Blog

,

Թրփանճեան ծրագիրն աջակցեց խաղալիքների պատրաստման բիզնեսի բացմանը Վայոց ձորի Ռինդ համայնքում

ՌԻՆԴ, Հայաստան – 2019թ.-ի փետրվարի 4-ին Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում տեղի ունեցավ խաղալիքների պատրաստման բիզնեսի պաշտոնական բացումը: Երիտասարդ ձեռնարկատեր Դավիթ Խաչատրյանի բիզնես գաղափարն իրականություն դարձավ՝  շնորհիվ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ):

Բացման արարողությանը ներկա էին շատ հյուրեր՝ այդ թվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները, ովքեր, ոգևորվելով Դավիթի բիզնես հաջողությամբ, ցանկացան դիմել ծրագրին իրենց իսկ բիզնես գաղափարներով:

Դավիթը դիմել էր Թրփանճեան ծրագրին 2017թ.-ին իր փայտե խաղալիքների պատրաստման բիզնես գաղափարով: Ծրագրի դասընթացների փուլը հաջողությամբ ավարտելուց հետո Դավիթի  գաղափարը հաստատվել է Թրփանճեան ծրագրի կողմից և ստացել ֆինանսական աջակցություն: Ծրագրի շնորհիվ՝ Դավիթը կարողացավ հայրենի համայնքում բացել փայտե խաղալիքների պատրաստման իր արհեստանոցը, ինչի արդյունքում Ռինդում ստեղծվեց ևս երեք աշխատատեղ:

Դավիթի բիզնես գաղափարը ծնվել էր մոտ երեք տարի առաջ, երբ նա աշխատում էր Ռուսաստանի խաղալիքների արտադրամասերից մեկում: Այնտեղ, ձեռք բերելով փայտագործության անհրաժեշտ հմտությունները, Դավիթը որոշեց վերադառնալ Հայաստան և հայրենի գյուղում հիմնել իր սեփական արհեստանոցը: Թրփանճեան ծրագրի Եղեգնաձորի թիմի աջակցությամբ նա 2018թ.-ին զրոյից սկսեց կառուցել իր արհեստանոցը, այնուհետև գնեց մի շարք սարքավորումներ արտադրությունը սկսելու համար:

Դավիթը խաղալիքները պատրաստում է միայն փայտից: Նրա կարգախոսն է «Անվտանգ արտադրանք առողջ երեխաների համար»: Դավիթի բիզնեսը արտադրելու է բարձրորակ խաղալիքներ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայի համար: Ներկայում Դավիթն ուսումնասիրում է ռուսական շուկան՝ հետագայում արտադրանքն այնտեղ իրացնելու նպատակով:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: