Blog

,

Գայանե Հովսեփյանի միջոցառումների սրահի բացումը Ջավախքում, Վրաստան

Փետրվար 5, 2015

2015թ.-ի հունվարի 20-ին տկն. Հովսեփյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան ծրագրի հետ համատեղ Ջավախքի տարածաշրջանի Հեշտիա գյուղում իրականացրել է իր միջոցառումների սրահի բացման հանդիսավոր արարողությունը:

Կարո՞ղ եք կռահել, թե ով է արժանացել կարմիր ժապավենը կտրելու և առաջինը սրահ ոտք դնելու պատվին. Դե իհա՛րկե, հարսը և փեսան:

Բացման արարողությունից անմիջապես հետո տկն. Հովսեփյանի սրահում տեղի ունեցավ առաջին հարսանեկան խնջույքը: 400 մարդ էր եկել հանդիսավորությանը, այդ թվում հյուրեր Հեշտիա և շրջակա համայնքներից, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թրփանճեան ծրագրի Ջավախքի այլ շահառուներ: Տկն. Հովսեփյանի սրահի բացումը հաղորդակցման և կապեր հաստատելու մի հիանալի հնարավորություն էր ծրագրի շահառուների համար:

Տկն. Հովսեփյանի բիզնես գաղափարը իրականություն դարձավ ինչպես իր, այնպես էլ Թրփանճեան ծրագրի թիմի հսկայական ջանքերի շնորհիվ: Ծրագրի օգնությամբ տկն. Հովսեփյանը ավարտեց շինարարական աշխատանքները և գնեց իր սրահի համար անհրաժեշտ սարքավորումներ, կահույք և այլ պարագաներ: Այս հանդիսությունների սրահը նախատեսված է տարատեսակ միջոցառումների համար՝ հարսանեկան, ծննդյան արարողություններ, ավարտական, ինչպես նաև այլ կորպորատիվ միջոցառումներ: Տկն. Հովսեփյանի բիզնեսը աշխատատեղով է ապահովել իր համայնքի յոթ բնակչի:

Քանի որ տկն. Հովսեթյանի միջոցառումների սրահը գտնվում է Հեշտիա համայնքի կենտրոնում, համայնքի եկեղեցու հարևանությամբ, նրա ծառայություններից օգտվում են ոչ միայն Հեշտիա, այլև Ղաուրմա, Ուչմանա և Տորիա համայնքների բնակիչները: Տկն. Հովսեփյանի սրահը արդեն պատվիրված է 2015թ.-ի հունվարի  22-ի, 23-ի, 24-ի և 31-ի համար: