Ավտոտեխսպասարկման կենտրոն և չորս նոր աշխատատեղ Տավուշի մարզում
Փետրվարի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շահառու պրն. Մասիս Պետրոսյանի ավտոտեխսպասարկման և ավտոլվացման կենտրոնի պաշտոնական բացումը: Ժապավեն կտրելու հանդիսվոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր Այրումից և հարակից համայնքներից:
Ավտոտեխսպասարկման կենտրոնը ներկայացնելիս պրն. Պետրոսյանն իր շնորհակալությունը հայտնեց Թրփանճեան ծրագրի թիմին իրենց քրտնաջան աշխատանքի և աջակցության համար: Ծրագրի շնորհիվ պրն. Պետրոսյանը ձեռք բերեց ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ, ստացավ անհրաժեշտ բիզնես վարկը և հիմնեց իր բիզնեսը:
Նորաբաց կենտրոնը հագեցած է բարձրորակ տեխնիկական սարքավորումներով, որոնք թույլ կտան ապահովել մատուցվող ծառայությունների պատշաճ որակը: Բիզնեսը չորս նոր աշխատատեղ է ստեղծել Այրումում: