Blog

,

Թրփանճեան ծրագիրն աջակցեց անձեռոցիկի արտադրման բիզնեսի բացմանը Ջավախքում, Վրաստան

ՀԵՇՏԻԱ, Վրաստան – 2019թ-ի փետրվարի 11-ին տեղի ունեցավ երիտասարդ կին գործարար Նաիրա Հովհաննիսյանի անձեռոցիկի արտադրման բիզնեսի պաշտոնական բացումը Ջավախքի Հեշտիա համայնքում: Նրա բիզնես գաղափարն իրականություն դարձավ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) աջակցությամբ:

Վրաստանի Նինոծմինդայի շրջանից բազմաթիվ հյուրեր էին ներկա բացման արարողությանը՝ այդ թվում լրագրողներ, պետական պաշտոնյաներ, Թրփանճեան ծրագրի աշխատակիցներ և այլ շահառուներ: Տեղական լրատվամիջոցներ «Նոր» ռադիոն և «Փարվանա» հեռուստաընկերությունը հեռարձակեցին բացման արարողությունը:

Նաիրան դիմել էր Թրփանճեան ծրագրին 2017թ.-ին, հաջողությամբ ավարտել էր ծրագրի կողմից տրամադրվող բիզնես դասընթացները, ստացել ֆինանսական աջակցություն և սկսել իր նոր բիզնեսի կառուցումը: Նաիրայի մեծ ջանքերի և նպատակասլացության, ինչպես նաև Թրփանճեան ծրագրի կողմից տրամադրվող օգնության և խորհրդատվությունների շնորհիվ Նաիրայի երազանքն ի կատար ածվեց:

Այժմ նա կարողանում է արտադրել բարձրորակ և գեղեցիկ փաթեթավորված «Ընտանեկան անձեռոցիկ» և վաճառել այն ոչ միայն Նինոծմինդայում, այլև Վրաստանի այլ շրջաններում:

Թրփանճեան ծրագրի շրջանակներում Նաիրայի բիզնեսի և ծրագրի այլ շահառուների բիզնեսների միջև ստեղծվեցին կապեր հետագա համագործակցության համար: Անձեռոցիկի արտադրամասը երեք նոր աշխատատեղ է ստեղծել Հեշտիա համայնքում :

[Parvana TV] Հեշտիա գյուղում բացվեց անձեռոցիկների արտադրամաս

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրն աջակցում է Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Ծրագիրը շարունակում է դիմումների ընդունումը: