիության գիտակցության ձևավորմանը: ՀԱՀ-Թրփանճեան ծրագրի գոյությունը և դրա շահառուների կողմից ստեղծված ձեռնարկությունների գրանցած հաջողությունները զգալիորեն նպաստում են գյուղերի բնակիչների շրջանում լավատեսական մոտեցման ամրապնդմանը:
Գործարարության ոլորտում գործնական կրթությունից զատ, ծրագրի շահառուներին առաջարկվում է նաև ֆինանսական աջակցություն՝ բանկերից վարկեր ստանալու հարցում: Գյուղական համայնքների բնակիչների համար վարկ ձեռք բերելը հատկապես դժվար է, քանի որ տոկոսադրույքը հիմնականում չափազանց բարձր է՝ 20-ից 40%: ՀԱՀ-Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի երաշխավորման շնորհիվ՝ շահառուները կարողանում են ծրագրի գործընկեր բանկերից վարկ ստանալ ընդամենը 6% դրույքով:
Վարկը ստանալուց հետո ևս, ծրագրի համայնքային գրասենյակների մասնագետները շարունակում են խորհրդատվությամբ ուղղորդել շահառուներին և շարունակաբար մշտադիտարկել ձեռնարկությունների գործունեությունը՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցություն:
Մեր Թիմը