Blog

, , ,

ՀԱՀ Թրփանճեան ծրագրի աջակցությամբ Վայոց ձորում բացվել է պանրի և գինու համտեսի սրահ

ՎԱՅՈՑ ՁՈՐ, Հայաստան — Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտնելու «Արթչիզ» գինու և պանրի համտեսի սրահի հաջող մեկնարկի մասին։ Վայոց ձորի գեղատեսիլ Ելփին գյուղում գտնվող այս սրահի բացումը հնարավոր է դարձել Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ) կայուն աջակցության շնորհիվ։

Լիդա Մկրտչյանին և նրա ընտանիքին պատկանող «Արթչիզ»-ը հրաշալի վայր է հատկապես գինու և պանրի սիրահարների համար։ Այստեղ այցելուները կարող են համտեսել Վայոց ձորում պատրաստված համեղ գինիներ և տեղական պանիրներ՝ հայկական «Լոռի» տեսակից մինչև հոլանդական գաուդա և նույնիսկ եգիպտական ​​սորտեր։ Սրահում ներկայացված են նաև տեղական այլ արտադրանքներ՝ զովացուցիչ ըմպելիքներից մինչև անզուգական մեղր և քաղցրահամ մրգեր։

Բացման արարողության իրենց ելույթում տիկին Լիդան և իր ամուսինը՝ Արթուրը, շեշտեցին այն վճռորոշ դերը, որն ունեցել է ԹԳՀԶԾ-ն և ծրագրի Վայոց ձորի անձնակազմը՝ բիզնեսի մեկնարկի յուրաքանչյուր փուլում: Իրենց հերթին, ծրագրի մարզային գործունեությունը համակարգող տնօրեն Զորայր Կիրակոսյանը և ծրագրի Վայոց ձորի ղեկավար Նարինե Բաբայանը շեշտեցին բիզնեսի կարևորությունը տեղական տնտեսությունը զարգացնելու գործում։  Այսպիսի ձեռնարկատերերին աջակցելով՝ ԹԳՀԶԾ-ն նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղի փոքր տնտեսությունների համար, որոնք այսուհետ կարող են իրենց պրոդուկտները ներկայացնել «Արթչիզ» սրահում։  

«Արթչիզ»-ի բացման արարողության ուշագրավ փաստերից էր նաև ԹԳՀԶԾ Վայոց ձորի այլ շահառուների ակտիվ ներգրավվածությունը կազմակերպչական աշխատանքներին: Այսպիսով, 2015 թվականին իր հիմնադրման օրվանից ի վեր, ԹԳՀԶԾ Վայոց Ձորը հավատարիմ է տարածաշրջանում ձեռնարկատիրության զարգացման և համայնքում համագործակցության հնարավորությունների խթանման իր առաքելությանը։

 

ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը տրամադրում է կրթություն, ֆինանսավորում և խորհրդատվություն Հայաստանի Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզերի գյուղական համայնքներում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում (Վրաստան) գործող և սկսնակ բիզնեսներին:

Համայնքների ցանկին և համապատասխանության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Ծրագիրը շարունակում է ուսուցման հերթական փուլի հայտերի ընդունումը։